«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խուց հոգեմետ դեղահաբեր տեղափոխած բուժքույրը ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր և ինքնաշեն խաղաթղթեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, նշելով, որ դեղահաբերը հիմնարկ է տեղափոխել Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժքույրը։

«Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում նախապես ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում առկա են թմրամիջոցներ և արգելված իրեր։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեակատարողական ծառայողները խուզարկություն են իրականացրել նշված խցում և հայտնաբերել են դեղահաբեր և ինքնաշեն խաղաթղթեր։ Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված դեղահաբերը հոգեմետ են, և դրանք խուց է բերել Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքույրը՝ տրամադրելով դեղահաբերն օրենքով սահմանված կարգով բժշկի նշանակում չունեցող ազատազրկված անձի»,– նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։ 

Բուժքույրը ձերբակալվել է «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից, նյութերը փոխանցվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաձեռնված վարույթի շրջանակներում բուժքրոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։  

Հայերեն