3 րոպեի ընթերցում
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներին 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել ավելի քան 435 միլիարդ դրամ։ Կապիտալ ծախսերի համար նախատեսված է 164,4 միլիարդ դրամ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ընթացքում այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ներկայացնելով ոլորտային ծախսերի ծավալներն ու դրանց կատարման ցուցանիշները։
«Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների բյուջեն Կառավարության նախորդ ծրագրի մեկնարկի՝ 2021-ի համեմատ ավելացել է ավելի քան երկուսուկես անգամ։ 2027 թվականին այս ուղղություններին կհատկացվի ավելի քան 435 միլիարդ դրամ՝ 23 բյուջետային ծրագրի, 193 միջոցառման համար»,- ասել է Անդրեասյանը։
Նախարարը նշել է, որ կապիտալ ծրագրերի պլանավորման և իրականացման միջև նախկինում առկա տարբերությունը նվազել է՝ դա կապելով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հետ։
«2018 թվականին ընդամենը 1,3 միլիարդ դրամի կապիտալ ծախսեր ենք ունեցել։ 2025 թվականին նախարարության համակարգման ոլորտների փաստացի կատարված կապիտալ ծախսերը կազմել են 129,3 միլիարդ դրամ։ 2026 թվականի պլանով դրանց համար նախատեսված է 165,5 միլիարդ դրամ։ 2027 թվականին կապիտալ ծախսերին հատկացված է 164,4 միլիարդ դրամ, որը կազմում է մեր ընդհանուր հատկացումների 37,7 տոկոսը»,- ներկայացրել է նա։
Անդրեասյանը հայտնել է, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի տարեկան կատարողականը 2021 թվականի 12,9 միլիարդ դրամից 2025 թվականին գերազանցել է 120 միլիարդ դրամը։ 2026 թվականին միայն այդ ծրագրով ակնկալվում է շուրջ 150 միլիարդ դրամի կատարողական։
Նախարարը բյուջետային ծախսերի արդյունավետությունը կարևորել է նաև ժամանակի օգտագործման տեսանկյունից։
«Բյուջեի յուրաքանչյուր նախագծի շրջանակներում մենք կարևոր խնդիր ունենք սեփական անելիքները վերաիմաստավորելու, նախորդող ժամանակահատվածը վերլուծելու և առաջիկա անելիքները պլանավորելու։ Եթե մեր ներդրումները իմաստավորվում են ժամանակի մեջ, արդեն կարող են մեզ տանել դեպի զարգացում»,- ասել է Անդրեասյանը։