1 րոպեի ընթերցում
Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում HABAŞ պողպատի գործարանում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 10 աշխատակից, վիրավորվել՝ 15 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զոհերի և վիրավորների տվյալները հայտնել է Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը։
Փրկարարները շարունակում են որոնել ևս չորս աշխատակցի, որոնք, ենթադրաբար, փլատակների տակ են։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12։00-ի սահմաններում, որից հետո գործարանում հրդեհ է բռնկվել։ Հրշեջները մարել են կրակը։
Նահանգապետարանի նախնական գնահատմամբ՝ պայթյունը կարող էր տեղի ունենալ հալված պողպատի ձուլման ժամանակ, երբ ամբարձիչը պոկվել և ընկել է էլեկտրաղեղային վառարանի մեջ։ HABAŞ ընկերությունն իր հերթին հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել վառարաններից մեկի պլանային սպասարկման ընթացքում։
Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտնել է, որ Մենեմենի դատախազությունը քննություն է սկսել։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է չորս դատախազ, իսկ փորձագետներն ուսումնասիրում են դեպքի վայրը։