ՃՇՀԱՀ-ի և ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
5 րոպեի ընթերցում
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ՃՇՀԱՀ-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ուսանողական կացարանների նախագծման աշխատանքներում համագործակցության վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում ուսանողներին շնորհավորեց Ուսանողների միջազգային օրվա առթիվ և ընդգծեց, որ մեկնարկող համագործակցությունն առաջին հերթին ուսանողների մասին է, և ուսանողական կացարաններով ակադեմիական քաղաքի կառուցման սկսումը խորհրդանշական է։
«Մեր ուսանողների զգալի մասն ուսումնառության ընթացքում կեցության հարցերի կարգավորման անհրաժեշտություն է ունենում, և ոչ միշտ է, որ այդ հարցերը կարգավորվում են լավագույն ձևով։ Հատկապես հիմա, երբ տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկայում շարունակաբար բարձրանում են վարձակալության գները, ինչն ազդում է մեր ուսանողների կեցությունը կազմակերպելու այլընտրանքների ու հնարավորությունների վրա։ Ակնհայտ է, որ ուսանողական կացարաններն ավելի քան անհրաժեշտություն են։ Ակադեմիական քաղաքը մեծածավալ ծրագիր է, որը պետք է իրականացվի տարբեր փուլերով։ Ամենակարևոր անելիքներից մեկը հենց ուսանողական կացարանների կառուցումն է, հետևաբար ծրագրի առաջին փուլում նախատեսված է 3600 ուսանողների կեցությունը նախատեսող կացարաններ ունենալ»,- ասաց Անդրեասյանը։
Նա հավելեց, որ այդ դեպքում հնարավորություն կունենան կացարաններից օգտվել նաև այսօրվա ուսանողները, ովքեր գալիս են նաև ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերից։ Նախարարը շեշտեց նաև այն իրողության կարևորությունը, որ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման ժամանակ ՃՇՀԱՀ-ն կոնսորցիումի անդամ էր։
«Այս ծրագիրը ոչ միայն նոր միջավայրի ձևավորման, այլև կրթության մասին է, ուստի մասնագիտական բուհի ներգրավումը միջազգային գործընկերների հետ հնարավորություն է տալիս առնչվել փորձառությանը, ուսանողներն այդ կերպ ստանում են համապատասխան պրակտիկ գիտելիքներ՝ իրականում իրենց բաժին քարը դնելով ակադեմիական քաղաքի կառուցման գործում»,- ասաց Անդրեասյանը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանն էլ նշեց, որ խորհրդանշական օրվա առթիվ սույն նախաձեռնության կենտրոնում ուսանողներն են ու նրանց կրթական միջավայրը։
«Ստորագրվող հուշագիրը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում մեր համալսարանի մասնագիտական փորձն ու գիտակրթական ներուժն ակադեմիական քաղաքի ուսանողական կացարանների նախագծմանն ուղղելու և ուսանողների կարիքներին համապատասխան միջավայրի ձևավորմանը նպաստելու համար։ Ուսանողական կացարանները պարզապես բնակելի տարածքներ չեն, դրանք պետք է լինեն անվտանգ, հարմարավետ, ներառական և կայուն միջավայրեր, որտեղ ուսանողները կարող են ապրել, սովորել ու ձևավորել ակտիվ համայնք։ Դրա համար անհրաժեշտ է համադրել ճարտարապետական մտածողությունը, շինարարական ու ինժեներական լուծումները, քաղաքաշինական մոտեցումներն ու ուսանողների կարիքների ճիշտ ըմբռնումը»,- ասաց Բարսեղյանը։
Նա վստահեցրեց, որ ՃՇՀԱՀ-ն իր մասնագիտական փորձն ու գիտակրթական ներուժը կներդնի տվյալ ծրագրի մեջ և իրեն վերապահված աշխատանքները կներկայացնի լավագույն կերպով։
Այնուհետև կայացավ հուշագրի ստորագրման արարողությունը։ Հուշագիրը ստորագրեցին ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը։
Հուշագիրը նախատեսում է քննարկումներ, աշխատաժողովներ, փորձագիտական հանդիպումներ, ինչպես նաև սահմանված պահանջներին համապատասխան՝ ուսանողների ներգրավում փորձնական ուսուցման, պրակտիկայի, հետազոտական և նախագծային աշխատանքներում՝ դասախոսների ղեկավարությամբ։