Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

10 րոպեի ընթերցում

Արևելյան Ասիայի անվտանգության և տեղեկատվական հարցերով ճապոնացի փորձագետ, պրոֆեսոր Մայիկո Իչիհարան կարծում է, որ Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով, ինչպես նաև բազմաթիվ այլ գործոններով, որոնք առկա են թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակներում։ Ըստ նրա՝ Հարավային Կովկասում մեծ դեր են խաղում հատկապես էներգետիկ ոլորտի գործոնները, ինչպես նաև արտաքին ազդեցության գործոնները։

Ստորև ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հետ Մայիկո Իչիհարայի հարցազրույցն ամբողջությամբ։

- Վերջին տարիներին երկրների միջև բազմակողմ համագործակցության շրջանակները լուրջ մարտահրավերների են բախվել։ Այդ մարտահրավերներից հատկապես որո՞նք կառանձնացնեինք։

-Ոչ միայն երկրները, այլև միջազգային որոշ կազմակերպություններ նույնպես բախվել են լուրջ մարտահրավերների։ Որպես Ճապոնիայից ժամանած փորձագետ՝ կարող եմ ասել, որ մեզ, օրինակ, շատ է անհանգստացնում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ կապված իրավիճակը։ Բանն այն է, որ ՄՔԴ-ի ներկայիս ղեկավարը ճապոնացի է, որը ենթարկվել է պատժամիջոցների։ Մենք կանգնած ենք երկընտրանքի առջև. մեր դաշնակից Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում ՄՔԴ-ի ղեկավարի նկատմամբ, մինչդեռ այդ կառույցի ղեկավարը ճապոնացի է։ Թեև մենք ցանկանում ենք պահպանել ԱՄՆ-Ճապոնիա դաշինքը դրական հունի մեջ, միաժամանակ ուզում ենք համոզվել, որ ՄՔԴ-ի ճապոնացի ղեկավարը լինի ապահով և առողջ, որպեսզի կարողանա շարունակել իր աշխատանքը։

Իհարկե, Միջազգային քրեական դատարանը միակ կազմակերպությունը չէ, որի համար մենք անհանգստանում ենք։ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ամբողջ համակարգը ևս լուրջ հարձակումների է ենթարկվում։ ՄԱԿ-ը չափազանց կարևոր դեր է խաղում գլոբալ խնդիրների լուծման գործում, քանի որ այն է սահմանում է օրակարգը, տնօրինում է զգալի ռեսուրսներ, ֆինանսական միջոցներ և այլն։ Այն նաև առանցքային նշանակություն ունի գլոբալ համագործակցության տեսանկյունից։

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ պայմաններում է տեղի ունենում անցումը միաբևեռ աշխարհից բազմաբևեռ աշխարհի։

-Վստահ չեմ, թե արդյոք ճիշտ կլինի՞ ասել, որ մենք միաբևեռ աշխարհից անցնում ենք բազմաբևեռ աշխարհի։ Ավելի շուտ, թվում է, թե մենք միաբևեռ աշխարհից անցնում ենք երկբևեռ աշխարհի, քանի որ Չինաստանը հզորանում է և մարտահրավեր նետում ԱՄՆ-ի գերիշխանությանը։ Այսպիսով, այս երկու մեծ տերությունների միջև մրցակցություն է ընթանում՝ լինի դա Եվրոպայում, Ասիայում, թե որևէ այլ վայրում։ Եվ, իհարկե, սա կապված է նաև Միացյալ Նահանգների հարաբերական թուլացման հետ՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական կարողությունների առումով։ Չինաստանը նույնպես հարաբերական առումով վերելք է ապրում՝ մեծապես շնորհիվ իր հսկայական բնակչության, ինչպես նաև տեխնոլոգիական առաջընթացի՝ հատկապես արհեստական ​​բանականության և հարակից այլ ուղղություններում ունեցած առաջադեմ կարողությունների։

Միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետներիս համար այս փոփոխությունը լուրջ մտորումների տեղիք է տալիս, քանի որ գոյություն ունեն «հեգեմոն կայունության» կամ «ուժերի փոխանցման» տեսություններ, ըստ որոնց՝ հեգեմոն ուժի դիրքերի թուլացման և մարտահրավեր նետող ուժի ի հայտ գալու պարագայում մեծանում է պատերազմի բռնկման հավանականությունը։ Ուստի, մենք պետք է լրջորեն մտածենք, թե ինչպես կանխել պատերազմը՝ հատկապես այս երկու տերությունների միջև։

-Իսկ որո՞նք են խաղի փոփոխվող կանոնները, ինչպիսի՞ տեսք ունի նորմերի շուրջ պայքարը, և ո՞րն է ոչ պետական ​​դերակատարների դերը։

-Շնորհակալ եմ հարցի համար, որովհետև դա, ըստ էության, հենց այն է, ինչն ինձ ամենաշատն է մտահոգում։ Ամբողջ աշխարհում պոպուլիզմի աճին զուգընթաց, և հաշվի առնելով այն փաստը, որ սոցիալական մեդիան է թելադրում հանրային քննարկումների օրակարգը գրեթե բոլոր երկրներում, մենք ականատես ենք լինում ազգայնական, ինչպես նաև խիստ միակողմանի հռետորաբանության տարածմանը։ Ճապոնիայում, մասնավորապես, նկատվում է այլատյացության տարածում, ինչը մեզանից շատերի համար լուրջ մտահոգության առարկա է։

Սա նշանակում է, որ բազմազանության, արդարության և ներառականության նորմերը թուլանում են աշխարհի բոլոր հատվածներում՝ վտանգելով փոքրամասնությունների՝ լինեն դրանք սոցիալական, կրոնական, գենդերային կամ այլ խմբեր, իրավունքները։ Այսպիսով, նորմերը, որոնք ժամանակին նպաստում էին հասարակության կայունությանը, այժմ հայտնվել են վտանգի տակ։ Սա նշանակում է, որ եթե ցանկանում ենք կայունացնել մեր հասարակությունները, պետք է անպայման վերականգնել և պաշտպանել այդ նորմերը։ Այդ նպատակով չափազանց կարևոր է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրատվամիջոցների և մասնավոր հատվածի դերակատարների՝ օրակարգ ձևավորելու կարողությունը։

-Նշված համատեքստում ի՞նչ դեր կարող են խաղալ միջին հզորության պետությունները, և ի՞նչ դեր ունի Ճապոնիան գլոբալ կառավարման համակարգի վերակենդանացման ու վերակառուցման գործում։

-Ճապոնիան այն երկիրն է, որը չի փորձում ամբողջ աշխարհում զբաղվել ցուցամոլությամբ և բարձրաձայնել այն, ինչ անում է, հետևաբար մենք իրականում չգիտենք, թե ինչ է անում Ճապոնիան։ Կարելի է օրինակ բերել COVID-19-ի ժամանակ Ճապոնիայի վարքագիծը։ COVID-19-ի ընթացքում Ճապոնիան աջակցություն էր ցուցաբերում զարգացող երկրներից շատերին, մինչդեռ այնպիսի մեծ տերություններն, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Չինաստանը, պատվաստանյութերի դիվանագիտությունն իրականացնում էին, որպեսզի աշխարհին ցույց տային, թե ով է ավելի ազդեցիկ, ինչպես նաև՝ այլ երկրների վրա ազդելու համար, որպեսզի նրանք մոտ լինեն Միացյալ Նահանգներին կամ Չինաստանին։

Ճապոնիայի մոտեցումը հետևողական էր և, հնարավոր է, իրականացվում էր կուլիսների հետևում, սակայն այն, ըստ էության, միտված էր աշխարհի կայունությանը, ինչպես նաև մարդկանց կյանքի կայունությանն ու պաշտպանությանը։ Եվ ես հավատում եմ, որ Ճապոնիան կարող է շարունակել հանդես գալ որպես «միջին հզորության» պետություն՝ կատարելով այնպիսի դեր, որն անհրաժեշտ կլինի այն ժամանակ, երբ ավարտին մոտենա ազգայնական և միակողմանի գործողությունների վրա հիմնված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը։

-Մեր քննարկման թեմայի շրջանակում ի՞նչ դիտարկումներ ունեք կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ։

-Ես Ասիայի հարցերով մասնագետ եմ, ուստի սովորաբար ուսումնասիրում եմ Արևելյան, Հարավարևելյան և Հարավային Ասիայում տեղի ունեցող գործընթացները։ Թեև Հարավային Կովկասն այն տարածաշրջանը չէ, որով սովորաբար զբաղվում եմ, սակայն միշտ հետաքրքրված եմ եղել այստեղ ընթացող զարգացումներով։ Այդ իսկ պատճառով միշտ ցանկացել եմ այցելել այս տարածաշրջան։ Ճիշտ է, երեք տարի առաջ արդեն եղել եմ Հարավային Կովկասում, բայց Հայաստան այցելում եմ առաջին անգամ։ Իսկ պատճառը, թե ինչու եմ հետաքրքրված, այն է, որ սա չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով, ինչպես նաև բազմաթիվ այլ գործոններով, որոնք առկա են թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակներում։

Հարավային Կովկասում մեծ դեր են խաղում էներգետիկ ոլորտի գործոնները, արտաքին ազդեցության գործոնները, բացի այդ՝ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ հարակից տարածաշրջաններում առկա են հակամարտություններ։ Որպես Ճապոնիայից եկած մարդ՝ նշեմ, որ մենք նույնպես գտնվում ենք բավականին թեժ միջավայրում, որովհետև մեր հարևաններն են Չինաստանը, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան։ Մենք միշտ ձգտում ենք դասեր քաղել թեժ կետերից՝ հասկանալու, թե ինչպես պաշտպանել մեր երկիրը և ինչպես կայունացնել մեր տարածաշրջանը։

Այս առումով Հայաստանն ինձ համար իսկապես հիանալի երկիր է, որից կարելի էր սովորել։ Բացի այդ, ինձ հետաքրքրում է, թե ինչպես են մարդիկ շփվում միմյանց հետ տարբեր հասարակություններում։ Դուք նշեցիք Հարավային Կովկասը՝ մի տարածաշրջան, որտեղ, ըստ էության, շատ տարբեր երկրներ կան։ Ես ականատեսն եմ այն իրողության, թե ինչպես են մարդիկ տարբեր կերպ շփվում այդ երեք երկրներում։ Ինձ իսկապես զարմացրեց այն, թե որքան բաց են հայերը խոսում տարբեր թեմաների, այդ թվում՝ քաղաքականության, տնտեսության և այլ հարցերի շուրջ։ Սա վկայում է այն մասին, որ մենք նմանատիպ մտածելակերպ ունեցող երկրներ ենք, և կարող ենք էլ ավելի զարգացնել մեր գործընկերությունը։

-Ի՞նչ հանդիպումներ եք նախատեսել Հայաստան կատարած այցի ընթացքում։

-Ցավոք, ես այստեղ մնալու եմ ընդամենը երկու օր, ուստի հանդիպումների հնարավորությունս խիստ սահմանափակ է։ Այնուամենայնիվ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հյուրընկալությամբ այնտեղ ելույթ եմ ունենալու, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Հայաստանից մի խումբ առաջատար գիտնականների հետ միասին քննարկելու ենք միջազգային ասպարեզում առկա իրավիճակը։

Հայերեն English Русский

Էդգար Շաթիրյանը հայտարարել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու մասին

Հութիները հայտնել են, որ հակամարտության սրացումից ի վեր  զոհերի թիվը հասել է 276-ի

Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր