ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Հռոմի Պապի պետական քարտուղար կարդինալ Տ. Բեռտոնեին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Նորին սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բեռտոնեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը ողջունել է կարդինալին եւ նրա այցը գնահատել Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ հաստատված բարձր մակարդակի փոխգործակցության եւս մեկ վկայություն: Հետադարձ հայացք ձգելով երկկողմ հարաբերություններին` ՀՀ նախագահը հիշատակել է 2001թ-ին Նորին Սրբություն Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի այցը մեր երկիր, իր երկու այցերը Սուրբ Աթոռ, ինչպես նաեւ տարիներ առաջ Վատիկանում բացված «Հռոմ-Հայաստանե ցուցահանդեսը: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանում հիշում եւ գնահատում են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սուրբ Աթոռի ջանքերը, Վատիկանում Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի տեղադրումը եւ վերջերս նրա անունը կրող հրապարակի բացումը: Երկրի ղեկավարն ընդգծել է նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը: Կարդինալ Տարչիզիո Բեռտոնեի խոսքով, կաթոլիկ եկեղեցին իր հիմնական եւ կարեւորագույն առաքելությունն է համարում քաջալերել տարբեր եկեղեցիների, տարբեր ազգերի ու պետությունների միջեւ խաղաղությունն ու միասնությունը: