2 րոպեի ընթերցում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 23-ի հրամանագրերով պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի վեց դեսպաններն ու ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան հրամանագրերը հրապարակվել են նախագահի պաշտոնական կայքում։ Դրանք ստորագրվել են վարչապետի առաջարկության հիման վրա։
Արման Իսրայելյանը հետ է կանչվել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից։
Մեկ այլ հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից։
Արման Հակոբյանը հետ է կանչվել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է համապատասխան հրամանագրում։
Ծովինար Համբարձումյանը հետ է կանչվել Բուլղարիայում և Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, իսկ Տիգրան Մկրտչյանը՝ Հունաստանում և Ալբանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Հովհաննես Վիրաբյանը հետ է կանչվել Արգենտինայում, Չիլիում և Պերուում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Անահիտ Հարությունյանը հետ է կանչվել Կանադայում, Կուբայում, Դոմինիկանայի Հանրապետությունում և Ջամայկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։