Մոլդովայի հայկական համայնքը գործում է բավականին ակտիվ և հայապահպանության առումով որևէ խնդրի չի բախվում. Կարեն Հովհաննիսյան

8 րոպեի ընթերցում

Մոլդովայում գործում է բավականին ակտիվ հայկական համայնք, որն ամենօրյա գործունեությամբ նպաստում է Մոլդովայի և Հայաստանի հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մոլդովայի հայկական համայնքի 42-ամյա ղեկավար Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական համայնքը բավականին ակտիվ կերպով ինտեգրված է երկրի հասարակական-քաղաքական կյանքին և վայելում է Մոլդովայի իշխանությունների ու ժողովրդի հարգանքն ու համակրանքը։

Կարեն Հովհաննիսյանը Հայաստանից տեղափոխվել է 1993 թվականին, ուսանել է Քիշնևի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ Նա արդեն երեք տարի հայկական համայնքի ղեկավարն է։  

«ժողովուրդներին ճանաչում են իրենց անվանի զավակներով։ Հայերը Մոլդովայում ունեն 800 տարվա բովանդակալից պատմություն։ Հնչեշտ քաղաքում է բնակվել Մանուկ Միրզոյանը, որն առավել հայտնի է Մանուկ Բեյ անունով։ Նրա կալվածքի շինությունները մինչ օրս կանգուն են, պատմամշակութային արժեք ունեն և պահպանվում են պետության կողմից: 2017 թվականի վերանորոգումից հետո Հնչեշտ քաղաքում բացվել է Մանուկ Բեյի տուն-թանգարանը: Նրանից առաջ և հետո էլ եղել են հայազգի հանրահայտ գործիչներ։ Այսօր Մոլդովայի խորհրդարանում կան հայ պատգամավորներ, ունենք դատախազներ, բժիշկներ, գիտության դոկտորներ, պատմաբաններ ու ֆիզիկոսներ։ Բիզնեսի ոլորտում ունենք հաջողակ գործարարներ։ Բոլորն էլ իրենց գործունեությամբ նպաստում են նաև հայկական համայնքի հեղինակության բարձրացմանը»,- նշեց Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ Մոլդովայում այժմ ապրում են մոտ 15 000 հայեր, որոնք բնակվում են հիմնականում Քիշնև, Բելց, Հնչեշտ, Նոր Անենի, Կամրատ, Ունգենի, Բենդերի և Գրիգորիուպոլ քաղաքներում: Կան նաև խառնակ ամսունություններ, երբ ընտանիքում ամուսինը կամ կինը հայ է, հետևաբար, եթե հաշվի առնենք նաև այդ հանգամանքը, ապա մեր հայրենակիցների թվաքանակն անցում է 20 000-ի սահմանը։

Արդեն շուրջ տասը տարի է, ինչ Մոլդովան ընթանում է եվրոինտեգրացիայի ճանապարհով, և տեղի իշխանությունները հավաստիացնում են, որ Մոլդովան շուտով կլինի Եվրոմիության կազմում, ու քանի որ Հայաստանն էլ իր արտաքին քաղաքական գերակայություններից է համարում եվրոպական ինտեգրացիան, ապա դա, ըստ Հովհաննիսյանի, հայկական համայնքին տալիս է զարգացման, համագործակցության և առաջընթացի լավ հնարավորություններ։

«Երկկողմ հարաբերություններն ավելի կխորանան ու կզարգանան, եթե միջկառավարական այցելություններն իրականացվեն ավելի ինտենսիվորեն։ Դա վերաբերում է նաև Հայաստանի և մեր համայնքի շփումներին։ Սփյուռքը միշտ կանգնած է Հայաստանի կողքին, տեղի հայերին անչափ հետաքրքրում են հայրենիքում տեղի ունեցող գործընթացները։ Այժմ համատեղության կարգով Ռումինիայում և Մոլդովայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Տիգրան Գալստյանն է։ Նա բավականին աշխույժ և բանիմաց դիվանագետ է, սակայն նստավայրը Բուխարեստում է։ Հուսով ենք, որ ապագայում Քիշնևում նույնպես կբացվի ՀՀ դեսպանություն։ Հայաստանում այժմ գործում է Մոլդովայի պատվո հյուպատոսությունը, կարծում եմ, որ հաջող բանակցություններից հետո երկուստեք կարող են լինել նաև դեսպանություններ, ինչն ավելի մեծ թափ կհաղորդի երկկողմ հարաբերություններին՝ նպաստելով դրանց հետագա խորացմանը։ Այդ գործընթացի համար դրական հիմք են ստեղծում եվրոինտեգրացիային միտված քայլերը, ընդհանուր գաղափարներն ու արժեհամակարգային նմանությունները։ Դեսպանատան առկայության պարագայում հայկական համայնքն, անշուշտ, իրեն ավելի ինքնավստահ կզգա»,- ասաց Հովհաննիսյանը։   

Նրա հավաստմամբ՝ Հայաստանի և Մոլդովայի միջև զարգանում են կրթամշակութային կապերը, որոնց շրջանակում իրականացվում են ուսանողների փոխանակումներ։ Շատերը Հայաստանից այստեղ անցկացրել են իրենց պրակտիկան։ Նրանց հետ համայնքը կազմակերպել է համատեղ միջոցառումներ։

«Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսվա ընթացքում, Մոլդովայի իշխանությունների համաձայնությամբ, տեղի ուսումնական հաստատություններում կարդում ենք դասախոսություններ՝ նվիրված հայերի պատմությանն ու մեր ժողովրդին առնչվող պատմական իրադարձություններին։ Թեև Հայաստանի և Մոլդովայի միջև վաղուց հաստատվել են բարիդրացիական կապեր, քաղաքական լավ հարաբերություններ, սակայն տնտեսական ներուժն ամբողջությամբ իրագործված չէ։ Ինքս անձամբ մի քանի տարի ակտիվորեն ձգտում եմ նպաստել առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Մեր երկու երկրների միջև կա ապրանքաշրջանառություն, սակայն ցուցանիշները դեռ համեստ են, թեև Հայաստանից Մոլդովա ներկրվում են ոգելից խմիչքներ՝ գինի, կոնյակ, ինչպես նաև ջրեր, հյութեր, հրուշակեղեն։ Վերջերս կնքվել են ձկնամթերք և ծաղիկներ ներկրելու պայմանագրեր։ Արդեն երկու ամիս է, ինչ հայկական արտադրության ծաղիկները վաճառվում են մոլդովական շուկաներում։ Եթե իրականացվում է ամենօրյա, հետևողական աշխատանք, արդյունքը դառնում է տեսանելի»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը։

Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին տարիներին Մոլդովայի հակական համայնքում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որոնք ուղղված են հայապահպանությանը։

«Յուրաքանչյուր տարի մեր համայնքը, սփյուռքի մյուս գաղթօջախների նման, նշում է Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը։ Մոլդովայում նույնպես կազմակերպվում են հիշատակի միջոցառումներ»,- ասաց համայնքի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ 2025 թվականի ապրիլի 24-ին Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Հայկ Վարդանյանը խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին օրինագիծ։ 

Քիշնևի հայկական եկեղեցու բակում այսօր գործում է հայկական կիրակնօրյա դպրոց։ Կառավարության հետ քննարկվել է կրթօջախն ամենօրյա ուսումնական հաստատություն դարձնելու հարցը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, առավել ևս, որ դրա պահանջը կա։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն օժանդակում են համապատասխան գրականությամբ՝ հատկացնելով դասագրքեր։

Այժմ Մոլդովայի տարածքում կա երեք հայկական եկեղեցի` Սբ. Աստվածածինը և Սբ. Հարությունը՝ Քիշնևում, Սբ. Գրիգոր Լուսավորիչը` Բելցում:

«Հայապահպանության առումով մենք որևէ խնդրի չենք բախվում։ Իրականացնում ենք ամենօրյա աշխատանքներ։ Համայնքի մեջ ակտիվորեն ներգրավված են թվով 1000-1500 հայեր։ Ակտիվ ու կառուցողական աշխատում ենք Մոլդովայի իշխանությունների հետ։ Նրանք պատրաստակամորեն օգնում են մեր կողմից բարձրացված բազմաթիվ հարցերում, որոնք գտնվում են նրանց իրավասության շրջանակում»,- նշեց Հովհաննիսյանը։

Հայերեն English Русский

Ի՞նչ առանձնահատկություններ ունեն գանձապետական պարտատոմսերը․ մանրամասնում է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայերի գենետիկական առանձնահատկություններն ու ժառանգական հիվանդությունների ռիսկերը․ զրույց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի հետ

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը

«Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի առաջին պարտիան խաղաղ արդյունք է ունեցել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եվրոպական ինդեքսները նվազել են - 24/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/11/26

Նավթի գներն աճել են - 24/11/26

Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով