Թրամփը Չինաստան այցից առաջ հայտարարել է Ֆիլիպինների հետ պաշտպանական համագործակցությունն ընդլայնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 18-ին խոստացել է ընդլայնել պաշտպանական համագործակցությունը Ֆիլիպինների հետ՝ նպատակ ունենալով ամրապնդել Վաշինգտոնի դիրքերը Ասիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Թրամփը նման հայտարարություն է արել Չինաստան ժամանելուց առաջ՝ Մանիլայում Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոսի հետ հանդիպմանը։ ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Ֆիլիպինների հետ գործակցությունը՝ դա բնորոշելով որպես Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենահին և կարևոր դաշինքներից մեկը։

«Մենք նաև ընդլայնում ենք մեր պաշտպանական համագործակցությունը, որը միշտ եղել է աշխարհի այս հատվածի անվտանգության կարևոր հիմնասյուներից մեկը»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն աջակցել է Մանիլայի համար ռազմական ֆինանսավորման ավելացմանը պատմական ծավալներով։

«Կարող եք նայել ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական սպառազինությանը։ Ոչ ոք մեզ նման զենք չի արտադրում, և մենք այն արտադրում ենք շատ ավելի արագ։ Բոլորն են ցանկանում դրանք», - ասել է նա։

Թրամփն Ասիա ուղևորությունը սկսել էր Ֆիլիպիններից, որտեղ նոյեմբերի 17-ին հանդիպել էր Քառյակի երկրների ղեկավարների հետ։ Այդ հնդխաղաղօվկիանոսյան ձևաչափում ընդգրկված են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանը և Ավստրալիան։ Քննարկման օրակարգում ընդգրկված են եղել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող հանքանյութերը, ծովային անվտանգության և արհեստական բանականության հարցերը։

Ըստ չինական լրատվամիջոցների՝ Թրամփն արդեն ժամանել է Չինաստանի Շենժեն քաղաք, որտեղ կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։ Նոյեմբերի 19-ին նախատեսված են եռակողմ բանակցություններ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հայերեն Русский