Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին
2 րոպեի ընթերցում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցը, որը կարևոր դեր է խաղում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումները որսալու գործում, վերջին օրերին բախվել է «համակարգված» սահմանափակումների՝ ամբողջ ռազմաճակատի երկայնքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Զելենսկին գրառում է կատարել Twitter-ի էջում։
«Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվհենի Խմարայից և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայիլո Դրապատիից զեկույցներ եմ ստացել։ Ցավոք, արդեն մի քանի օր է՝ մեր ստորաբաժանումները Ուկրաինայի ողջ տարածքում՝ ամբողջ ռազմաճակատի երկայնքով և ժամանակավորապես օկուպացված տարածքներում, Starshield համակարգի աշխատանքի լուրջ խափանումներ են արձանագրում։ Մասնավորապես, Starshield-ի արագության վրա պարբերաբար սահմանափակումներ են դրվում՝ այն սահմանափակելով ժամում 161 կիլոմետրով։
Ուկրաինացի զինվորականներն արդեն ուսումնասիրել են հանգամանքները, և պարզվել է, որ դրանք պատահական խափանումներ չեն, այլ արագության համակարգված սահմանափակումներ»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նշել է, որ դա ուկրաինական կողմի համար առաջին հերթին նշանակում է բարդացում ռուսական ռեակտիվ անօդաչու թռչող սարքերը որսալու հարցում։
«Ցավոք, արդեն եղել են հարվածներ, որոնք հաջողվել է հասցնել, քանի որ մեր որսման համակարգերը չեն կարողանում զարգացնել անհրաժեշտ արագությունը և ժամանակին որսալ թիրախները։ Ցավոք, դա օգնում է ռուսներին ավելի շատ ուկրաինացիների սպանել և Ուկրաինայի ուղղությամբ ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել։
Մենք փորձում ենք ամերիկյան կողմի հետ պարզել բոլոր հանգամանքները»,- գրել է նա։
Նախորդ շաբաթ ուկրաինացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը հայտնել էր, որ Starshield արբանյակային ցանցից օգտվելու վերաբերյալ Ուկրաինայի և ԱՄՆ կառավարության միջև պայմանագրի ժամկետը հաջորդ տարի լրանում է, և Կիևը շտապում է բանակցություններ սկսել նոր պայմանագրի շուրջ։