2 րոպեի ընթերցում
Շվեյցարիայի կողմից հյուսիսկորեական մանկական ճամբարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ֆոնին Փհենյանը փակում է Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունը և երկրից արտաքսում դրա ղեկավարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությանը։
«ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 25-ին Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ներկայացուցչին մեր երկրում հայտարարել է անցանկալի անձ և պահանջել լքել ԿԺԴՀ տարածքը 48 ժամվա ընթացքում», - ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության ղեկավար Պակ Հյոն Սուն Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ներկայացուցիչ Աստյեր Սիլվայնին է փոխանցել նոտա՝ պահանջելով փակել դիվանագիտական ներկայացուցչությունը և լքել երկիրը։ Որոշման պատճառ է նշվել «Շվեյցարիայի Համադաշնության իշխանությունների բացահայտ թշնամական գործողությունը», մասնավորապես՝ ԿԺԴՀ-ի Սոնդովոնի միջազգային մանկական միութենական ճամբարը պատժամիջոցների ցանկում ներառելը։
Նոյեմբերի 24-ին ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչ Կիմ Յո Չժոնը, հայտարարել էր, որ Շվեյցարիայի սահմանած պատժամիջոցներից հետո խորհուրդ կտա Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությանը փակել այդ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը։
Սոնդովոնի միջազգային մանկական միութենական ճամբարը գտնվում է Ճապոնական ծովի ափին՝ Վոնսան քաղաքում։ Այն ընդունում է տարբեր երկրների երեխաների, այդ թվում՝ Ռուսաստանի։ Ճամբարի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Մեծ Բրիտանիան՝ 2026 թ. մայիսից, Եվրամիությունը՝ 2026 թ. սեպտեմբերից, և Շվեյցարիան՝ 2026 թ. նոյեմբերից։