Քաղհասարակության դերը կարևոր է երկխոսության և ազգային գերակայություններն ավելի լայն օրակարգի հետ կապելու գործում․ Անդրեա Ռայմոնդի
5 րոպեի ընթերցում
Քաղհասարակության դերը կարևոր է երկխոսության խթանման, ընդհանուր դիրքորոշումներ կառուցելու և ազգային առաջնահերթություններն ավելի լայն, տարածաշրջանային ու եվրոպական օրակարգի հետ կապելու գործում։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ տեսակետը Քիշնևում կայացած և Արևելյան գործընկերության շրջանակում կազմակերպված քաղհասարակության միջազգային համաժողովում հայտնեց միջոցառման գլխավոր կազմակերպիչ և տնօրեն Անդրեա Ռայմոնդին։
«Այս տարվա գագաթնաժողովը հատուկ նշանակություն ունի։ 2018 թվականին Թբիլիսիում կայացած հանդիպումից ի վեր՝ մենք առաջին անգամ կրկին հավաքվում ենք Արևելյան գործընկերության երկրներից մեկում, հետևաբար Մոլդովան հանդիպման համար առանձնահատուկ նշանակություն ունեցող վայր է․ մի երկիր, որի պարագայում Եվրոպական միությանն անդամակցելու ձգտումը, ժողովրդավարական ուղին և դիմակայունությունը արձագանք են գտնում իր սահմաններից շատ ավելի հեռու։ Մենք տարբեր երկրներից ենք, տարբեր մշակույթներով, ծագումով և քաղաքական իրողություններով։ Միշտ չէ, որ կարող ենք նույն տեսակետը կիսել և համաձայնության գալ առաջ շարժվելու լավագույն ուղու շուրջ, սակայն ժողովրդավարությունը չի պահանջում, որ մենք համաձայնության գանք ամեն ինչի շուրջ։ Այն պահանջում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում տարբեր ձայներ կարող են լսելի և հարգված լինել»,- նշեց Ռայմոնդին։
Նրա կարծիքով՝ սա հենց այն տարածքն է, որն Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումը ձգտում է ստեղծել։ Նա ընդգծեց, որ ֆորումի կենտրոնում ազգային հարթակներն են, որոնք միավորում են Արևելյան գործընկերության տարածաշրջանի քաղհասարակության կազմակերպությունները և միավորված են՝ քաղաքացիներին ձայն տալու համատեղ պարտավորությամբ, քանզի որոշումները ձևավորում են նրանց կյանքը։
Ռայմոնդին շեշտեց, որ տարիների ընթացքում համաժողովը վերածվել է յուրահատուկ հարթակի, որտեղ կազմակերպությունները, ակտիվիստները, լրագրողները և քաղաքացիական հասարակության առաջնորդները կարող են փոխանակվել փորձով, կապեր հաստատել, քննարկել ու վերանայել միմյանց տեսակետները, ինչպես նաև ձևավորել ընդհանուր պատկերացում առջևում սպասվող հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ։ Նրա պնդմամբ՝ նման հարթակ ստեղծելն ու պահպանելը պահանջում են նվիրում և աջակցություն, ուստի կարևոր է նշել և գնահատել նրանց, ովքեր հնարավոր են դարձնում այդ ամենը։
«Մենք ապրում ենք ավելի ու ավելի անորոշ աշխարհում։ Եվ անորոշությունը կարող է ունենալ երկու հետևանք։ Այն կարող է մեզ դարձնել ավելի զգույշ, ավելի ներքին և ավելի պաշտպանողական մեր անհատական շահերի նկատմամբ։ Կամ կարող է մեզ խրախուսել ավելի հավակնոտ դառնալ այն ամենում, ինչին ձգտում ենք հասնել այսօր։ Մենք պետք է ընտրենք երկրորդ ուղին, որովհետև չենք կարող թույլ տալ, որ մեր գործունեության արտակարգ հանգամանքները դառնան մեր հավակնությունները նվազեցնելու պատրվակ։ Սակայն մեր պատասխանատվությունը դուրս է գալիս համերաշխության շրջանակներից և ենթադրում է այնպիսի գործելակերպ, որի դեպքում տարածաշրջանի մարդկանց զոհողությունները, ջանքերն ու ձգտումները վերածվեն իրական քաղաքական հնարավորությունների։ Մենք իրավունք չունենք մարդկանցից պահանջել անվերջ քաջություն ցուցաբերել՝ փոխարենը նրանց առաջարկելով միայն անորոշություն։ Հույսն ունի քաղաքական հորիզոնի կարիք, և այդ հորիզոնը պետք է լինի վստահելի»,- ասաց Ռայմոնդին։
Նա հավելեց, որ կառավարություններն ունեն որոշումներ կայացնելու լիազորություն, իսկ քաղհասարակությունը բերում է գիտելիք, փորձառություն և քաղաքացիների հետ ուղղակի կապ։
«Նրանցից ոչ մեկը չի կարող փոխարինել մյուսին, սակայն միասին նրանք կարող են հասնել այնպիսի արդյունքների, որոնցից ոչ մեկը չէր կարող հասնել միայնակ։ Սա պահանջում է վստահություն, լսելու պատրաստակամություն, իսկ երբեմն էլ՝ հասունություն։ Հասունություն՝ քննադատությունն ընդունելու և այն որպես թշնամանք չդիտարկելու համար։ Մենք չպետք է վախենանք տարակարծությունից։ Չհամաձայնելու, բայց միևնույն ժամանակ միասին աշխատելու կարողությունը ժողովրդավարական հասարակության մեծագույն, ուժեղ կողմերից մեկն է։ Մենք թերահավատներին կպատասխանենք վճռականությամբ։ Իսկ նրանք, ովքեր հավատում են այս հանձնառությանը, մենակ չեն»,- եզրափակեց Ռայմոնդին։