1 րոպեի ընթերցում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցել են գլխավոր տնօրենի տեղակալները, բոլոր մասնաճյուղերի տնօրենները, Երևան քաղաքի շահագործման շրջանների պետերն ու գլխավոր ինժեներները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ձմեռային սեզոնին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքները, վթարավերականգնողական աշխատանքների տևողությունն ու արդյունավետությունը, նաև ցուրտ եղանակին էլեկտրաէներգիայի սպառման բեռի ավելացմանը զուգահեռ առաջացող հնարավոր խնդիրները։
Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել հանրապետության բոլոր բարձր լարման ենթակայաններում, կատարել անհրաժեշտ կարգաբերման աշխատանքներ, մանրամասն ուսումնասիրել և պատշաճ հասցեագրել բաշխման ցանցում առկա խնդիրները՝ ձմեռային սեզոնին համակարգի անխափան և հուսալի աշխատանքը երաշխավորելու նպատակով։