Կառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանը
3 րոպեի ընթերցում
Կառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի մարզում ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում ծրագրին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված որոշումներից մեկը։
Ծրագրով նախատեսվում է բարելավել արոտավայրերի հասանելիությունը՝ նպաստելով անասնապահությանն ու տարածքում տնտեսական գործունեության ակտիվացմանը։
Խոսքը Սևքար և Աչաջուր բնակավայրերից դեպի Ֆիդայիների հովիտ տանող ճանապարհի մասին է։ Այս տարվա ֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել 3,7 կիլոմետրանոց հատվածի աշխատանքները։ Ճանապարհի վերականգնման մրցույթը հայտարարել է Տավուշի մարզպետի աշխատակազմը։
Փաշինյանը նշել է, որ այս փուլում ճանապարհի ասֆալտապատում նախատեսված չէ։ Կառավարության նպատակն է գրունտային ճանապարհի բարելավմամբ գնահատել, թե որքանով ենթակառուցվածքի հասանելիությունը կակտիվացնի մարգագետինների օգտագործումն ու տեղական տնտեսական գործունեությունը։
Նիստում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պարզաբանել է, որ ճանապարհը նշանակություն ունի տասը գյուղական բնակավայրի համար։ Բացի անասնապահությունից, այն կարևորվում է նաև զբոսաշրջության տեսանկյունից՝ կապվելով կառուցվող Ենոքավան–Ջուջևան ճանապարհին։
Վարչապետն առաջարկել է տարեվերջին տեղում ծանոթանալ կատարված աշխատանքներին և արդյունքների հիման վրա որոշել հետագա քայլերը։
«Լավ առիթ է, որ տարեվերջին գնանք, տեսնենք՝ ինչ է ստացվել, որովհետև ինքը բնույթով և բովանդակությամբ նոր ծրագիր է։ Պետք է տեղում նայել, հասկանալ՝ ինչն ինչոց է, որպեսզի հետագա շարունակության կամ ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ որոշումները կայացնենք»,- ասել է Փաշինյանը։
Նա շեշտել է, որ ճանապարհի կառուցման հետ մեկտեղ անհրաժեշտ է հստակեցնել դրա հետագա սպասարկման մեխանիզմները։ Քննարկման ընթացքում վարչապետն առանձնացրել է նաև ձմեռային սպասարկման հարցը՝ նշելով, որ զբոսաշրջային նշանակություն ունեցող ճանապարհի օգտագործման պայմանները պետք է նախապես պարզ լինեն։
«Շատ ավելի կարևոր է հետագայում նրա սպասարկումը, որպեսզի այն իր նպատակին ծառայի»,- ընդգծել է վարչապետը։