ՀՀ ազգային հերոսի կյանքի հետաքրքրական դրվագները՝ «Մոնթե» կինոնկարում. Ֆիլմը մեծ էկրաններին կլինի նոյեմբերի 25-ից

7 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյան մարդը, ռազմիկը, ամուսինն ու մեծ հայրենասերը նորովի կբացահայտվեն «Մոնթե» ֆիլմում, որը մեծ էկրան կբարձրանա նոյեմբերի 25-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը, որն ավելի վաղ հանրության դատին էր հանձնել «Վազգեն. վերջին սպարապետը» կինոնկարը։

Նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը ընկերության հիմնադիր Նոնո Սարգսյանն ընդգծեց՝ «Վազգեն» ֆիլմը ստեղծելիս հստակ իմացել են, որ հաջորդ կինոնկարն անդրադառնալու է Մոնթե Մելքոնյանին։

«Ե՛վ «Վազգեն», և՛ «Մոնթե», և՛ առաջիկա ֆիլմերի պարագայում զերծ ենք մնալու քաղաքականությունից։ Դա ինձ համար օրենք է։ Ինչպես հորեղբայրս՝ Վազգեն Սարգսյանն էր ասում, քաղաքականությունն անբարոյականություն է։ Քաղաքական հոսանքները գալիս ու գնում են, իսկ արժեքները պետք չէ խառնել այդ ամենին։ Չեմ ցանկանում ֆիլմերն այդ դաշտ տանել։ «Մոնթե» կինոնկարում կտեսնեք նրա մարդ տեսակը,  նորովի կճանաչեք Մոնթեին, իսկ մեր աղբյուրը նրա կինն էր՝ տիկին Սեդան, որը պատմել է այս պատմությունը»,-նշեց Սարգսյանը։

Նա կարծում է՝ իդեալական մարդիկ, իդեալական կերպարներ չկան, սակայն իրենք ցանկանում են սերունդներին հերոսների թողնել, չներկայացնել կերպարների՝ իրենց բոլոր թերություններով։ «Այո՛, կան բաներ, որոնց մասին պետք է լռել։ Ֆիլմում տեսնում ենք մանուկ Մոնթեին, որն ապրում է ԱՄՆ-ում, մեծանում մի ընտանիքում, որտեղ հայրենասիրական մթնոլորտն ակնհայտ չէ, տղայի, որը հայերեն է սովորում դպրոցական տարիներին։ Երբ ծնողները հայերեն են խոսել, դա Մոնթեի համար օտար լեզու է եղել։ Ինչ-որ պահի նրա մեջ ասես գենը ժայթքել է»,-ասաց Նոնո Սարգսյանն  ու խոստովանեց՝ հպարտության զգացում ունի, քանի որ «Մոնթե» ֆիլմը ստեղծելը բավականին բարդ է  եղել։ Երբ նրան հարցնում են, թե ինչի համար է ստեղծում հերոսների մասին ֆիլմեր, պատասխանում է՝ իր երեխայի համար։

Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանն է, որը «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի երկրորդ ռեժիսորն է եղել։ Նոնո Սարգսյանը նրան չափազանց տաղանդավոր է համարում և կարծում է՝ նրա կատարած աշխատանքն անգնահատելի է։ Ռեժիսորին հաջողվել է լավ հարաբերություններ կառուցել Սեդա Մելքոնյանի հետ, ինչի արդյունքում արդյունավետ համագործակցություն է ստացվել։

«Տիկին Սեդան մեզ թև և թիկունք է եղել ամեն հարցում։ Ֆիլմի սևագիր կառուցվածքն ունենալուց հետո սկսեցինք միասին գրել սցենարը։ Աղբյուրները տարբեր են՝ նամակներ, փաստագրական այլ նյութեր, Մոնթեի գրվածքները, ինքնաքննադատական նյութեր և այլն, սակայն տիկին Սեդան մեզ համար Մոնթե Մելքոնյանի կյանքի և գործունեության հիմնական ինֆորմացիոն աղբյուրն էր։ Նոնոյի շնորհիվ մեր և նրա միջև ստեղծագործական հետաքրքիր փոխհարաբերություններ ձևավորվեցին։ Մեզ համար շատ կարևոր էր, թե նա ինչպես կընկալի ինձ՝ որպես ստեղծագործողի։ Կար վտանգ, որ նրան դուր չեմ գա, և փոխհարաբերությունները չեն ստացվի, քանի որ նա շատ բծախնդիր է. տառին, բառին, հնչողությանը շատ մեծ ուշադրություն է դարձնում»,-պատմեց ռեժիսորն ու հավելեց՝ միասին են ստեղծագործել։

Ամեն անգամ, երբ Սաֆարյանն ինքն իրեն հարց է տվել, թե այս կամ այն իրավիճակում ինչ կաներ Մոնթեն, Սեդա Մելքոնյանը նրան ուղղություն է ցույց տվել։

Ռեժիսորը հիշեցրեց, որ Մոնթե Մելքոնյանի մասին բազմաթիվ լեգենդներ կան, սակայն իրենք միայն փաստերն են ներկայացրել՝ գեղարվեստական փաթեթավորմամբ։

Սաֆարյանի խոսքով՝ ֆիլմում վառ է արտահայտված Մոնթեի ազնվությունը։ Հենց այդ  տրամաբանությամբ են առաջնորդվել՝ ընտրելով Մոնթեի և Սեդայի դերակատարներին։  Մոնթե Մելքոնյանի դերակատարը Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Վլադիմիր Մսրյանն է, Սեդայի դերակատարը՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանը։ Նրանք ընտրվել են քասթինգի միջոցով։

Վլադիմիր Մսրյանը կարծում է՝ Genetic Production-ը մշակույթի միջոցով վերականգնում են ազգային արժանապատվությունն ու ազգային արժեքները։

«Ներկայացումից հետո թատրոնում զինվորական հանգուստ գտա և հենց այդ հագուստով գնացի քասթինգի։ Չէի հավատում, որ դերն ինձ է տրվել։ Հայ մարդու, հայ դերասանի համար նման դերակատարումը և՛ մեծ պատասխանատվություն է, և՛ բախտավորություն։ Դերասանի կյանքում կամ մեկ անգամ է նման բան լինում, կամ չի լինում»,-ասաց Մսրյանը։

Դերը կերտելու համար ուսումնասիրել է Մոնթե Մելքոնյանի մասին առկա նյութերը, գրականությունը։ Նրան աջակցել է Սուրեն Սաֆարյանը։

Դերասանի համար Մոնթե Մելքոնյանը հերոս է եղել թե՛ կնոջ կողքին, թե՛ մարտի դաշտում։ Ըստ նրա՝ իր կյանքը փոխվել է ֆիլմից հետո, քանի որ փորձել է հասկանալ Մոնթե Մելքոնյանի մտածողությունը, աշխարհայացքը, հոգեբանությունը։ «Բացարձակ արժեքներ ունեցող մարդուն խորն ուսումնասիրելուց հետո չես կարող չփոխել հայացքներդ, չեն կարող չփոխվել հայրենասիրության չափն ու տեսակը»,-շեշտեց Վլադիմիր Մսրյանը։

Հռիփսիմե Նահապետյանը ևս ոգևորությամբ է մասնակցել քասթինգին և այնպես ներկայացել, ասես արդեն ընտրվել է։ Հետո, ինչպես ինքն է ասում, այդ հրաշքը տեղի է ունեցել. ընտրվել է։ Ռեժիսորի հորդորով չի հանդիպել Սեդա Մելքոնյանի հետ, հիմնականում օգտվել է գրականությունից, դիտել է Սեդա Մելքոնյանի հարցազրույցները։

«Սկզբում չէի հասկանում, թե ինչու։ Ֆիլմում մի հուզումնալից տեսարան կա, որի նկարահանման նախորդ օրից պատրաստվում էի լաց լինել այդ տեսարանում։ Նկարահանման օրը ռեժիսորն ասաց, որ իրականում տիկին Սեդան լաց չի եղել այդ ժամանակ։ Ստիպված էի զսպել իմ արցունքները։ Դա այնքան ճիշտ էր, որովհետև էկրանին լավ երևում է, թե ինչպես ես փորձում զսպել արցունքները։ Լավ է, որ վստահեցի ռեժիսորին և ավելորդ հարցեր չտվեցի»,-ասաց դերասանուհին։

Նահապետյանի համար Մոնթե Մելքոնյանն արդար հայ է, հայրենասեր մարդ, որի պակասն այսօր զգացվում է։ «Փորձում ես ինքդ քո մեջ գտնել այդ հայրենասիրությունն ու այդպես ապրել»,-ասաց դերասանուհին և խոստովանեց՝ մինչ օրս ինքն իրեն հարցնում է՝ կկարողանա՞ր այդքան արժանապատիվ հերոսի կին լինել։

Ֆիլմի ստեղծագործական կազմը դեռ չի մտածել «Մոնթե» կինոնկարը փառատոններում ներկայացնելու մասին, սակայն հստակ գիտի, թե ով է լինելու հաջորդ ֆիլմի հերոսը, որի անունը դեռ չի բացահայտի։

Հայերեն

Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերը

Սուրեն Պապիկյանն ու Սանջայ Սեթը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Առողջության համընդհանուր ապահովագրությունը շատ ճիշտ ներդրում է այսօրվա և ապագայի մեջ. Անահիտ Ավանեսյան

ՀՀ ազգային հերոսի կյանքի հետաքրքրական դրվագները՝ «Մոնթե» կինոնկարում. Ֆիլմը մեծ էկրաններին կլինի նոյեմբերի 25-ից

ՄՍՇՊՀ-ն հակամրցակցային համաձայնության համար տուգանել է էլեկտրոնային հաղորդակցության երեք խոշոր օպերատորներին

Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի

Պարսից ծոցի մի շարք երկրներ դատապարտել են Իրանի հարձակումները Քուվեյթի և Բահրեյնի վրա

Մենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի. Արփինե Սարգսյանը՝ Ռեյկյավիկի 9-րդ գլոբալ ֆորումում

Պաշտպանական բյուջեն ձևավորելիս հարևան երկրների ցուցանիշները վերլուծվում են․ ՀՀ ֆինանսների նախարար

Եվրահանձնաժողովն Ուկրաինային 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նոր ծրագիր է առաջարկել