Ֆինանսների նախարարն աղքատության նվազում է ակնկալում կենսաթոշակների բարձրացումից ու առողջության ապահովագրությունից
3 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ կենսաթոշակների բարձրացումն ու առողջության ապահովագրության համակարգի ներդրումն էապես կփոխեն երկրում աղքատության պատկերը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այդ մասին ասել է նոյեմբերի 18-ին խորհրդարանում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին։
Մանուկյանը հետաքրքրվել է, թե աշխատողների քանի՞ տոկոսն է ստանում միջինից ցածր և նվազագույն աշխատավարձ։ Նա նաև հարցրել է՝ ինչո՞ւ տնտեսական աճն ու պետական եկամուտների ավելացումը չեն ապահովում աղքատության խոստացված նվազումը։
«Ձեր ներկայացրած ամեն ինչը շատ լավ է՝ տնտեսական աճ, գումարները շատացել են, ամեն ինչ բարձրացել է, բայց ժողովուրդն աղքատ է ապրում։ Կարո՞ղ եք այդ երկու ցուցանիշն ասել ու հաջորդիվ ասել՝ թե ինչու ձեր քաղաքականության շնորհիվ ինչո՞ւ չի իջել աղքատության մակարդակը, ինչպես խոստացել էիք»,- հարցրել է պատգամավորը։
Անդրադառնալով աղքատության մակարդակին՝ նախարարը նշել է, որ դրա նվազման տեմպը դեռևս չի համապատասխանում ակնկալիքներին։
«Մենք կուզենայինք, որ ընդհանրապես աղքատ մարդ չլիներ։ Բայց ես ձեզ կարող եմ ասել, որ թոշակների բարձրացումը և առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումն էապես փոխելու են այս պատկերը։ Իհարկե, հիմա վիճակագրությունը դեռ հրապարակված չէ, որովհետև աղքատությունը դեռ գնահատված չէ 2026 թվականի համար»,- հայտարարել է Հովհաննիսյանը։
Նա ուշադրություն է հրավիրել նաև չաշխատող քաղաքացիների սոցիալական վիճակի վրա՝ ընդգծելով, որ աշխատատեղերի վերաբերյալ ցուցանիշները չեն արտացոլում ամբողջ բնակչության եկամուտները։
Արձագանքելով՝ Մանուկյանը կրկին հարցրել է, թե Կառավարությունն իր վարած քաղաքականության մեջ որտե՞ղ է տեսնում խնդիրը։
Հովհաննիսյանը չի համաձայնել աղքատության չնվազելու վերաբերյալ ձևակերպմանը։
«Աղքատությունը կարողացել ենք նվազեցնել և աղքատությունը նվազեցրել ենք ամեն տարի։ Աղքատությունը նվազե՞լ է այն չափով, ինչպես մենք ու դուք կուզենայինք, արդեն ասացի՝ ո՛չ»,- պատասխանել է նախարարը։
Նա հավելել է, որ սոցիալական քաղաքականություն իրականացնող գերատեսչությունը աշխատանքի և բարեկեցության նախարարությունն է, և այդ ոլորտի հարցերին համապատասխան նախարարը կարող է առավել մանրամասն ու ամբողջական պատասխանել։