3 րոպեի ընթերցում
Կան քրեական վարույթներ, որոնցով փորձաքննությունների կատարումը նախատեսվում է միայն 2029 թվականի երրորդ եռամսյակում։ Փորձաքննությունների ձգձգումների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է սահմանել դրանց կատարման հստակ ժամկետներ՝ հաշվի առնելով բարդությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում պատասխանելով պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցերին։
Մինասյանը բարձրացրել է քրեական վարույթներով փորձաքննությունների երկարատևության խնդիրը՝ նշելով, որ դրանց ավարտին սպասելիս քաղաքացիները երբեմն ամիսներով չեն կարողանում տնօրինել իրենց գույքը։
ՔԿ նախագահն ընդունել է խնդրի առկայությունը։
«Մենք այսօր քրեական վարույթներ ունենք, երբ փորձագիտական հիմնարկները մեզ հայտնում են՝ օրինակ, փորձաքննությունը կկատարվի 2029 թվականի երրորդ եռամսյակում։ Այդպիսի դեպքեր ունենք։ Իհարկե, մեր խնդիրը հետևյալն է՝ փորձագետին տրամադրենք անհրաժեշտ ելակետային տվյալները, այսինքն՝ քննիչի պատճառով փորձաքննության կատարումը չձգվի»,- ասել է ՔԿ նախագահը։
Նա պարզաբանել է, որ որոշ վարույթներով, երբ քրեական հետապնդման ժամկետները սպառվում են, կոմիտեն ստիպված է լինում պայմանագրեր կնքել մասնավոր կազմակերպությունների հետ կամ փորձագիտական հիմնարկներից դուրս այլ փորձագետներ ներգրավել։ Սակայն դա լրացուցիչ ֆինանսավորում է պահանջում։
«Այդ հիմնարկներին պետությունն արդեն գումար հատկացրել է փորձաքննությունների կատարման համար։ Մեզ այդ փորձաքննության կատարման համար առանձին տող չունենք։ Մենք այդ գումարն ինչ-որ մի տողից ուղղում ենք այդ ծառայությունների գնմանը, բայց դա չի կարող անվերջ տևել, որովհետև մենք դրա համար գումար չունենք»,- նշել է Պողոսյանը։
ՔԿ նախագահի առաջարկով՝ փորձաքննությունների կատարման ժամկետները պետք է տարբերակվեն ըստ բարդության, իսկ փորձագետները պատասխանատու լինեն դրանք պահպանելու համար։
«Իմ կարծիքով՝ պիտի կարգ մշակվի, ընթացակարգ, փորձաքննությունների կատարման հստակ ժամկետներ սահմանվեն։ Ինչպես քրեական վարույթների համար մեղադրանքի պահից սկսած ժամկետները հոսում են, նույնը նաև փորձաքննությունների կատարման համար։ Ըստ բարդության կարող է առանձնացվել, որպեսզի փորձագետները պատասխանատու լինեն այդ փորձաքննությունները ժամկետներում ավարտելու համար»,- ասել է նա։
Պողոսյանն առանձնացրել է տնտեսագիտական, դատահաշվապահական, դատաշինարարատեխնիկական և դատահամակարգչատեխնիկական փորձաքննությունները՝ նշելով, որ դրանց մի մասի երկարատևությունը պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով։
Մինասյանն առաջարկել է խնդրի լուծման ուղղությամբ համատեղ նախաձեռնություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ փորձաքննությունների ձգձգումների հարցը բարձրացվում է ամեն տարի։