Ռազմավարական գործընկերությունը նոր մակարդակի կբերի Հայաստան-Ռումինիա հարաբերությունները․ Սերգեյ Մինասյան

8 րոպեի ընթերցում

Հայաստան-Ռումինիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և վերջին տարիներին տարբեր ուղղություններով դինամիկ կերպով զարգանում են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան (2017-2023թթ.,) քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռումինիա կատարելիք այցի համատեքստում խոսելով Հայաստան-Ռումինիա հարաբերությունների մասին։

Սերգեյ Մինասյանը նշեց, որ  թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով Հայայաստանի և Ռումինիայի միջև առկա են բավականին տեսանելի գործընթացներ։

«2020 թվականից սկսած՝ Հայաստանի համար բավականին բարդ ժամանակաշրջանում, Ռումինիան կարևոր դերակատարում ունեցավ մեր երկրին եվրոպական աջակցության ցուցաբերման գործում։ Այս առումով հիշեցնեմ, որ 2021 թվականի ամռանը հենց Ռումինիայի նախաձեռնությամբ Հայաստան այցելեցին Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները։ Այցը տեղի ունեցավ բավականին բարդ իրավիճակում, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ըստ էության, զրկված էր լիարժեք քաղաքական ղեկավարությունից․ այդ պահին մենք չունեինք ո՛չ արտաքին գործերի նախարար, ո՛չ էլ համակարգող նախարարի տեղակալ»,-ասաց Սերգեյ Մինասյանը։

Ըստ Սերգեյ Մինասյանի՝ հենց այդ այցի ընթացքում էլ քննարկվեց Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելություն տեղակայելու գաղափարը, որն իրագործվեց 2022-2023 թվականներին՝ Ռումինիայի ակտիվ աջակցությամբ։ Այս գործընթացում կարևոր դերակատարություն ունեցավ նաև Ռումինիայի այն ժամանակվա ԱԳՆ պետքարտուղար, իսկ ներկայում՝ ԱԳ նախարար Դան Նեկուլաեսկուն։

Այդ ժամանակաշրջանը կարևոր էր նաև Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ քաղաքական երկխոսությունը նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից։ Դեռևս 2022 թվականի աշնանը արդեն գործնականում քննարկվում էր ռազմավարական համագործակցության հաստատման հնարավորությունը։ Այս համատեքստում ուշագրավ է նշել, որ Ռումինիան նմանատիպ ռազմավարական համագործակցության համաձայնագրեր արդեն ունի Հայաստանի հարևան երեք երկրների՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

«Ակնկալվում է, որ Հայաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կստորագրվի առաջիկայում, ինչը կարևոր հանգրվան կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Այդ փաստաթուղթը հնարավորություն կտա մեկ միասնական շրջանակում համադրել և առավել համակարգված զարգացնել համագործակցության տարբեր ուղղությունները՝ քաղաքական երկխոսությունից և տնտեսական կապերից մինչև եվրոպական ինտեգրման ու անվտանգության ոլորտները։

Կարևոր է նաև տարածաշրջանային համատեքստը․ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատումը Ռումինիային հնարավորություն կտա առավել հավասարակշռված և ընդգրկուն հարաբերություններ զարգացնել Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ։ Այս առումով պետք է հաշվի առնել նաև աշխարհագրական գործոնը․ Ռումինիան, Բուլղարիայի հետ միասին, Հայաստանին ամենամոտ գտնվող Եվրամիության անդամ երկրներից է, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության խորացման համար»,-ասաց Սերգեյ Մինասյանը։

Ռումինիան Հայաստանի հետ ունի պատմականորեն ձևավորված առանձնահատուկ հարաբերություններ։ Այն ՄԱԿ-ի անդամ առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը և 1991թ․ դեկտեմբերի 17-ին հաստատել դիվանագիտական հարաբերություններ մեր երկրի հետ։ Ավելին, Ռումինիան Հարավային Կովկասում իր առաջին դեսպանությունը բացել է հենց Հայաստանում։

Սերգեյ Մինասյանի խոսքով՝ 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում Ռումինիայի դեսպանությունը կստանձնի ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանության գործառույթները։ Նա ընդգծեց, որ Ռումինիայի հետ հարաբերությունները Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, մասնավորապես, քաղաքական, անվտանգային և փոխկապակցվածության ոլորտներում համագործակցության տեսանկյունից։

Հատկանշական է, որ տնտեսական համագործակցության ոլորտում ևս դրական դինամիկա է նկատվում։ Մասնավորապես, 2021-2025 թվականներին Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան հինգ անգամ․ եթե 2021 թվականին դրա ծավալը կազմում էր շուրջ 19 մլն ԱՄՆ դոլար, ապա 2025 թվականին այն հասել է 103 մլն դոլարի։ Առևտրաշրջանառության կառուցվածքում գերակշռում է Ռումինիայից Հայաստան ներմուծումը, հատկապես՝ վառելիքաէներգետիկ ապրանքների գծով։

«Ռումինիան էներգակիրներ արտահանող երկիր է, ու շատ այլ երկրների հետ առևտրաշրջանառության գործընթացում այդ անհավասարակշռությունը կա։ Նշեմ նաև, որ ավիացիոն վառելիքի մատակարարման առումով Ռումինիան Հայաստանի կարևոր գործընկերներից է։ Հարկ է նշել, որ վերջին տարիներին Ռումինիան նկատելի առաջընթաց է գրանցել տեխնոլոգիական ոլորտում, ինչը համագործակցության լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում նաև Հայաստանի համար։ Այս համատեքստում Ռումինիան կարող է հետաքրքիր լինել նաև որպես աշխատաշուկա, քանի որ տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը զուգահեռ մեծանում է որակյալ մասնագետների պահանջարկը՝ նոր հնարավորություններ ստեղծելով նաև հայ մասնագետների համար»,-ավելացրեց Սերգեյ Մինասյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանից Ռումինիա արտահանումներին, ապա դրանց հիմնական ապրանքատեսակների շարքում են պլաստիկ խողովակները, շինանյութերը, խմիչքները և մի շարք այլ ապրանքներ։

Եվրամիությունը վերջերս սահմանեց մաքսատուրքերի արտոնություններ հայկական որոշ ապրանքների, հատկապես գյուղմթերքի առնչությամբ։ Այս համատեքստում ի՞նչ աջակցություն կարող է ցուցաբերել Ռումինիան։

Սերգեյ Մինասյանը նկատեց, որՌումինիայի գյուղատնտեսությունը բավականին զարգացած է, ինչի հետևանքով հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար այդ շուկայում արտահանման հնարավորությունները սահմանափակ են, իսկ մրցունակ դիրք զբաղեցնելը բավականին բարդ կլինի։

«Այդուհանդերձ, որքանով տեղյակ եմ, ռումինական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին նաև այս ուղղությամբ։ Բացի այդ, ինչպես արդեն նշեցի, Ռումինիան Հայաստանի համար աշխարհագրորեն ամենամոտ ԵՄ անդամ երկրներից է և կարող է կարևոր դեր ունենալ հայկական ապրանքները եվրոպական շուկա հասցնելու, ինչպես նաև համապատասխան տրանսպորտային և լոգիստիկ կապուղիների զարգացման տեսանկյունից»,-նշեց Սերգեյ Մինասյանը։

Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համատեքստում ամենախոստումնալից ուղղություններից է զբոսաշրջությունը։ Ներկայում գործում է ուղիղ չվերթ, որն իրականացնում է «ՎիզԷյր» ավիաընկերությունը։

Սերգեյ Մինասյանը նշեց, որ երկու երկրների միջև զբոսաշրջային այցերի ակտիվություն է նկատվում։ Երկու երկրներն էլ հարուստ են պատմամշակութային ժառանգությամբ և զբոսաշրջային առումով բավական գրավիչ են։ Բացի այդ, Ռումինիայի օդանավակայաններն ունեն զարգացած ավիահաղորդակցություն եվրոպական բազմաթիվ երկրների, հատկապես՝ Արևելյան Եվրոպայի պետությունների հետ։ Այդ պատճառով Բուխարեստը հաճախ ծառայում է որպես տարանցիկ հանգույց՝ եվրոպական տարբեր ուղղություններով ճանապարհորդողների համար։

Հայերեն English

Հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը

ԱՄՆ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում վերջին տասնամյակների լավագույն արդյունքն են գրանցել

Թուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը

Ռազմավարական գործընկերությունը նոր մակարդակի կբերի Հայաստան-Ռումինիա հարաբերությունները․ Սերգեյ Մինասյան

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները