Հույս ունենք՝ 2027–ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն. ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստ

12 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը:

Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել խորհրդի անդամներին, նշել, որ նման ձևաչափով նիստ վաղուց տեղի չէր ունեցել և շնորհակալություն հայտնել այս ընթացքում ցուցաբերած աջակցության և պատրաստակամության համար։

«Բացելով Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը՝ ցանկանում եմ կարևորել այս ձևաչափով աշխատանքը, որովհետև այն ուղղված է հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանը և հուսալի ու անվտանգ շահագործմանն ուղղված մեր անելիքներին։ Մեր միջազգային գործընկերները բավական երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությանն ուղեկցում են այս կարևոր առաքելության մեջ, և մենք շատ բարձր ենք գնահատում նրանց աջակցությունը։

Ինչպես տեղյակ եք, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, և Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման համաձայն, այն երկարացվել է 10 տարով։ Այս ուղղությամբ կատարվել են բազմաթիվ տեխնիկական միջոցառումներ՝ նախապես պլանավորված ցանկի համաձայն, որն իրականացվել է ամբողջությամբ։

ՀԱԷԿ-ն առանձնահատուկ դեր ունի Հայաստանում անընդհատ էլեկտրաէներգիայի մատակարարման գործում՝ դրանով իսկ նպաստելով մեր երկրի էներգետիկ անվտանգությանը։ Դրանով պայմանավորված և ելնելով ատոմակայանների շահագործման ժամկետների երկարաձգման միջազգային փորձից՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշել է հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել երկրորդ անգամ՝ 2026 թվականից մինչև 2036 թվական՝ իրականացնելով պահանջված տեխնիկական միջոցառումների մի ամբողջ շարք, որի համար Կառավարությունը 2023 թվականի թիվ 395 Ա և թիվ 1597 Ա որոշումների հիման վրա Հայաստանի պետական բյուջեից հատկացրել է 160 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Աշխատանքների մոտ 60%-ն արդեն կատարված է, իսկ մնացած մասը գտնվում է կատարման գործընթացում։

Խիստ արդիական և օրակարգային է Հայաստանի Հանրապետությունում ունենալ նոր միջուկային էներգաբլոկ, որը կփոխարինի գործող էներգաբլոկին շահագործումից դուրս բերելուց հետո։ Դա միակ ճանապարհն է, որով մենք ապագայում ապահոված կլինենք մեր երկրի էներգետիկ անվտանգությունը։ Նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ տարվում են աշխատանքներ, և հույս ունենք, որ 2027 թվականին այդ հարցում կունենանք որոշակիություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են մեջբերված ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Հաջորդիվ՝ ելույթով հանդես է եկել խորհրդի նախագահ Միրոսլավ Լիպարը: Վերջինս ընդգծել է ՀՀ վարչապետի մասնակցությունը նիստի աշխատանքներին՝ որպես ատոմային էներգետիկայի և անվտանգության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության Կառավարության հանձնառության կարևոր արձանագրում: Խորհրդի նախագահի խոսքով, սա ինքնին արժեքավոր հնարավորություն է ուղիղ և թափանցիկ ձևով կարծիքներ և տեսակետներ փոխանակել Հայաստանի Հանրապետության Կառավարության, միջուկային անվտանգության ոլորտի, ատոմային անվտանգության մարմինների, անկախ միջազգային փորձագետների միջև:

Միրոսլավ Լիպարն ընդգծել է, որ խորհրդի բոլոր անդամները մշտապես արձանագրել են այս գործունեությունը շարունակելու իրենց կարողությունը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ընդհանուր պատրաստակամությունը՝ ապահովելու Հայաստանի ատոմակայանի անվտանգ գործունեությունը.

«Իհարկե, մենք էլ պատրաստ ենք Հայաստանին լավագույնս աջակցել այս ճանապարհին։ Պարզապես պետք է ասեմ՝ սիրում ենք Հայաստանը, սիրում ենք հայ ժողովրդին։ Ես այսօրվա հանդիպումը համարում եմ նոր գլխի բացում մեր հարաբերություններում, այդ թվում՝ անվտանգության խորհրդի հետ: Անվտանգության խորհուրդն ունի համագործակցության երկար պատմություն, ունի նաև համապատասխան կարողություններ»:

Խորհրդի նախագահը նշել է, որ իրենց առաքելությունն առաջին հերթին վերաբերելու է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը միջուկային էներգետիկայի և անվտանգության տիրույթում բարձր մակարդակի խորհրդատվության տրամադրմանը.

«Այսօրվա առաքելությունը, առաջին հերթին, ավելի ակտուալ է դառնում և կարևոր, մասնավորապես, խորհրդի աշխատանքի հետագա փուլերում, քանզի Հայաստանը բախվում է հիմնարար մի որոշման կայացման անհրաժեշտության՝ վերջինիս ատոմային էներգետիկայի ծրագրի դիտանկյունից: Այսինքն՝ առաջին հերթին, պետք է ապահովել գոյություն ունեցող ատոմակայանի անվտանգ գործունեությունը, այդ թվում՝ պետք է շարունակել անվտանգային միջոցառումների իրականացումը երկարաժամկետ գործառնական ծրագրերով: Մյուս կողմից՝ Հայաստանը պատրաստվում է կարևոր որոշում կայացնել՝ նոր ատոմակայանի հետ կապված: Այս որոշումները վստահաբար ձևավորելու են երկրի էներգետիկ ապագան գալիք տասնամյակներում: Նման որոշումը պահանջում է ոչ միայն քաղաքական պատասխանատվություն, տնտեսական վերլուծություն, այլև բոլոր համապատասխան տեխնիկական և միջուկային անվտանգության հայեցակերպերի համակարգային գնահատում»:

Շարունակելով՝ Միրոսլավ Լիպարը նաև ընդգծել է, որ իրենց նպատակն ավելի ընդարձակ, ռազմավարական հեռանկարի ձևավորումն է՝ հաշվի առնելով միջազգային փորձը, պոտենցիալ ռիսկերի գնահատումը և միաժամանակ նաև անկախ փորձագիտական կարողությունների ձևավորումն ու կարողությունների տրամադրումը.

«Այս տեսանկյունից ես առաջարկում եմ, որ խորհուրդը գալիք ժամանակահատվածում ուշադրություն դարձնի չորս հիմնական առաջնահերթ ուղղություններին: Առաջին ուղղությունը, իհարկե, ատոմակայանի անվտանգ երկարատև գործունեությունն է՝ համապատասխան անվտանգային միջոցառումների իրականացմամբ: Այսինքն՝ խոսքս վերաբերում է մասնավորապես այն փաստին, որ առանձին հատվածներ կարող են մաշվել, և այդ մաշվածության տիրույթում անվտանգային նորմերի գործարկումը պետք է խստացվի: Իհարկե, երկրորդը՝ նոր միջուկային անվտանգության ծրագրի նախաձեռնությունը և տեխնոլոգիաների ներարկումն է ռազմավարական որոշումների կայացման գործընթացում: Այս ամենը պետք է հենված լինի, իհարկե, անվտանգության, տեխնոլոգիական հասունության, տնտեսական գործելիության գնահատման վրա։ Խոսքս վերաբերում է նաև ծրագրի իրականացման ընթացիկ ռիսկերի գնահատմանը, անվտանգության ապահովմանը և հարատև կայունությանը։ Երրորդը՝ ատոմային ենթակառուցվածքը, փորձագիտական կարողությունը, մարդկային ռեսուրսները, փորձը ցույց են տալիս, որ առաջադեմ տեխնոլոգիաներն առանձին կամ անկախ չեն կարող երաշխավորել ատոմային անվտանգությունը։ Իհարկե, որակյալ ենթակառուցվածքը, կարգավորման վերահսկողությունը, մշտադիտարկումը, կոմպետենտ անձինք, անխոնջ կառավարչական որոշումների կայացումը և միաժամանակ նաև կայուն կրթությունը և վերապատրաստումն անհրաժեշտ են ատոմակայանների անվտանգ գործունեության համար: Ի վերջո, ես գիտեմ, որ միջազգային համագործակցության տիրույթում դուք բավականին ակտիվ եք, բայց մենք, իհարկե, կարող ենք աջակցել նաև վերջինիս ընդլայնման գործընթացում: Հայաստանը պետք է շարունակի արդյունավետորեն օգտագործել երկրի փորձը, մասնավորապես՝ ձևավորված միջուկային ծրագրերի շրջանակում՝ օգտվելով նաև ՄԱԳԱՏԷ-ի փորձից, կարողություններից, Եվրահանձնաժողովից, Ռոսատոմ-ից, միաժամանակ նաև ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի փորձից: Խորհուրդը կարող է օգնել այս համագործակցությունն ընդլայնել՝ միջազգային փորձը բերելով ռազմավարական որոշումների կայացման գործընթաց»։

Միրոսլավ Լիպարի խոսքով, խորհրդի աշխատանքները չպետք է սահմանափակվեն ընդհանուր քննարկումներով, այլ պետք է հանգեցնեն հստակ եզրակացությունների, առաջարկությունների, որոնք պետք է ներկայացվեն հանուն հետագա գործողությունների արդյունավետության ապահովմանը։ Նա հավելել է՝ այս նպատակին հասնելու ճանապարհին անհրաժեշտ է բաց և կառուցողական համագործակցություն բոլոր ներգրավված կառույցների միջև:

Ամփոփելով խոսքը՝ խորհրդի նախագահը շեշտել է.

«Վարչապետի ներկայությունը այսօրվա հանդիպմանը շատ կարևոր ուղերձ է բոլորին՝ ընդգծելով, որ միջուկային անվտանգությունը ոչ միայն ոլորտի պատասխանատվությունն է կամ կարգավորող մարմնի պատասխանատվությունը, այլև ազգային ռազմավարական կարևորության հենքն է, ինչն էլ պահանջում է, իհարկե, շարունակական ուշադրություն, հանձնառություն ամենաբարձր մակարդակով։ Հետևաբար՝ ակնկալվող արդյունքները և մեր համագործակցությունը պետք է համադրված լինեն։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը մեզ թույլ կտա գնահատել ամենակարևոր մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտը: Պետք է կարողանանք սահմանել առաջնահերթություններ խորհրդի հետագա աշխատանքի համար:

Հարգարժան վարչապետ, հուսով եմ, որ այսօրվա հանդիպումն արձանագրում է երկարաժամկետ և արգասաբեր համագործակցության մեկնարկը Հայաստանի Հանրապետության կառավարության և Ատոմային էներգետիկայի անվտանգային խորհրդի միջև: Վստահ եմ, որ փորձագիտական ներուժը, միջազգային փորձը կարող են համադրվել և դրանցով կկարողանանք բովանդակալից նպաստ բերել Հայաստանի Հանրապետության ատոմային էներգետիկայի ոլորտի անվտանգ ապագային»։

Խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, ինչպես նաև միջուկային էներգետիկայի ոլորտի մասնագետներ Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Չեխիայից և Ֆինլանդիայից։  

Հանդիպմանը քննարկվել են  ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի անվտանգ շահագործման ապահովմանն ու շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, անվտանգության մակարդակի և հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Ընդգծվել է, որ նշված հարցերի արդիականությունը պայմանավորված է նաև Հայաստանի Կառավարության կողմից նոր ատոմային էներգաբլոկի կառուցման տարբերակների ուսումնասիրմամբ, միջուկային անվտանգության ոլորտում միջազգային չափանիշների և լավագույն փորձի կիրառման անհրաժեշտությամբ։ Քննարկումների արդյունքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ, դիտարկումներ:

Մինչ նիստը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպում է ունեցել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Միրոսլավ Լիպարի հետ։

Հայերեն English

Հույս ունենք՝ 2027–ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն. ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստ

Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ

Երևանում Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Հարություն Խաչատրյանը

Նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով Մասիսում փորձել են ծառեր հատել. 3 անձ ձերբակալվել է

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբ

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում քննարկվել է նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը

Ուգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները