4 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը չի հրաժարվելու նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգից՝ անկախ խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումից։ Նա խոսել է հանրային ճնշման միջոցով ընդդիմության մոտեցումը փոխելու և քաղաքական գործընթացներն այն ուղղությամբ տանելու մասին, որ ընդդիմության այդ հատվածն այլևս խորհրդարանում չլինի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարել է նոյեմբերի 18-ին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի հարցին։
Չախոյանը քննադատել է նոր Սահմանադրության դեմ ընդդիմության գործողությունները՝ հարցնելով, թե ինչու են իրազեկման ակցիաներ իրականացվում, եթե ընդդիմադիր խմբակցությունները չեն պատրաստվում աջակցել նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։
Փաշինյանն իր պատասխանում նշել է, որ հանրությունը քննադատություններ ունի նաև իշխանության հասցեին, և կառավարությունը չի պնդում, թե երկրում ամեն ինչ կատարյալ է։ Միաժամանակ նա ընդգծել է ստանձնած քաղաքական պարտավորություններն իրականացնելու անհրաժեշտությունը։
«Մենք մեր ժողովրդի առաջ ստանձնել ենք պարտավորություն՝ ունենալ նոր Սահմանադրություն և ունենալ խաղաղություն։ Շատ անլուրջ կլինի, եթե մենք ինչ-որ ժամանակ անց գանք, ասենք՝ քանի որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կամ «Հայաստան» խմբակցությունը չի համաձայնվում այդ օրակարգի հետ, ուրեմն մենք հրաժարվում ենք այդ օրակարգից»,- հայտարարել է վարչապետը։
Նա պնդել է, որ քաղաքական մեծամասնությունն ու կառավարությունը վճռական են այդ ճանապարհով գնալու հարցում։ Փաշինյանի գնահատմամբ՝ խորհրդարանական ընդդիմությունը դիրքավորվում է որպես վերջնական և անշրջելի խաղաղության խոչընդոտ։
«Ես այսօր արդեն այդ գործընթացը սկսում եմ՝ ասում եմ, որ այս ընդդիմությունը դիրքավորվում է որպես խաղաղության հիմնական խոչընդոտ։ Հիմա մենք ունենք երկու ճանապարհ գնալու։ Ընդ որում՝ երկու ճանապարհ չէ, մեծ հավանականությամբ այս ճանապարհներից մեկը մյուսի շարունակությունն է»,- ասել է նա։
Առաջին տարբերակը վարչապետը կապել է հանրային ճնշման ձևավորման հետ։
«Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը խաղաղության օրակարգի շուրջ համախմբված է։ Հանրային ճնշում ենք ձևավորում, և ընդդիմությունն ի վերջո հրաժարվում է այդ դերակատարումից՝ խաղաղության խոչընդոտի դերակատարումից»,- հայտարարել է Փաշինյանը։
Որպես հնարավոր շարունակություն՝ նա ներկայացրել է երկրորդ տարբերակը։
«Քաղաքական գործընթացները տանում ենք այս ուղղությամբ, որ ընդդիմության այս հատվածը պարզապես այլևս խորհրդարանում չի լինում։ Մնացածն արդեն տեխնիկայի հարց է»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը չի մանրամասնել, թե երկրորդ տարբերակի դեպքում ինչ կոնկրետ քաղաքական մեխանիզմի մասին է խոսքը։
Նա նաև վերահաստատել է հանրաքվեի հնարավոր արդյունքի վերաբերյալ իր համոզմունքը։
«Մենք ունենք բավարար վճռականություն և կամք գնալու այդ ճանապարհով։ Եվ երկրորդը՝ համոզմունք ունեմ, որ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեին գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը»,- հայտարարել է վարչապետը։