Քուշները ներկայացրել է ԱՄՆ դիրքորոշումը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ
4 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը՝ քննարկելու Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին համանման անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը, կարևոր նշանակություն ունի երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Քուշները հրապարակում է արել X սոցիալական ցանցում՝ կիսվելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրառմամբ և անդրադառնալով հետպատերազմյան անվտանգության համակարգի ձևավորման շուրջ ընթացող քննարկումներին։
Քուշների խոսքով՝ Ռուսաստանի պատրաստակամությունը քննարկելու նման երաշխիքների հարցը կարևոր առաջընթաց է և կարող է վկայել, որ Մոսկվան լրջորեն է տրամադրված խաղաղության հասնելու հարցում։
Նա նշել է, որ զսպման մեխանիզմներով և ռազմական միջադեպերի կանխարգելման պայմանավորվածություններով ամրապնդված, վստահելի երաշխիքները կարող են էապես նվազեցնել նոր պատերազմի վտանգը։
Քուշները համաձայնել է Զելենսկու այն դիրքորոշմանը, որ անվտանգության երաշխիքները պետք է լինեն հստակ, վստահելի և պատշաճ կերպով ամրագրված փաստաթղթերում։
«Դա հենց այն աշխատանքն է, որով ես և Սթիվ Ուիթքոֆը զբաղվում ենք համատեղ», - նշել է նա՝ հավելելով, որ նման պարտավորությունները ԱՄՆ-ի կողմից ստանձնվող ամենակարևոր հանձնառություններից են և պահանջում են մանրակրկիտ քննարկում։
Քուշների խոսքով՝ ցանկացած առաջարկվող երաշխիք պետք է արժանանա Դոնալդ Թրամփի հավանությանը՝ սահմանադրական և Կոնգրեսի ընթացակարգերին համապատասխան։
«ԱՄՆ նախագահը նման քայլի կդիմի միայն այն դեպքում, եթե համոզված լինի, որ այն բխում է ԱՄՆ ազգային շահերից, իսկ անվտանգության ավելի լայն պայմանավորվածություններն այնքան արդյունավետ են, որ երաշխիքների գործարկման անհրաժեշտության հավանականությունը նվազագույն կլինի», - գրել է Քուշները։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն կարող մշակվել հետպատերազմյան եվրոպական անվտանգության համակարգից առանձին։ Նրա խոսքով՝ երկու հարցերը պետք է դիտարկվեն միասին։
«Մենք ձգտում ենք ունենալ այնպիսի ապագա, որտեղ Ուկրաինան անվտանգ կլինի, Եվրոպան՝ ավելի ուժեղ, Ռուսաստանը վստահ կլինի, որ ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում, իսկ ՆԱՏՕ-ն և նրա գործընկերները համոզված կլինեն, որ Ռուսաստանը հարգում է հարևան երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը», - նշել է ԱՄՆ նախագահի բանագնացը։
Քուշների խոսքով՝ Ուկրաինայի անվտանգությունը պետք է ամրապնդվի նաև տնտեսական կայունությամբ։ Նրա գնահատմամբ՝ երկրին երկարաժամկետ բարգավաճման հստակ ծրագիր է անհրաժեշտ, որը կներառի բարեփոխումներ՝ ուղղված պետական ինստիտուտների, տնտեսության և ինքնուրույն զարգացման կարողությունների ամրապնդմանը։
Քուշները գրառումն ամփոփել է՝ նշելով, որ ԱՄՆ-ի նպատակը ինքնիշխան, անվտանգ, բարգավաճ և ազատ Ուկրաինայի, ավելի ուժեղ ու կայուն Եվրոպայի և այնպիսի պայմանավորվածությունների վրա հիմնված երկարատև խաղաղության ապահովումն է, որոնք նոր պատերազմի հավանականությունը զգալիորեն կնվազեցնեն։