Արայիկ Հարությունյանը սպորտային բժշկության և հոգեբանության զարգացման անհրաժեշտություն է տեսնում

4 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարության ուշադրությունն է հրավիրել սպորտային բժշկության և հոգեբանության խնդիրների վրա՝ կարևորելով մարզիկների բուժօգնության կազմակերպման և հոգեբանական աջակցության բարելավումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հարությունյանը թեմային անդրադարձել է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում՝ նշելով, որ ոլորտում ֆինանսավորման աճին զուգահեռ անհրաժեշտ են նաև համակարգային փոփոխություններ։

Դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պատգամավորը նշել է, որ առանձին լավ մասնագետների առկայությունը դեռևս չի ապահովում սպորտային բժշկության համակարգի արդյունավետ աշխատանքը։ Որպես խնդիր՝ նա առանձնացրել է վնասվածք ստացած մարզիկների բուժման կազմակերպման երկարատև գործընթացը։

«Տիկին Անդրեասյան, ես կարծում եմ, որ առաջիկայում մենք սպորտային բժշկության ուղղությամբ անելիք ունենք։ Մենք ունենք առանձին լավ սպորտային բժիշկներ, բայց մենք չունենք սպորտային լավ համակարգ։ Օրինակ՝ մարզիկները, որոնք վնասվածք են ստանում, շատ երկար է տևում գործընթացը, որպեսզի նրանք ուղեգրեր ստանան և իրենց բուժումը ստանան։ Եվ մենք պետք է այս ուղղությամբ նաև Առողջապահության նախարարության հետ աշխատենք»,- ասել է Հարությունյանը։

Նա առանձնացրել է նաև սպորտային հոգեբանության խնդիրը՝ նշելով, որ մարզիկները երբեմն մրցավայրում հոգեբանական դժվարությունների են բախվում՝ չնայած պատասխանատվությամբ ու լավագույնս պատրաստված լինելուն։ Հարությունյանի գնահատմամբ՝ մասնագիտական հոգեբանական աջակցությունը չի կարող փոխարինվել միայն մարզչի աշխատանքով։

«Մենք չունենք լավ սպորտային հոգեբանություն, հարգելի գործընկերներ»,- հայտարարել է պատգամավորը՝ անդրադառնալով նաև մարզիչների շրջանում հանդիպող մոտեցումներին։

«Գնում ես մարզիչներին ասում ես՝ մեզ սպորտային հոգեբաններ են պետք, ասում են՝ մեզանից ավելի լավ սպորտային հոգեբան չկա։ Հարգելի գործընկերներ, մենք այս վիճակը պետք է փոխենք»,- ընդգծել է նա։

Հարությունյանը սպորտը բնորոշել է որպես ժողովրդի առողջության, ամրության և կենսունակության կարևոր ցուցիչներից մեկը՝ նշելով, որ միջազգային մրցումներում մարզիկների արդյունքներն արտացոլում են նաև երկրի առաջընթացը։ Նա կարևորել է խորհրդարանում մարզական խնդիրների առավել խորքային քննարկումը։

Անդրադառնալով ֆինանսավորմանը՝ պատգամավորը հայտնել է, որ 2027 թվականի բյուջեի նախագծով սպորտին նախատեսվում է հատկացնել 25 միլիարդ դրամ։ Նա հիշեցրել է, որ 2017 թվականին ոլորտին հատկացվել էր 1,8 միլիարդ դրամ՝ աճը գնահատելով որպես էական փոփոխություն։ Հարությունյանն առանձնացրել է նաև մասսայական սպորտի ֆինանսավորման՝ 2026 թվականի համեմատ 134,8 տոկոս աճը։

Միաժամանակ Հարությունյանը քննադատել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությունը՝ այն բնորոշելով որպես «օլիգարխիկ» և պնդելով, որ նախկինում մարզիկների նկատմամբ քաղաքական հայտարարություններ անելու ճնշումներ են գործադրվել։

Պատգամավորն անդրադարձել է մարզիկների և մարզիչների պարգևավճարներին ու աջակցությանը՝ նշելով, որ դրանց նպատակը նրանց հնարավորություն տալն է կենտրոնանալ մարզումների և արդյունքների վրա՝ նվազեցնելով ընտանեկան ֆինանսական մտահոգությունները։

Ելույթի ավարտին Հարությունյանը մարզական ֆեդերացիաներին կոչ է արել փոփոխություններ նախաձեռնել ՀԱՕԿ-ում՝ այն համարելով սպորտի կառավարման հիմնական հենասյուներից մեկը։

«Սպորտը հիմնված է երեք հենասյուների վրա՝ նախարարություն, ֆեդերացիաներ և ՀԱՕԿ։ Հիմա սպորտը կաղում է մի ոտքից, որովհետև ՀԱՕԿ-ը տեղում չէ, և այստեղ պետք է փոփոխություններ իրականացնեն ֆեդերացիաները։ Ես իրենց կոչ եմ անում այդ փոփոխություններն իրականացնել»,- հայտարարել է նա։

Հայերեն

Digitec-ը դարձել է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի մասին խոսելու կարևոր հարթակ․ Դավիթ Թադևոսյան

Մեզ պետական պարտքը կրկնապատկելու մեջ մեղադրում են նրանք, որոնց իշխանության ժամանակ այն աճել է 6.6 ու 5.8 անգամ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում

Արայիկ Հարությունյանը սպորտային բժշկության և հոգեբանության զարգացման անհրաժեշտություն է տեսնում

Փաշինյանն ԱԺ ամբիոնից կրկնել է Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ ընդդիմությանն ուղղված առաջարկը

Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ նիստ է հրավիրել

ՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրել

Իտալական խոհանոցի շաբաթը մեկնարկեց Երեմյան Ակադեմիայում. հայ-իտալական խոհարարական դիվանագիտության 5-րդ տարին

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

Կասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ»-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը