Վահե Հովհաննիսյանը ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման և դրամական փոխանցումների կրճատման միջև ուղիղ կապ չի տեսնում
2 րոպեի ընթերցում
Դրամական փոխանցումներ Հայաստան կատարվել են նաև մինչև երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հարցին։ Ֆարմանյանը հետաքրքրվել է ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման դեպքում դրամական փոխանցումների կրճատման սոցիալական հետևանքներով։ Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանի բազմաթիվ բնակիչներ ապրում են արտերկրում աշխատող հարազատների ուղարկած գումարներով։
«Այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է ասենք հետևյալ․ երբ Հայաստանը ԵԱՏՄ անդամ չէր, փոխանցում չկա՞ր, մարդիկ չէի՞ն գնում աշխատում։ Ընդ որում, Ձեզ ասեմ՝ Հայաստանից մարդիկ ավելի շատ էին գնում, ավելի շատ էին փոխանցում։ Ի՞նչ կապ ունի ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստան փող փոխանցելու հետ։ Երկրի տնտեսական զարգացումներն ու դրամական փոխանցումները բացառապես այդ անդամակցությամբ պայմանավորելը ճիշտ չէ»,- պատասխանել է Հովհաննիսյանը։
Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է վերլուծել անդամակցությունից ստացվող օգուտներն ու երկրի զարգացման վրա դրա ազդեցությունը։ Նրա խոսքով՝ Կառավարությունն այդ աշխատանքն իրականացրել է և համաձայն չէ քննարկման ընթացքում հիշատակված հաշվետվության եզրակացություններին, որոնք Հայաստանի հաջողությունները պայմանավորում են միայն ԵԱՏՄ անդամակցությամբ։
Արձագանքելով՝ Ֆարմանյանը նշել է, որ իր հարցը վերաբերում է նաև հնարավոր քաղաքական որոշումներին ու պատժամիջոցներին։ Նրա ներկայացրած սցենարում անդամակցության կասեցումը կարող է ուղեկցվել սահմանափակումներով, այդ թվում՝ դրամական փոխանցումների կրճատմամբ։
Հովհաննիսյանը նման հնարավոր պատժամիջոցները «թշնամական գործողություն» է անվանել։
«Այն սցենարը, որը դուք նկարագրում եք, օրինակ՝ ԵԱՏՄ-ի կողմից սանկցիաները, ես կարծում եմ՝ թշնամական գործողություններ են։ Ես չգիտեմ՝ ինչի պետք է մենք մեր գործընկերների հետ ունենանք թշնամական հարաբերություններ, որ մի հատ էլ սանկցիաներ մեր նկատմամբ կիրառվեն»,- ասել է նախարարը։