2 րոպեի ընթերցում
Իրանի իշխանությունները չեն ցանկանում հարստացված միջուկային նյութերն արտահանել երկրից. դրանք անհրաժեշտ կլինեն միջուկային ուժային կայանքներով աշխատող նավերի ու սուզանավերի կառուցման ծրագրերն իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Մենք թույլ չենք տա, որ հարստացված միջուկային նյութերի թեկուզ մեկ մասնիկ դուրս գա Իրանի տարածքից», - նրա խոսքը մեջբերում է Press TV-ն։
«Մենք մեր ռուսաստանցի գործընկերներին տեղեկացրել ենք, որ հարստացված նյութերը կմնան Իրանում, և մենք կօգտագործենք դրանք», - շարունակել է Ռեզային։
Նա նաև հիշեցրել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորման համար Իրանի պայմաններից մեկն Արևմտյան Ասիայում, հատկապես՝ Լիբանանում, բոլոր ռազմական գործողությունների դադարեցումն է։ Ռեզային ընդգծել է, որ ԱՄՆ-ի հարվածների վերսկսման դեպքում Իրանը պատասխան կտա։
Նա հավելել է, որ Իրանը մշակել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որոնք թույլ կտան վերահսկողություն հաստատել ամերիկյան անօդաչու թռչող սարքերի կառավարման նկատմամբ և բարեհաջող իջեցնել դրանք։
Հոկտեմբերի վերջին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Նա նաև նշել էր, որ ՌԴ-ն պատրաստ է ընդունել իրանական հարստացված ուրանը, եթե այդ միջուկային նյութերի առկայությունը խանգարում է կողմերի բանակցություններին։