Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
15 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ DataLex-ից, գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին։
Ստորև ներկայացնում ենք Նարեկ Կարապետյանին և Ալեքսան Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքների նկարագրությունը։
«Ալեքսան Բենիամինի Ալեքսանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար, 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ ազգային ժողովի հերթական ընտրությունների՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Սուրենի Վարոսյանի և այլ անձանց հետ հանցանքներ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել է կայուն խումբ՝ հանցավոր կազմակերպություն: Մասնավորապես, ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով Նարեկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ ստեղծել է իրավաբանական անձ, այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն է իրականացրել, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել պետությանը:
Բացի այդ, հանցավոր կազմակերպության անդամներ՝ Նարեկ Կարապետյանի, Աշոտ Վարոսյանի և այլ անձանց հետ միասին, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կատարել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում, ինչպես նաև 2025-2026 թվականներին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել է բազմաթիվ քաղաքացիների, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում. 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ ազգային ժողովի հերթական ընտրություններին՝ ընտրական գործընթացների արդյունքների վրա ազդելու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության, այնուհետև ձևավորված կուսակցությունների համանուն դաշինքի համախոհների մեծաթվության պատրանք ստեղծելու նպատակով ՀՀ-ում կազմակերպած ցույցերի և հավաքների մասնակիցներ հավաքագրելու, ինչպես նաև հետագայում նշված քաղաքական ուժի կողմից առավելագույն ձայներ հավաքելու և հաղթանակին տարբեր եղանակներով աջակցելու նպատակով մի հանցագործություններ կատարելու համար Նարեկ Կարապետյանը, Աշոտ Վարոսյանը, Ալեքսան Ալեքսանյանը և այլ անձինք ստեղծել և ղեկավարել են կայուն խումբ՝ հանցավոր կազմակերպություն՝ մշակելով ապօրինի գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու հստակ դերաբաշխված հանցավոր մեխանիզմ: Մասնավորապես. 2025 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որի գտնվելու վայր նշվել է Երևան քաղաքի Տերյան փողոցի 69 հասցեն, իսկ որպես գործադիր մարմնի ղեկավար նշվել է Ալեքսան Ալեքսանյանը:
Ալեքսան Ալեքսանյանը, Նարեկ Կարապետյանն իրենց իրական հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, քաջատեղյակ լինելով, որ ՀՀ օրենսդրությամբ և հիմնադրամի ու հասարակական կազմակերպության կանոնադրություններով Նարեկ Կարապետյանի, ինչպես նաև վերջինիս ընտանիքի հետ փոխկապակցված՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, «Ինտեկո էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերությունները քաղաքական, ընտրական նպատակներով չեն կարող գումարներ փոխանցել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ապօրինի գործունեություն իրականացնելու նպատակով, ՀՀ ազգային ժողովի 2026 թվականի հերթական ընտրություններում ընտրական գործընթացների վրա ազդելու, իրենց օգտին առավել քվեներ ապահովելու, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին նվիրատվություն կատարելու արգելքը շրջանցելու՝ հանցավոր սխեմայի իրագործման նպատակով, և միևնույն ժամանակ քողարկելով իրենց հանցավոր նպատակը, 2025 թվականի սեպտեմբերի 9-ին Ալեքսան Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի կողմից ձևականորեն հիմնադրվել է «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունը, որի գործադիր մարմնի ղեկավար նշանակվել է կրկին Ալեքսան Ալեքսանյանը:
Որպես «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսան Ալեքսանյանը ղեկավարել է կազմակերպության ընթացիկ գործունեությունը, տնօրինել և կառավարել է կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույք, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, ինչպես նաև կրել է օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական ակտերի, կազմակերպության կանոնադրության պահանջները չկատարելու և կամ ոչ պատշաճ կատարելու համար: Նարեկ Կարենի Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ ազգային ժողովի հերթական ընտրությունների՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Բենիամինի Ալեքսանյանի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Սուրենի Վարոսյանի և այլ անձանց հետ հանցանքներ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել է կայուն խումբ՝ հանցավոր կազմակերպություն: Մասնավորապես, ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով Ալեքսան Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ ստեղծել է իրավաբանական անձ, այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն է իրականացրել, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել պետությանը: Բացի այդ, հանցավոր կազմակերպության անդամներ՝ Ալեքսան Ալեքսանյանի, Աշոտ Վարոսյանի և այլ անձանց հետ միասին, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կատարել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում, ինչպես նաև 2025-2026 թվականներին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել է բազմաթիվ քաղաքացիների, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում. 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ ազգային ժողովի հերթական ընտրություններին՝ ընտրական գործընթացների արդյունքների վրա ազդելու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության, այնուհետև ձևավորված կուսակցությունների համանուն դաշինքի համախոհների մեծաթվության պատրանք ստեղծելու նպատակով ՀՀ-ում կազմակերպած ցույցերի և հավաքների մասնակիցներ հավաքագրելու, ինչպես նաև հետագայում նշված քաղաքական ուժի կողմից առավելագույն ձայներ հավաքելու և հաղթանակին տարբեր եղանակներով աջակցելու նպատակով մի շարք հանցագործություններ կատարելու համար Նարեկ Կարապետյանը, Աշոտ Վարոսյանը, Ալեքսան Ալեքսանյանը և այլ անձինք ստեղծել և ղեկավարել են կայուն խումբ՝ հանցավոր կազմակերպություն՝ մշակելով ապօրինի գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու հստակ դերաբաշխված հանցավոր մեխանիզմ:
Մասնավորապես.
2025 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որի գտնվելու վայր նշվել է Երևան քաղաքի Տերյան փողոցի 69 հասցեն, իսկ որպես գործադիր մարմնի ղեկավար նշվել է Ալեքսան Ալեքսանյանը։
Նարեկ Կարապետյանը, որպես «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն, իրականացրել է ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարում, տնօրինել է ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները։
Նարեկ Կարապետյանը, Ալեքսան Ալեքսանյանն իրենց իրական հանցավոր և մտադրությունն իրականացնելու նպատակով, քաջատեղյակ լինելով, որ օրենսդրությամբ հիմնադրամի ու հասարակական կազմակերպության կանոնադրություններով Նարեկ Կարապետյանի, ինչպես նաև վերջինիս ընտանիքի հետ փոխկապակցված՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, «Ինտեկո էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերությունները քաղաքական, ընտրական նպատակներով չեն կարող գումարներ փոխանցել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ապօրինի գործունեություն իրականացնելու նպատակով, ՀՀ ազգային ժողովի՝ 2026 թվականի հերթական ընտրություններում ընտրական գործընթացների վրա ազդելու, իրենց օգտին առավել քվեներ ապահովելու, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին նվիրատվություն կատարելու արգելքը շրջանցելու՝ հանցավոր սխեմայի իրագործման նպատակով, և միևնույն ժամանակ քողարկելով իրենց հանցավոր նպատակը, 2025 թվականի սեպտեմբերի 9-ին Ալեքսան Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի կողմից ձևականորեն հիմնադրվել է «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունը, որի գործադիր մարմնի ղեկավար նշանակվել է կրկին Ալեքսան Ալեքսանյանը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության իրավաբանական հասցեում՝ Երևան քաղաքի Տերյան փողոցի 69-րդ հասցեում գտնվող, ինչպես նաև հասարակական կազմակերպության մյուս գրասենյակների գործունեությունն Ալեքսան Ալեքսանյանի հետ համատեղ փաստացի համակարգել և ղեկավարել է Նարեկ Կարապետյանը: «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության կանոնադրությամբ կազմակերպության հիմնական նպատակ է հռչակվել ազգային բարեկեցության ծրագրի (ԱԲԾ) մշակումն ու իրականացումը՝ գործելով հետևյալ ուղղություններով։
Մասնավորապես, ի թիվս այլոց, որպես նպատակ նշվել է հայ ընտանիքի արժեքների պահպանությունը և ամրապնդումը, հայ երիտասարդության դաստիարակությունը՝ հիմնված ազգային, հոգևոր և բարոյական արժեքների, ազգային ինքնության վրա, քաղաքացիական հասարակության զարգացումը և ազգային ինքնության ու արժեքների պահպանությունը, նոր սերնդի կրթական, մշակութային և գիտական ներուժի զարգացումը։ Կանոնադրությամբ հռչակվել է, որ կազմակերպությունն իր նպատակներին հասնում է ազգային բարեկեցության ծրագրի մշակմամբ և առաջմղմամբ, կրթական և դաստիարակչական դասընթացների, սեմինարների, կոնֆերանսների կազմակերպմամբ, երիտասարդության սոցիալական, կրթական և մշակութային նախաձեռնությունների աջակցությամբ և այլն:
Մինչդեռ, իրականում հիշյալ հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության իրական նպատակը եղել է կանոնադրական նպատակներից չբխող՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք՝ ՀՀ ազգային ժողովի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից հավաքներին մասնակցելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներին նյութապես շահագրգռելը, ինչպես նաև հետագայում ձևավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմից առավելագույն ձայներ հավաքելուն և հաղթանակին տարբեր եղանակներով աջակցելը, ինչի վրա էլ ծախսվել են հասարակական կազմակերպություն մուտքագրված հանցավոր ծագում ունեցող ֆինանսական միջոցները:
2025 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2026 թվականի փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ազգային ժողովի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից հավաքներին մասնակցելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներին նյութապես շահագրգռելու, ինչպես նաև հետագայում ձևավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմից առավելագույն ձայներ հավաքելու և հաղթանակին տարբեր եղանակներով աջակցելու նպատակներով ՀՀ տարբեր համայնքներում, այդ թվում՝ Երևան քաղաքում, բացվել են «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության 114 գրասենյակներ, որոնց սեփականատերերի հետ վարձակալության պայմանագրեր կնքել է Ալեքսան Ալեքսանյանը կամ նրա լիազորած անձինք: Վերը նշված գրասենյակային տարածքները չեն ծառայել հասարակական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, այլ փաստացի օգտագործվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեության կազմակերպման նպատակով, այդ թվում՝ որպես կուսակցության գրասենյակներ և կազմակերպչական /նախընտրական/ շտաբեր»:
Հիշեցնենք, որ Ալեքսան Ալեքսանյանը կալանավորված է 2026 թվականի հունիսի 3-ից, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը։