Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը
2 րոպեի ընթերցում
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության համար պայմանագրից բացի անհրաժեշտ են երաշխիքներ և տարածաշրջանային հավասարակշռության ապահովում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարապետյանն այս մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով խաղաղության գործընթացին և սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներին։
«Մեր խաղաղության երաշխավորը Ադրբեջանը չէ։ Մեր խաղաղության երաշխավորը տարածաշրջանային հավասարակշռությունն է։ Աշխարհի օրենքն է դա»,- հայտարարել է նա։
Կարապետյանի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը պետք է ուղեկցվի այնպիսի մեխանիզմներով, որոնք կապահովեն դրա պահպանումը։ Նա կարևորել է Հայաստանի տարածքային ամբողջականությամբ շահագրգռված երկրների հետ աշխատանքը՝ այդ համատեքստում հիշատակելով Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը և Եվրամիությունը։
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցերին պատասխանելիս` նա նշել է, որ խաղաղության պայմանագրի տեքստում սահմանադրական փոփոխությունների պայման չկա։
«Չի կարող հարևան երկրի ղեկավարը որոշել մեր Սահմանադրությունը։ Պետականության մասին ենք մենք խոսում, երկրի մասին ենք խոսում։ Մենք խաղալիք չենք»,- հայտարարել է պատգամավորը։
Արձագանքելով ընդդիմությանը համոզելու կամ հանրային ճնշման միջոցով հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ աջակցությունն ապահովելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ Կարապետյանը վերահաստատել է իր առարկությունները։ Նրա գնահատմամբ՝ սահմանադրական փոփոխությունների հարցում որոշիչը պետք է լինեն Հայաստանի շահերը։