Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չ. Լոնսդեյլը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ եւ վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների առավել խորացմանը: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Հայաստանը հետաքրքրված է Մեծ Բրիտանիայի հետ ինչպես երկկողմ կապերի զարգացմամբ, այնպես էլ` մեր երկրի եվրաինտեգրացման գործընթացի շրջանակում համագործակցության ծավալմամբ: Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության ծրագրային օժանդակությունը կառավարման համակարգի բարեփոխումներին, ինչպես նաեւ ընդգծել է Բրիտանական խորհրդի ակտիվ գործունեությունը: Խոսելով տնտեսական գործակցության մասին` երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանում թեեւ բրիտանական ներդրումներ կան, սակայն չօգտագործված հնարավորությունները դեռեւս շատ ավելին են եւ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ: Նա կարեւորել է տնտեսական գործակցության խթանման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում