Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը
3 րոպեի ընթերցում
Լոռու մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի դեկտեմբերի 16-ից Լոռու մարզպետի գրության հիման վրա, մեկնարկել է Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ուսումնասիրությամբ պարզվել էր՝ Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու հողատարածքները 2000-ական թվականների սկզբներին կնքված 25 պայմանագրերով վարձակալության, կառուցապատման կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել են ֆիզիկական ու իրավաբանական 22 անձանց:
Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ 2026 թվականի հունվարի 26-ին միջնորդագիր էր հասցեագրվել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ 22 ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված 26 հողատարածքների վարձակալության, անհատույց օգտագործման և կառուցապատման պայմանագրերը լուծելու նպատակով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, 2026 թվականի օգոստոսի 19-ին, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ, շրջել էր նաև Հրանտ Մաթևոսյանի անվան այգում, մի շարք հանձնարարականներ էր տվել մարզի դատախազին:
Միջնորդագրի արդյունքում՝ դադարեցվել է այգու տարածքում գտնվող՝ 400 քմ մակերեսով, 4 միլիոն 205 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս 1 հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը. հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքի տիրապետմանը:
Առ այսօր, դատախազական ներգործության արդյունքում, Վանաձոր համայնքի կողմից խզվել են ընդհանուր 12935.3 քմ մակերեսով 20 հողատարածքների վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրեր, որոնցից կադաստրային գրանցում են ստացել 17-ը՝ 5062.84 քմ մակերեսով:
Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: