Գործարարները Կառավարությանը կներկայացնեն ոլորտային խնդիրներն ու դրանց լուծման առաջարկները

5 րոպեի ընթերցում

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել են Միության անդամների կողմից բարձրացված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները, որոնք առաջիկայում կներկայացվեն ՀՀ կառավարությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տարածած հաղորդագրությունից, նիստի օրակարգային առաջնահերթ հարցերից մեկին անդրադառնալով՝ կառույցի նախագահ Արսեն Ղազարյանն ընդգծել է գործարար համայնքի և Կառավարության միջև երկխոսության արդյունավետության բարձրացման կարևորությունը։ Նրա խոսքով՝ նախկինում իրականացված համատեղ քննարկումների փորձը ցույց է տվել, որ գործարարները, որպես տնտեսական իրավակարգավորումների անմիջական կիրառողներ, պետք է ոչ միայն մատնանշեն առկա խնդիրները, այլև հանդես գան դրանց լուծման հստակ առաջարկներով։

Քննարկման ընթացքում բարձրացված հարցերն ընդգրկել են տնտեսության տարբեր ոլորտներ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարկային բարեփոխումներին, արտահանման դիվերսիֆիկացմանը, արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացմանը, էներգետիկ քաղաքականության կառավարման ինստիտուցիոնալ մոտեցումներին, ներդրումների խրախուսմանն ու պաշտպանությանն առնչվող հարցերին։

Գործարարներն անհրաժեշտ են համարել նաև վերանայել Երևանում ապրանքների առաքում իրականացնող տրանսպորտային միջոցների կայանման և բեռնաթափման իրավական կարգավորումները։ Քննարկվել է արդյունաբերական գոտի ստեղծելու առաջարկը, որը, ըստ մասնակիցների, կարող է նպաստել Հայաստանի՝ որպես տարածաշրջանային արդյունաբերական հարթակի ձևավորմանը։

Առանձին անդրադարձ է կատարվել ապրանքների դրոշմավորման գործընթացում QR կոդերի կիրառման կարգավորումների պարզեցման անհրաժեշտությանը։ Գործարարների ներկայացմամբ՝ գործող համակարգը ընկերությունների համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական և կազմակերպական ծախսեր՝ կապված QR կոդերի ձեռքբերման, տպագրության և ապրանքների վրա տեղադրման հետ։

Մասնավորապես, յուրաքանչյուր QR կոդի ձեռքբերման համար ընկերությունը վճարում է 3 դրամ՝ առանց տպագրության և դրոշմավորման հետ կապված այլ ծախսերի հաշվառման։ Խնդիր է առաջանում խանութներից վերադարձված ապրանքների դեպքում․ գործող պահանջների համաձայն՝ դրանց վրա փակցված QR կոդերը ենթակա են դուրսգրման, ինչի հետևանքով ընկերությունը կորցնում է կոդի ձեռքբերման համար արդեն վճարված գումարը։ Մեծ ծավալների պայմաններում այս հանգամանքը լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծում տնտեսվարողների համար։

Նիստում քննարկվել են նաև մի շարք այլ բնագավառների, այդ թվում՝ պետական գնումների գործընթացի կարգավորմանն առնչվող խնդիրներ։ Դրանց առավել մանրամասն ուսումնասիրության և մասնագիտական առաջարկների մշակման նպատակով որոշվել է կազմակերպել առանձին ոլորտային հանդիպումներ։

Քննարկման արդյունքում որոշում է կայացվել համակարգել բարձրացված խնդիրները, հստակեցնել դրանց լուծման առաջարկները և առաջիկայում ներկայացնել գործադիր իշխանությանը՝ համատեղ լուծումներ գտնելու նպատակով։

Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից անժամանակ հեռացած ՀԱԳՄ խորհրդի անդամ, գործարար Ռաֆֆի Մեխջյանի հիշատակը։

Նիստի ընթացքում Արսեն Ղազարյանը ներկայացրել է նաև վերջին շրջանում Միության նախաձեռնությունների արդյունքները։ Դրանց թվում էին Երևանում կայացած Հայաստանի և Թուրքիայի գործարարների երկօրյա համաժողովը, ՀԱԳՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված «Armenia EXPO 2026» միջազգային 25-րդ ունիվերսալ առևտրաարդյունաբերական եռօրյա ներկայացուցչական ցուցահանդեսը, ինչպես նաև հոկտեմբերի 19-30-ը անցկացված COP17 համաժողովի շրջանակում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Կանաչ գոտում» Միության կազմակերպած տաղավարը, համաժողովն ու պանելային քննարկումները։

Խորհրդի որոշմամբ՝ ՀԱԳՄ անդամակցության հավաստագիր է հանձնվել «Մեդիսար» ՍՊԸ-ին՝ ի դեմս ընկերության տնօրեն Մանվել Գաբրիելյանի։

 

Հայերեն

Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի հետ հակամարտությունը կարգավորել բացառապես իր առաջարկներով. Էմմա Բեգիջանյան

Հրապարակվել է ԱՄՆ-Չինաստան-Ռուսաստան եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրը

Գործարարները Կառավարությանը կներկայացնեն ոլորտային խնդիրներն ու դրանց լուծման առաջարկները

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

ԿԲ-ի սթրես թեստի համաձայն՝ գազի գնի 10 տոկոս բարձրացումը կարող է բերել 0,6 տոկոս գնաճի

ԱԽՏՀ առաջնորդներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր

ԿԲ նախագահը կարևորում է տնտեսական ռիսկերին բյուջետային պահուստներով արձագանքելը

Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP

Ամերիկյան խորհրդատվական ընկերությունը ՀՀ պաշտոնյաներին ներկայացրել է երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները

ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ