Վարչապետը նոր Սահմանադրության հանրաքվեում ակնկալում է մեծամասնության աջակցությունը

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ նոր Սահմանադրության հանրաքվեում քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ կքվեարկի նախագծին։ Նա նոր Սահմանադրության ընդունումը կապել է հակամարտությունների էջը փակելու, խաղաղությունն ամրապնդելու և պետությունը սերնդեսերունդ փոխանցելու տեսլականի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարել է ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին։

Կարապետյանը խնդրել է անդրադառնալ խորհրդարանական ընտրությունների և Սահմանադրության հանրաքվեի տարբերություններին՝ նշելով, որ քաղաքացիների դիրքորոշումը նոր Սահմանադրության վերաբերյալ պարտադիր չէ համընկնի նրանց կուսակցական նախապատվությունների հետ։

Փաշինյանը պատասխանել է, որ նոր Սահմանադրության օրակարգը վերաբերում է պետության տեսլականին և մոդելին։

«Նոր Սահմանադրության հայեցակարգը և գաղափարաբանությունն առաջարկում է հենվել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա։ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքով ֆիքսել որպես պետություն և փակել կոնֆլիկտների էջը, պետությունը զարգացնել և այն փոխանցել սերնդեսերունդ։ Սրա մասին է»,- ասել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ առաջարկվող մոտեցման նպատակը խաղաղությունն ու ժողովրդի իշխանությունն անշրջելի դարձնելն է։

«Նոր Սահմանադրության ուղերձը մեկն է, որ մենք փակում ենք կոնֆլիկտների էջն ընդհանրապես բոլոր ուղղություններով և խաղաղությունը դարձնում ենք, ըստ էության, անշրջելի։ Սա է տրամաբանությունը։ Եվ ժողովրդի իշխանությունն ենք դարձնում անշրջելի»,- նշել է Փաշինյանը։

Արձագանքելով՝ Կարապետյանն անդրադարձել է 1990-ականներին առաջին Սահմանադրության շուրջ քննարկումներին՝ նշելով, որ այն մշակվել և ընդունվել է հակամարտության պայմաններում։ Նրա գնահատմամբ՝ ներկայում խաղաղության առկայությունն ավելի հանգիստ քննարկման հնարավորություն է ստեղծում։

Փաշինյանն իր հերթին գործող Սահմանադրությունը ևս բնութագրել է հակամարտությանը ծառայելու տրամաբանության համատեքստում։

«Սահմանադրությունները, ներառյալ գործող Սահմանադրությունը, ձևավորվել են կոնֆլիկտը սպասարկելու տրամաբանությամբ, և Սահմանադրության նոր տեքստը խաղաղությունը սպասարկելու համար է»,- հայտարարել է վարչապետը։

Նա նաև ներկայացրել է հանրաքվեի հնարավոր արդյունքի վերաբերյալ իր կանխատեսումը։

«Իմ համոզմունքն արտահայտեմ, որ հանրաքվեի արդյունքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գնալու է և կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը, որովհետև այդ Սահմանադրությանը կողմ քվեարկելով՝ ինքը քվեարկում է իր, իր սերունդների օգտին»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրությանն աջակցելը նաև նահատակների զոհողությունների նշանակությունն արձանագրելու և պետությունն ապագա սերունդներին փոխանցելու մասին է։

 

Հայերեն Русский

Վարչապետը պաշտպանել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցելու կառավարության քաղաքականությունը

Կոպեկ գողացողներին ուղարկելու ենք քրեակատարողական հիմնարկներ. ՀՀ վարչապետ

Հովտաշատի դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև փետրվար. Ժաննա Անդրեասյան

Հայ-վրացական համայնքային կապերի ամրապնդում՝ եվրոպական ինտեգրման ընդհանուր տեսլականով․ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Վարչապետը նոր Սահմանադրության հանրաքվեում ակնկալում է մեծամասնության աջակցությունը

Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատացմանը եղել է հրատապ արձագանք

Հայաստանը Ղրղզստանին է հանձնել թմրամիջոց իրացնելու համար մեղադրվող անձին

Վարչապետը կոչ է արել համբերատար մոտենալ հայ-ադրբեջանական երկխոսության խնդիրներին

Նոյեմբերի 19-ի միջոցառումների անոնս

Քիշնևը բողոք է հայտնել Մոսկվային Մոլդովայի տարածքում ԱԹՍ-ների ընկնելու կապակցությամբ. Moldpres