Երևանում քննարկվում են բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական նոր չափանիշները

8 րոպեի ընթերցում

Երևանում եվրոպական մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ քննարկում են բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական չափանիշների և ուղեցույցների վերանայումը, դրանց կիրառման փորձն ու հետագա զարգացման ուղղությունները։ Նոր չափանիշների ընդունումը նախատեսվում է 2027 թվականին՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 16-18-ը Երևանում անցկացվում է Բոլոնիայի գործընթացի Որակի ապահովման թեմատիկ գործընկերային խմբի (TPG C) 5-րդ հանդիպումը, որը հյուրընկալում է Հայաստանը՝ որպես խմբի համանախագահող երկիր։ Հանդիպումը կազմակերպել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամը։

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար, Բոլոնիայի գործընթացի Որակի ապահովման թեմատիկ գործընկերային խմբի համանախագահ Վարդուհի Գյուլազյանի խոսքով՝ Երևանում անցկացվող հանդիպումը նաև խորհրդանշական նշանակություն ունի։ 2015 թվականին հենց Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովում ընդունվել են Որակի ապահովման եվրոպական չափանիշների և ուղեցույցների (ESG) վերանայված տարբերակը և Երևանյան կոմյունիկեն։ Տասնմեկ տարի անց եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման ոլորտի ներկայացուցիչները կրկին հավաքվել են Երևանում՝ քննարկելու նույն փաստաթղթի վերանայված տարբերակը։

Գյուլազյանը նշեց, որ հանդիպմանը ներկայացված են 47 երկրի և 7 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ։ Քննարկումների առանցքում որակի ապահովման համակարգերի զարգացումն է, առաջիկա ռազմավարական ուղղությունների սահմանումը և եվրոպական չափանիշների վերանայումը։

«Մեզ համար խորհրդանշական է, որ 2015 թվականին եվրոպական չափանիշներն ու ուղեցույցները հաստատվել են Հայաստանում, և այսօր՝ 2027 թվականի նախարարական համաժողովից առաջ, նույն փաստաթուղթը կրկին քննարկվում է Երևանում։ Մենք հնարավորություն ունենք դրա վերաբերյալ կարծիքներ արտահայտելու և դիտարկումներ ներկայացնելու, որպեսզի 2027 թվականին հաստատվի վերանայված տարբերակը»,-նշեց Գյուլազյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին եվրոպական չափանիշների վերանայման շրջանակում տարբեր երկրներ ներկայացրել են իրենց դիտարկումները, իսկ քննարկումների ընթացքում առանձնացվել են բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններն ու նոր մարտահրավերները։ Դրանց թվում են կրթական վերջնարդյունքների ձեռքբերումը, արհեստական բանականության պատասխանատու կիրառումը, փոքր որակավորումների որակի ապահովումը և բուհերի որակի ներքին ապահովման համակարգերի զարգացումը։

Գյուլազյանն ընդգծեց, որ Հայաստանում ևս նախատեսվում է վերանայել որակի ապահովման ազգային չափորոշիչները՝ հաշվի առնելով եվրոպական նոր մոտեցումները և տեղական փորձը։ Հանդիպման շրջանակում հայաստանյան հինգ բուհերի ներկայացուցիչներ նաև իրենց փորձը կներկայացնեն միջազգային գործընկերներին։

«Շատ կարևոր է, որ մենք ցույց ենք տալիս ոչ միայն այն, որ սովորում ենք տարբեր երկրներից, այլև ներկայացնում ենք մեր սեփական փորձը։ Մեզ համար առաջնահերթություններից մեկը բուհերում վերջնարդյունքահեն կրթության տարածումն է, և մեր չափորոշիչները նույնպես փոփոխության ենք ենթարկելու՝ հաշվի առնելով եվրոպական չափանիշներն ու ուղեցույցները»,-ասաց նա։

Բոլոնիայի գործընթացի Որակի ապահովման թեմատիկ գործընկերային խմբի համանախագահ, Ռումինիայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալության (ARACIS) գլխավոր տնօրեն Դանիելա Քրիստինա Գիտուլիկան նշեց, որ որակի ապահովումը Բոլոնիայի գործընթացի առանցքային պարտավորություններից է, որի իրականացման համար եվրոպական երկրները կիրառում են տարբեր մեխանիզմներ։ Դրանց շարքում են որակի ապահովման եվրոպական չափանիշներն ու ուղեցույցները, համատեղ կրթական ծրագրերի գնահատման եվրոպական մոտեցումը և երկրների միջև փոխադարձ ուսուցման ու փորձի փոխանակման մեխանիզմները։

Նրա խոսքով՝ վերջին տասնամյակում բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես՝ թվայնացումը, արհեստական բանականության զարգացումը և ուսանողակենտրոն ուսուցման նոր մոտեցումները, առաջացրել են գործող չափանիշների վերանայման անհրաժեշտություն։ Միաժամանակ որակի ապահովման գործընթացներում ավելի մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն վերահսկողությանը, այլև կրթության որակի շարունակական բարելավմանը։

Նա նշեց, որ ESG-ի նոր տարբերակն արդեն հաստատվել է Դուբլինում կայացած քննարկումների արդյունքում և հրապարակվել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կայքում։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը 2027 թվականին կհաստատվի նախարարների կողմից։

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (EHEA) քարտուղարության ղեկավար Հորիա Օնիցան ևս կարևորեց այն հանգամանքը, որ եվրոպական երկրների նախարարությունների և որակի ապահովման գործակալությունների ներկայացուցիչները տասնմեկ տարի անց կրկին հավաքվել են Հայաստանում՝ քննարկելու բարձրագույն կրթության որակի ապահովման ապագան։

Նրա խոսքով՝ գործող չափանիշների վերանայումը պայմանավորված է բարձրագույն կրթության համակարգերը արագ փոփոխվող աշխարհին հարմարեցնելու անհրաժեշտությամբ։

«Աշխարհը, որտեղ մենք այսօր ապրում ենք, այլևս այնպիսին չէ, ինչպիսին տասնմեկ տարի առաջ էր։ Որակի ապահովումը և բարձրագույն կրթությունը պետք է հարմարվեն այդ փոփոխություններին։ Խոսքը միայն արհեստական բանականության մասին չէ, այլև այն մասին, թե ինչպես է բարձրագույն կրթությունը հարմարվում աշխատանքի նոր աշխարհին, որպեսզի ուսանողները ձեռք բերեն այնպիսի հմտություններ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են նոր տնտեսության և հասարակության մեջ հաջողության հասնելու համար»,-նշեց Օնիցան։

Նա ընդգծեց, որ որակի ապահովումը չպետք է լրացուցիչ բեռ դառնա բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, այլ պետք է նպաստի դրանց գործունեության բարելավմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հաստատության առաքելությունը, առանձնահատկություններն ու գործունեության միջավայրը։

Անդրադառնալով երևանյան հանդիպման ակնկալվող արդյունքներին՝ Օնիցան նշեց, որ մասնակիցները կքննարկեն տարբեր երկրների ազգային քաղաքականությունները, փոքր որակավորումների կարգավորումները, ճկուն կրթական ուղիները, համատեղ կրթական ծրագրերը և միջսահմանային համագործակցության փորձը։ Քննարկումների կարևոր ուղղություններից է նաև եվրոպական նոր չափանիշների ներդրումն ազգային օրենսդրություններում։

Հայերեն English

Հայաստանը չի ընդունում Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումը․ Ռուբինյան

Երևանում քննարկվում են բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական նոր չափանիշները

Ավինյանը ներկայացրել է Երևանի խցանումների խնդրի հնարավոր լուծումները

Ջերմուկում մայր արջը շրջում է ձագերի հետ․ ՇՄ նախարարությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա

«Եվրատեսիլ 2027»-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA

Գեղարքունիքում «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շահառու կանայք ստացել են բիզնեսի համար անհրաժեշտ սարքավորումներ

Իրանի զինվորականները հայտնել են Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի վրա գրոհելու մասին

Ադրբեջանցի զինծառայողը Շաքիի բնակարանում 6 կրակոց է արձակել, զենքով սպառնացել երեխաներին. Մուսաևի գործը մուտքագրվել է դատարան

Ծովինար գյուղի նորաստեղծ թաղամասում խմելու ջրատար է կառուցվում