Օլեշկիում «լռության ռեժիմը» պահպանվում է. Մոսկվայից ինքնաթիռ է մեկնել՝ ցանկացողներին դուրս բերելու համար
3 րոպեի ընթերցում
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Յանա Լանտրատովան և նրա ուկրաինացի գործընկեր Դմիտրի Լյուբինեցը հայտարարել են, որ Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում «լռության ռեժիմը» պահպանվում է առանց խախտումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկու օմբուդսմենները համապատասխան գրառումներ են արել Telegram-ում։
Միևնույն ժամանակ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ հոկտեմբերի 29-30-ն ընկած ժամանակահատվածում մարդասիրական օգնությունն անխոչընդոտ և անվտանգ կհասցվի Օլեշկի քաղաք, իսկ բոլոր ցանկացողները կկարողանան հեռանալ այնտեղից։ Նա նշել է, որ նրանց հետևից ինքնաթիռն արդեն մեկնել է ՌԴ մայրաքաղաքից։
«Մենք գիտենք, որ Մոսկվայից օդանավն արդեն մեկնել է։ Այնտեղ հասնելու համար բավական բարդ երթուղի է գծված։ Այնտեղ ականազերծման աշխատանքներ են իրականացվում, և մենք հույս ունենք, որ այսօր կամ վաղը բնակիչները կկարողանան անխոչընդոտ և անվտանգ ստանալ մարդասիրական օգնություն, իսկ ցանկացողները կկարողանան լքել այդ բնակավայրը», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովին նաև հարցրել են՝ արդյոք Օլեշկիում իրականացվող գործողությունը կնպաստի Աբու Դաբիում նախատեսվող եռակողմ բանակցություններին և հետագայում հնարավոր բարձր մակարդակի հանդիպմանը։
«Նման մարդասիրական առաքելություններն, անկասկած, կարևոր են։ Առնվազն սա գործողությունների որոշակի համակարգում է՝ ելնելով մարդասիրական բարձր նկատառումներից։ Եվ, իհարկե, այս համատեքստում հատկապես արժեքավոր են ամերիկյան կողմի խաղաղարար մարդասիրական ջանքերը», - պատասխանել է նա։
Առաջնագծում գտնվող Օլեշկի քաղաքում «լռության ռեժիմն» ուժի մեջ է մտել հոկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով 4։00-ին։ Ռուսաստանցի և ուկրաինացի զինվորականները պայմանավորվել են դադարեցնել կրակը, որպեսզի հումանիտար օգնություն տեղափոխող շարասյուները կարողանան մուտք գործել առաջնագծում գտնվող քաղաք, իսկ Օլեշկիից հեռանալ ցանկացողները կարողանան անվտանգ լքել այն։ Տեղային հրադարարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ։