2 րոպեի ընթերցում
Եվրոպան պաշտպանական ոլորտում ռազմավարական ինքնավարության կկարողանա հասնել ոչ շուտ, քան 2035 թվականին, և դա միայն ռազմական ծախսերի հետագա ավելացման պայմանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բելգիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆրեդերիկ Վանսինան։
«Մինչև 2035 թ. մենք կհասնենք այդ եվրոպական ռազմավարական ինքնավարությանը. իհարկե, այն պայմանով, որ բյուջեները շարունակեն համապատասխանել կարիքներին», - հայտարարել է գեներալը։
Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ եվրոպական պետություններն ապավինել են ԱՄՆ-ի ռազմական աջակցությանը, որը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների համար ապահովել է պաշտպանական կարողությունների հիմնական մասը։
«Մենք միշտ սովոր ենք եղել Միացյալ Նահանգներին տեսնել որպես բարյացակամ ավագ եղբոր, պաշտպանի, որը համաձայնել է վճարել Եվրոպայի պաշտպանական ծախսերի 75 տոկոսը», - նշել է Վանսինան։
Գեներալի կարծիքով՝ այդ դարաշրջանն ավարտվել է։ Նա դաշինքի ներսում հարաբերությունների նոր մոդելն անվանել է «ՆԱՏՕ 3.0», որի դեպքում ԱՄՆ-ն կշարունակի ապահովել միջուկային զսպումը, սակայն եվրոպական երկրներն ստիպված կլինեն ստանձնել սովորական զինված ուժերի ծախսերի զգալիորեն ավելի մեծ մասը։