Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի տեմպն արագացել է․ Վահե Հովհաննիսյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի ընթացքն արագացել է, իսկ նախատեսվածից ավելի ծախսերի անհրաժեշտության դեպքում ֆինանսավորումը կապահովվի պահուստներից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում  2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում պատասխանել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին։

Գալստյանը հետաքրքրվել է՝ գնահատվե՞լ է արդյոք բնակարանային աջակցության ծրագրերի արդյունավետությունը, և ինչո՞վ է պայմանավորված համապատասխան երկու ծրագրերով նախատեսված հատկացումների՝ իր հաշվարկով շուրջ 2,2 միլիարդ դրամով նվազումը։ Պատգամավորը նշել է, որ իր ունեցած տվյալներով՝ հավաստագրերն իրացրել է շուրջ չորս հազար ընտանիք։

Հովհաննիսյանը պատասխանել է, որ պատգամավորի ներկայացրած վիճակագրությունը հին է․ իր տեղեկություններով՝ արդեն շուրջ 9 հազար ընտանիք հավաստագիր է ստացել։

«Այդ գործընթացը վերջին շրջանում բավականին արագացել է, և դա նշանակում է, որ այն փոփոխությունները, որոնք իրականացվել են Կառավարության կողմից այս ծրագրում, արդյունավետ են»,- ասել է նախարարը։

Նա պարզաբանել է, որ բյուջետային հատկացումները հաշվարկվում են՝ հաշվի առնելով միջոցների իրատեսական ծախսման հնարավորությունը։

«Մեր նպատակն այն է, որ դնենք այնքան գումար, որքան հավանականություն կա, որ կծախսենք։ Որովհետև, եթե մի տեղ ավել ենք դնում և չենք ծախսում, դա նշանակում է՝ ինչ-որ տեղ ինչ-որ մի չարված ծրագիր։ Բայց, քանի որ այս ծրագրերը պահանջարկով մղվող են, եթե նույնիսկ ինչ-որ պարագայում կունենանք հավելյալ ծախսեր, ապա մենք ունենք պահուստներ, որտեղից այդ խնդիրները կլուծենք»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

Լիլիթ Գալստյանը, արձագանքելով նախարարի հայտարարությանը, շեշտել է, որ տրամադրված հավաստագրերի թիվը պետք է տարբերակել դրանց իրացման ցուցանիշից։ Նա հիշեցրել է, որ հոկտեմբերին խորհրդարանում կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ տեղահանված քաղաքացիները բարձրաձայնել են բնակարանային ծրագրի խնդիրները, իսկ քննարկման արդյունքները փոխանցվել են Կառավարությանը։

«Բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետությունը բացարձակապես պետք չէ գնահատել տրված հավաստագրերի թվով, այլ՝ իրացման մակարդակով։ Սերտիֆիկատների տրամադրումը չի նշանակում, որ դուք լուծել եք բնակարանային խնդիրը։ Այսօր հազարավոր ընտանիքներ բախվում են լրջագույն սոցիալական խնդրի՝ կոնկրետ բնակարանային»,- ասել է պատգամավորը։

Հովհաննիսյանը պատասխանել է, որ ծրագրի մշակման ժամանակ քննարկումներ են անցկացվել շահառուների և միջազգային կազմակերպությունների հետ, իսկ գործարկումից հետո կատարվել են բարելավումներ։

«Ընթացքում հասկացել ենք, որ կա դրա բարելավման կարիք, և ընթացքում կատարվել են փոփոխություններ։ Այո՛, դուք ճիշտ եք, ծրագրի սկզբում տեմպը մի փոքր ավելի դանդաղ էր, բայց, ինչպես ասացի, հիմա տեմպը բավականին արագացել է, և դա նշանակում է, որ այդ փոփոխություններն արդյունավետ են»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ գրավոր առաջարկին կպատասխանեն մանրամասն վիճակագրությամբ։

Հայերեն English Русский

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախագիծը

Կոնգոյում էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 11 500-ը

Արարատի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի տեմպն արագացել է․ Վահե Հովհաննիսյան

Հրազդանը և Վաղարշապատը մրցում են 2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար․ առցանց քվերարկություն

Արաբական կոալիցիան հաղորդել է Էր Ռիադի վրա հութիների արձակած թևավոր հրթիռի կալանման մասին

Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ

Կառավարությունը 1 տարով կերկարաձգի Ղարաբաղից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը

Թուրքմենստանը և Պակիստանը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում