ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Բուխարեստում մասնակցել է «Կապակցվածություն և ուժ. մրցակցություն ռազմավարական կախվածությունների միջոցով» խորագրով պանելային քննարկմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Բուխարեստի ֆորումի շրջանակում մասնակցել է «Կապակցվածություն և ուժ. մրցակցություն ռազմավարական կախվածությունների միջոցով» խորագրով պանելային քննարկմանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից, Դավիթ Կարապետյանը պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով։ Կարապետյանն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր իրողություններին և տնտեսական հնարավորություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման, հաղորդակցուղիների ապաշրջափակման և առևտրատնտեսական գործակցության ընդլայնման համատեքսում: 

Եվրոպական կապակցվածության, ենթակառուցվածքների և ռազմավարական ընտրության հնարավորությունների համատեքստում անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծին, նաև Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացման, միջազգային շուկաներին հասանելիության ընդլայնման և տարածաշրջանային ու միջազգային տնտեսական գործընթացներում առավել ակտիվ ներգրավվածության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքներին: 

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Սթիվ Ֆայնբերգը, Մատակարարման շղթաների կառավարման հունական ասոցացիայի (GASCM) և Սալոնիկի նավահանգստի ներկայացուցիչ Դիմիտրիոս Ցիցամիսը, Global Vision-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սորին Միհայ Պրեդան։

 

Հայերեն