3 րոպեի ընթերցում
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի շրջանակներում Մոսկվայում կայացել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով կարեւորել է նախաձեռնությունը եւ շնորհակալություն հայտնել գործընկերներին Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման գործում ցուցաբերած աջակցության եւ ներդրած ջանքերի համար։
«Այսպիսի մշակութային հանդիպումները առանձնահատուկ արժեք ունեն, քանի որ մշակույթն ունի մարդկանց միավորելու, հեռավորությունները հաղթահարելու եւ փոխըմբռնման եւ վստահության տարածք ստեղծելու եզակի կարողություն։ Երաժշտությունը, թատրոնը, պարը եւ արվեստի մյուս ճյուղերը հնարավորություն են տալիս մեզ ավելի խորը ճանաչելու միմյանց, զգալու մեր ժողովուրդների մտերմությունը եւ բացահայտելու մշակութային երկխոսության նոր հնարավորությունները։ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության երկարամյա մշակութային հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, մարդկային շփումների եւ միմյանց պատմական ու հոգեւոր ժառանգության նկատմամբ հետաքրքրության վրա։ Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում կարեւոր հնարավորություն են ռուսաստանյան հանրությանը ներկայացնելու հայկական արվեստի հարստությունն ու բազմազանությունը, մեր ազգային մշակույթի ինքնատիպությունը, դրա խորը պատմական արմատներն ու ժամանակակից ստեղծագործական որոնումները։ Այս տարվա մշակութային օրերի ծրագիրն ընդգրկել է արվեստի տարբեր ուղղություններ, ինչը վկայում է հայկական մշակույթի բազմակողմանիության մասին։ Ազգային ավանդույթներից եւ թատերարվեստից մինչեւ ջազ եւ դասական երաժշտություն։ Թող արվեստը շարունակի մնալ բաց երկխոսության, փոխադարձ հարգանքի եւ ստեղծագործական ոգեշնչման հարթակ։ Թող մեր ժողովուրդների մշակութային կապերը շարունակեն հարստացնել երկու երկրների հասարակությունների կյանքը՝ բացելով համագործակցության եւ փոխըմբռնման նոր հորիզոններ»,-նշել է նախարարը։
Նա բարձր է գնահատել բոլոր կատարողների, երաժիշտների, դերասանների, ռեժիսորների, կազմակերպիչների եւ մասնագետների ջանքերը, որոնց տաղանդի, պրոֆեսիոնալիզմի եւ նվիրված աշխատանքի շնորհիվ իրականություն է դարձել հարուստ մշակութային ծրագիրը։
Երեկոյի ընթացքում հնչել են կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Դավիթ Մելքոնյանի եւ այլոց ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ։
Միջոցառմանը ներկա էին ՌԴ մշակույթի փոխնախարար Անդրեյ Մալիշեւը, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը։