1 րոպեի ընթերցում
Հարավային Կորեայում գրանցվել է 2016 թվականից ի վեր խոլերայով վարակման առաջին դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Կորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալությունը հայտնել է, որ բուժաշխատողները լաբորատոր հետազոտությունների նմուշների հիման վրա հաստատել են խոլերայի դեպք։ Նոյեմբերի սկզբին հիվանդը փսխման և փորլուծության ախտանշաններով դիմել է երկրի հարավարևելյան Չանվոն նավահանգստային քաղաքի հիվանդանոցի անհետաձգելի օգնության բաժանմունք։ Նոյեմբերի 17-ին հիվանդն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։
Ներկայում բուժաշխատողները փորձում են պարզել վարակի աղբյուրը, ինչպես նաև հայտնաբերել այն անձանց, որոնց հետ հիվանդը շփում է ունեցել։
Հարավային Կորեայում խոլերայով վարակման վերջին երեք դեպքը գրանցվել է 2016 թվականին։ Այն ժամանակ դա կապված է եղել սննդի մեջ վարակված ծովամթերքի օգտագործման հետ։