ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական եկամուտների հավաքագրմանխնդիրների հետ կապված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր պետական եկամուտների հավաքագրման խնդիրների հետ կապված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանրապետության վարչապետի, ýինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարների, կենտրոնական բանկի նախագահի, հարկային պետական ծառայության, մաքսային պետական կոմիտեի ղեկավարների, շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նշելով, որ տարեվերջին սովորաբար ամփոփվում է կատարվածը եւ ուրվագծվում են հաջորդ տարվա հիմնական անելիքներն ու ծրագրերը, նախագահն ասել է, որ դրանց իրականացումը մեծապես պայմանավորված է հարկային եւ մաքսային կառույցների աշխատանքով: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` հաջորդ տարի նախատեսվում է եկամուտների լուրջ ավելացում, ուստի պետք է վստահ լինել, որ բարեփոխումները շարունակվելու են, իսկ պլանավորված աշխատանքը կատարվելու է որակով եւ ամբողջ ծավալով: Նախագահի խոսքով, վերջին մեկ-երկու տարիներին թեեւ հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, սակայն այն դեռեւս հեռու է բավարար լինելուց: Նշելով, որ տարբեր հարկատեսակների գծով ներկայումս ստացվող եկամուտները չեն համապատասխանում առկա ներուժին, Ռոբերտ Քոչարյանը պահանջել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել հարկային քաղաքականության մեջ առկա սողանցքների վերացմանը, տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար հավասար դաշտի ապահովմանը: Երկրի ղեկավարն ասել է, որ հաջորդ տարի շատ ավելի պահանջկոտ է լինելու եւ ակնկալում է աշխատանքի որակական փոփոխություն: Ըստ նախագահի` լավ աշխատանքը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնել եկամուտների հավաքագրումը, ինչն իր հերթին կօգնի ավելի շատ ծրագրեր իրականացնել եւ ավելի շատ խնդիրներ լուծել: