Համագործակցությունից մինչև ներդրումային նոր հնարավորություններ. Ամերիաբանկի Investor’s Day-ը միավորել է հայ և վրացի ներդրողներին
6 րոպեի ընթերցում
Ներդրումային հնարավորություններն այլևս չեն սահմանափակվում միայն սեփական երկրի շուկայով։ Տարածաշրջանային ֆինանսական զարգացումները, հարևան երկրների տնտեսական հեռանկարներն ու կապիտալի շուկաները նոր հնարավորություններ են բացում ներդրողների առաջ։ Հենց այս գաղափարի շուրջ էլ համախմբվել էին ներդրողներն ու ֆինանսական ոլորտի մասնագետները՝ մասնակցելու Ամերիաբանկի Investor's Day հատուկ միջոցառմանը, որի առանցքում Հայաստանն ու Վրաստանն էին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Ամերիաբանկի և վրացական առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Galt & Taggart-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։
«MyInvest-ը մշտապես ձգտում է առաջարկել հաճախորդների ներդրումային կարիքները բավարարող բոլոր հնարավոր գործիքները։ Մենք արդեն ներկայացնում ենք նաև վրացական շուկայի արժեթղթեր։ Հենց այդ նպատակով էլ Վրաստանի մեր գործընկերների հետ կազմակերպել ենք այսօրվա միջոցառումը, որպեսզի մեր հաճախորդները ծանոթանան նաև վրացական շուկայի գործիքներին, լսեն ոլորտի մասնագետներին և նրանց վերլուծությունների հիման վրա կայացնեն ներդրումային որոշումներ։
Վերջին շրջանում MyInvest հարթակում մի շարք նորարարություններ ենք ներդրել։ Դրանցից առաջինը վերաբերում է նորությունների ներկայացման ձևաչափին։ Այժմ յուրաքանչյուր կարևոր նորություն մեր հաճախորդներին ներկայացնում ենք հայերենով՝ մատչելի և հասկանալի ձևով։ Մյուս կարևոր հնարավորությունը պարբերական ներդրումների գործիքն է։ Դրա կարևորությունն այն է, որ ներդրումների հաջողության հիմքը կարգապահությունն է։ Պարբերաբար ներդրումներ կատարելով՝ հաճախորդները կարող են կարգապահորեն իրականացնել իրենց ներդրումներն ու հաջողության հասնել»,- նշեց Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը:
Հայաստանի շուկային զուգահեռ՝ միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև Վրաստանի տնտեսական միջավայրին և կապիտալի շուկայի զարգացման հեռանկարներին։ Galt & Taggart-ի ներկայացուցիչները ներկայացրեցին երկրի տնտեսության հիմնական առանձնահատկությունները, աճի հեռանկարներն ու ներդրումային ներուժը։
Galt & Taggart-ի կապիտալի շուկաների ղեկավար Վանո Կիկվիլաշվիլին կարևորեց Ամերիաբանկի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ երկու երկրների կապիտալի շուկաների միջև փոխգործակցությունը կարող է նոր ներդրումային հնարավորություններ ստեղծել ինչպես հայ, այնպես էլ վրացի ներդրողների համար։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ամերիաբանկին այս միջոցառումը կազմակերպելու և մեզ հյուրընկալելու համար։ Մենք հավատացած ենք, որ Ամերիաբանկի հետ կարող ենք բացահայտել Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների միջև համագործակցության մեծ ներուժը, որը կարող է շատ հետաքրքիր ներդրումային հնարավորություններ ստեղծել թե՛ հայ, թե՛ վրացի ներդրողների համար։
Առաջին հերթին հույս ունենք, որ կկարողանանք ավելի լայնորեն ներկայացնել Վրաստանի տնտեսությունն ու կապիտալի շուկաները, որպեսզի հայ ներդրողների շրջանում հետաքրքրություն առաջանա, և նրանք Ամերիաբանկի միջոցով մուտք գործեն մեր շուկա ու ներդրումներ կատարեն Վրաստանի կապիտալի շուկաներում»,- ասաց Galt & Taggart-ի կապիտալի շուկաների ղեկավար Վանո Կիկվիլաշվիլին:
Հայաստանի ներդրումային միջավայրի և ֆինանսական գործիքների մասին խոսելիս՝ միջոցառման ընթացքում մասնագետներն անդրադարձան նաև հայկական պարտատոմսերում ներդրումների հնարավորություններին։ Ամերիաբանկի մասնագետները ներկայացրեցին բանկի փորձառությունն այս ոլորտում, ինչպես նաև Հայաստանի տնտեսական հեռանկարներն ու կապիտալի շուկայի զարգացման ուղղությունները։
«Այս անգամ մեր միջոցառումն անցկացվում է մի փոքր այլ ձևաչափով, քանի որ ներկայանում ենք խմբով՝ մեր Lion Finance Group-ի անդամներով, և ներկայացնելու ենք վրացական ու հայկական շուկաները։
Ինչպես գիտեք, 2024 թվականի մարտին Ամերիաբանկը միացավ Lion Finance Group-ին, որը ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում։ Այդ միացումից երկու տարի անց խումբն ընդգրկվել է FTSE 100 ինդեքսում, որն ընդգրկում է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված՝ շուկայական կապիտալիզացիայով 100 խոշորագույն ընկերությունները։ Սա նոր հնարավորություններ է բացում և մեծ ձեռքբերում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար։
Մենք հարևան երկրներ ենք, ըստ էության, բավականին շատ ընդհանրություններ ունենք, բախվում ենք ընդհանուր մարտահրավերների և ունենք մեծ ներուժ, որը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, հատկապես կապիտալի շուկաների ոլորտում»,- նշեց Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը:
Ելույթներին հաջորդեց հարցուպատասխանի ձևաչափով քննարկումը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, փոխանակելու տեսակետներ և ավելի մանրամասն ծանոթանալու Հայաստանի ու Վրաստանի ֆինանսական շուկաների առանձնահատկություններին։
Investor's Day-ի 15-րդ հանդիպումը ևս մեկ հարթակ էր՝ երկու երկրների ներդրումային համայնքների միջև երկխոսությունը զարգացնելու, փորձի փոխանակումը խթանելու և տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու համար։ Իսկ ներդրումային հնարավորությունների մասին ավելի լայն տեղեկացվածությունն ու ֆինանսական գործիքների հասանելիությունը կարող են կարևոր դեր ունենալ ներդրումային մշակույթի զարգացման գործում։