Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել կենսաբանական գիտությունների դոկտոր Պապին Ղանդիլյանին նվիրված հուշ-ցերեկույթ
2 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ և ժամանակավոր ցուցադրության բացում՝ նվիրված հայ բուսաբան, գենետիկ֊ընտրասերումնաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԳԱ ակադեմիկոս, «Էրեբունի» արգելոցի հիմնադիր և գլխավոր խորհրդատու, աշխատանքի վետերան, գիտական և ստեղծագործական հարուստ ժառանգություն թողած Պապին Ղանդիլյանի հիշատակին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանը, միջոցառման նպատակն էր արժևորել վաստակաշատ գիտնական պապին Ղանդիլյանի կյանքն ու գործունեությունը, ներկայացնել նրա թողած գիտական ժառանգության նշանակությունը և սերունդներին փոխանցել այդ վաստակի մասին հիշողությունը։
Հուշ-ցերեկույթի ընթացքում թանգարանի գիտաշխատող Սուսաննա Վանեցյանը ներկայացրել է Պապին Ղանդիլյանի կենսագրության ուշագրավ էջերը, նրա գիտական գործունեությունն ու աշխատությունները։
Ելույթներով հանդես են եկել Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրեն Ն․Բաղդասարյանը և աշակերտները՝ իրենց ելույթներով արժևորելով մեծանուն մտավորականի կյանքն ու վաստակը։
Միջոցառմանը ներկա են եղել Գավառի կրթական եւ մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Պապին Ղանդիլյանի հարազատները։
Պապին Ղանդիլյանի դուստր Նինա Ղանդիլյանը թանգարանի ժամանակավոր ցուցադրությանը հանձնել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի շնորհած «Ոսկե հուշամեդալ»-ը, մենագրություններ և Պ․Ղանդիլյանի անձնական օգտագործման բյուրեղապակյա բաժակը՝ արծաթյա բաժակակալով ու գդալով։