Սոցիալական իրավունքների պաշտպանությունը չի կարող սահմանափակվել միայն համապատասխան իրավական երաշխիքների ամրագրմամբ. Անահիտ Մանասյան
7 րոպեի ընթերցում
Հայասատանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 25-ին բացման խոսքով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի՝ «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը, որը կրում էր «Սոցիալական իրավունքների զարգացումը Հայաստանում՝ գործընկերության և գործողությունների միջոցով» խորագիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը։ Միջոցառումը վարել է Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների վարչության համագործակցության բաժնի ղեկավար Մարգարիտա Գալստյանը։
Միջոցառման նպատակն էր ամփոփել ծրագրի արդյունքները, գնահատել սոցիալական իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացված աշխատանքները, քննարկել առկա մարտահրավերներն ու հետագա համագործակցության առաջնահերթությունները։
Բացման խոսքում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԻՊ հաստատության և Եվրոպայի խորհրդի գործընկերությունը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ սոցիալական իրավունքների ամրապնդման բնագավառում։ Նա ընդգծել է, որ սոցիալական իրավունքների արդյունավետ իրացումը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի անբաժանելի մասն է և կարևոր նշանակություն ունի արժանապատիվ կյանքի, հասարակական համերաշխության ու ժողովրդավարական պետության կայուն զարգացման համար։
«Սոցիալական իրավունքների պաշտպանությունը չի կարող սահմանափակվել միայն համապատասխան իրավական երաշխիքների ամրագրմամբ։ Կարևոր է ապահովել այդ իրավունքների գործնական իրացման իրական հնարավորություններ՝ յուրաքանչյուր անձի համար հասանելի դարձնելով սոցիալական պաշտպանության, աշխատանքի, բնակարանային ապահովության, կրթության և այլ ոլորտներում անհրաժեշտ երաշխիքները։ Ընդ որում՝ հատկապես կարևոր է, որ պետական քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների վրա և հաշվի առնեն առավել խոցելի իրավիճակում գտնվող անձանց կարիքները»,– ընդգծել է Անահիտ Մանասյանը։
Անդրադառնալով Եվրոպական սոցիալական խարտիայի նշանակությանը՝ Պաշտպանը կարևորել է դրա չափանիշների հետևողական կիրառումը, համապատասխան պարտավորությունների վավերացման գործընթացների իրականացումը, միջազգային պարտավորությունների պատշաճ արտացոլումը ներպետական օրենսդրության մեջ և դրանց իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ ու գործնական մեխանիզմների զարգացումը։
Անահիտ Մանասյանն առանձնացրել է բնակարանային ապահովության, աշխատանքային և արհմիութենական իրավունքների պաշտպանության, աշխատանքի անվտանգության ու առողջության պահպանման, ինչպես նաև աշխատավայրում բռնության և ոտնձգությունների կանխարգելման հարցերը։ Պաշտպանը հատուկ ուշադրություն է հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի, մասնագիտական կրթության, ուսուցման և աշխատաշուկայի հասանելիության, ինչպես նաև տարեցների սոցիալական երաշխիքների ապահովման վրա։ Նա կարևորել է առկա խոչընդոտների վերացումը, հավասար հնարավորությունների ստեղծումը և հասարակական կյանքին անձանց լիարժեք մասնակցությունը։
Պաշտպանն ընդգծել է, որ ոլորտում համակարգային առաջընթացի համար անհրաժեշտ է պետական մարմինների, գործատուների, աշխատողների կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետևողական համագործակցությունը։
«Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է, որ որոշումների մշակման և իրականացման գործընթացներում ներգրավված լինեն բոլոր շահագրգիռ կողմերը, իսկ առավել կարևոր՝ այն անձինք և խմբերը, որոնց իրավունքներին անմիջականորեն առնչվում են այդ որոշումները։ Նրանց կարիքների, խնդիրների և առաջարկությունների պատշաճ հաշվառումն անհրաժեշտ նախապայման է հասցեական և արդյունավետ լուծումներ գտնելու համար»,– նշել է Անահիտ Մանասյանը։
Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի փոխնախագահ Տատյանա Պույուն ներկայացրել է Եվրոպական սոցիալական խարտիայի դերը ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման գործում։ Ներկայացվել են նաև ծրագրի հիմնական արդյունքները, այդ թվում՝ ազգային օրենսդրությունը Խարտիային և եվրոպական այլ չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև ոլորտում ներգրավված պետական և ոչ պետական կառույցների ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու ուղղությամբ իրականացված աշխատանքները։
«Ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում՝ ազգային օրենսդրությունը Եվրոպական սոցիալական խարտիային և եվրոպական այլ համապատասխան չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով» թեմայով քննարկմանը որպես բանախոս մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Սյուզաննա Սարգսյանը։
Քննարկումներն ընդգրկել են սոցիալական բնակարանային ապահովության, առողջապահության, արհմիությունների իրավունքների, ներառական մասնագիտական կրթության և ուսուցման, փախստականների ու բռնի տեղահանված անձանց պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական և տնտեսական ներառման, ինչպես նաև աշխատավայրում բռնության և ոտնձգությունների կանխարգելման հարցերը։
Առանձին անդրադարձ է կատարվել գործատուների, աշխատողների կազմակերպությունների և տեսչական մարմինների համագործակցությանը՝ աշխատողների իրավունքներն ու անվտանգ աշխատանքային պայմաններն ապահովելու համար, ինչպես նաև Խարտիայի վերահսկման ընթացակարգերում երրորդ կողմի կազմակերպությունների դերին և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնմանը։
Ամփոփիչ միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, գործատուների և աշխատողների կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Քննարկումների և ներկայացված առաջարկությունների հիման վրա նախանշվել են հետագա աշխատանքի առաջնահերթությունները, ծրագրի արդյունքների շարունակականությունն ապահովելու և համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։