Ռուսաստանից 1 մլն ռուբլուց ավելի գումարի արտահանման սահմանափակումը էապես չի անդրադառնա ՀՀ քաղաքացիների և ռուսաստանցի ռելոկանտների վարքագծին․ ԿԲ նախագահ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանից 1 մլն ռուբլուց ավելի գումար ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երեք այլ հանրապետություններ արտահանելու սահմանափակումը, որը գործում է սեպտեմբերի 29-ից, լուրջ խնդիրներ չի հարուցի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև մեր երկիր ժամանող ռուսաստանցի ռելոկանտների և զբոսաշրջիկների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Մեծ խնդիրներ չեմ տեսնում, որովհետև 1 մլն ռուբլին մոտավորապես համարժեք է 12 հազար դոլարին կամ 4-5 մլն դրամին։ Եթե ճիշտ եմ հիշում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների վարքագիծը, իրենք որպես կանոն տարվա ընթացքում աշխատած գումարների մի մասը փոխանցումների միջոցով ուղարկում են Հայաստան։ Արդյունքում վերադառնալիս նրանց բերած վերջին կանխիկ գումարը նշվածից շատ ավելի քիչ է լինում։ Այնպես որ, չեմ կարծում, որ էական ազդեցություն ենք ունենալու։

Ես ծանոթ չեմ ռելոկանտների վարքագծի դրսևորմանը, այսինքն չենք կարող մոդելավորել նրանց վարքագիծը։ Բայց չեմ կարծում, որ նրանք ամեն անգամ ժամանելիս կանխիկ գումար են տեղափոխում Հայաստան։ Նրանց մեծ մասը, ենթադրում եմ, արդեն դարձել են Հայաստանի բանկային համակարգի հետ ասոցացված անձ, ինչը ենթադրում է, որ ունեն միջազգային և ռուսական վճարային քարտեր, որոնք որոշակի տրամաբանությամբ օգտագործվում են Հայաստանում։ Չեմ կարծում, որ կանխիկի սահմանափակումը էական ազդեցություն է ունենալու նրանց վարքագծին»,- գտնում է Մարտին Գալստյանը։

Տնտեսություն

Սահմանվել է ՌԴ կանխիկ արժույթի՝ Ռուսաստանի Դաշնությունից արտահանման արգելք

 

Հայերեն Español Русский