«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

6 րոպեի ընթերցում

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ստեղծվում է մշակութային նոր հարթակ. օպերային թատրոնի շենքի մի հատվածը, որում 1990-ականներից երկար տարիներ գործել է «Օպերա ակումբ»-ը, վերջնականապես վերադարձվել է թատրոնին։ Հենց այդ տարածքում այսուհետ կգործի թատրոնի փոքր համերգասրահը։ Նորաբաց համերգասրահը նախատեսված է կամերային համերգների, մանկական օպերային և բալետային ներկայացումների, ինչպես նաև մշակութային բազմաբնույթ միջոցառումների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգասրահի խորհրդանշական բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի օրը։

Հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն ընդգծեց՝ տարածքը թատրոնի սեփականությունն է, և այն մանուկների համար թատերաբեմ է դառնալու։ «Ցանկանում ենք համերգներով, օպերային, բալետային ներկայացումներով երեխաներին սովորեցնել թատրոն հաճախելու արվեստը՝ տոմս գնելուց մինչև ներկայացում դիտելը։ Միջոցառումների շարքը, որը իրականացվելու է, կարող է նպաստել հաջորդ սերնդի դաստիարակությանն ու ընդհանրապես թատերական կյանքը տասը, քսան, երեսուն տարի հետո ապահովելուն»,-ասաց Դուրգարյանը։

Տնօրենը տեղեկացրեց, որ համերգային փոքր դահլիճի բացումը կազդարարվի նոյեմբերի 1-ին դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի համերգով։ Նա կկատարի Սպենդիարյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Դեկտեմբերին բեմահարթակում ժամը 12։00-ին, 14։00-ին լինելու են մանուկների համար ամանորյա ներկայացումներ։

Տարածքում դեռ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, սակայն թատրոնի ղեկավարությունը որոշել է այդ ընթացքում էլ համերգներ և ներկայացումներ իրականացնել, իսկ փետրվարին հարթակն արդեն լիարժեք կլինի և նոր, գեղեցիկ, հարմարավետ աթոռներ կունենա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը զավեշտալի համարեց այն արտահայտությունը, որը երկար տարիներ լսել են մշակույթի ոլորտի ներկայացուցիչները. «Երեկ գիշեր օպերայում լավ խմեցինք, լավ ժամանակ անցկացրինք»։ «Այս պարագայում խոսքը ոչ թե օպերային թատրոնի մասին էր, այլ՝ ակումբի, որն անհամատեղելի էր այս կարևորագույն մշակութային կառույցի հետ։ Ժամանցի կենտրոնները շատ կարևոր են, բայց դրանք պետք է ունենան իրենց տեղը, նշանակությունն ու չգերագնահատվեն այնքան, որքան էին։ Այսօր այն կարևորագույն օրն է, երբ պետության ջանքերով 1050 քմ տարածքը վերադարձվում է օպերային թատրոնին»,-ասաց փոխնախարարն ու հավելեց՝ լավ և վատ ղեկավարները տարբերվում են իրարից. երբ վատ ղեկավարն իր տնօրինման տակ տարածք է ունենում, մտածում է, թե ում կարող է այն հանձնել՝ իր կյանքը թեթևացնելու համար, իսկ լավ ղեկավարն արագ ճանապարհներ է գտնում այդ տարածքում իր ստեղծագործական գաղափարներն իրականացնելու համար։

Վիրաբյանը շեշտեց, որ օպերային թատրոնն օգտագործում է շենքի բոլոր հնարավոր հատվածները ստեղծագործական նախագծերի համար։ Ամռանը թատրոնի տանիքում են բացօթյա համերգային ծրագրեր կազմակերպվում։ Փոխնախարարը վստահ է՝ նոր տարածքը շատ հետաքրքիր այլընտրանքային մշակութային հարթակ կլինի։ «Երբ խոսում ենք թատրոնի  ծրագրերի մասին, հասկանում ենք, որ 24 ժամը քիչ է օպերային թատրոնի համար, քանի որ կան օրեր, երբ ժամը 13։00-ին ներկայացում կա, 18։00-ին՝ համերգ, ժամը 21։00-ին՝ որևէ միջոցառում։ Օպերան իր ամբողջ ծավալով, էնտուզիազմով ու ծրագրերով շարունակում է լինել մեր մշակութային կյանքի ամենաբաբախող կառույցը»,-նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ նոր համերգասրահում ելույթ կունենան նաև երիտասարդ ստեղծագործողներ, ինքնազբաղ արտիստներ։

Տիգրան Վիրաբյանը շեշտեց՝ այն, ինչ տեսնում ենք, դահլիճի նախնական տարբերակն է։ Կարեն Դուրգարյանի հետ քննարկում են տարբեր ձևաչափեր՝ դահլիճը  ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ, տեխնիկական միջոցներով համերգասրահի վերածելու համար։  Դուրգարյանն էլ տեղեկացրեց, որ  տարածքում նաև փորձասենյակներ կլինեն և թանգարան կբացվի։

«Թատրոնն ունի պատմություն։ Այստեղ աշխատել են մեծանուն արվեստագետներ, որոնք զարդարել են մեր ներկայացումները։ Թանգարան չլինելու պատճառով հնարավոր է՝ նոր սերունդը չգիտի այդ պատմությունը։ Թանգարանի միջոցով փորձելու ենք երիտասարդներին, քաղաքի հյուրերին ցույց տալ, թե ինչպես է թատրոնը սկսել իր  ճանապարհը, ինչ ներկայացումներ է ունեցել, ինչ մեծանուն արտիստներ են աշխատել օպերային թատրոնում»,-հայտնեց Դուրգարյանն ու ասաց, որ խորհրդային տարիներին այդ տարածքում փոքր սրճարան է գործել, թանգարան է եղել։

Դուրգարյանը հիշեցրեց՝ խորհրդային տարիներին Երևանում եղել է Մանկական օպերային թատրոն, որը գործել է մինչև 1990-ականների սկիզբը։ Իրենք փորձելու են այդ թատրոնի տրամաբանությամբ օպերային թատրոնի նոր բեմահարթակում հիմնել մանկական թատրոն։ Արդեն ունեն  մանկական երգչախումբ, և մանուկները կխաղան մանուկների համար։

Նախկին «Օպերա ակումբի» տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը

Տիգրան Վիրաբյան

Տիգրան Վիրաբյան, Կարեն Դուրգարյան

Կարեն Դուրգարյան

Նախկին «Օպերա ակումբի» տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը

Տիգրան Վիրաբյան, Կարեն Դուրգարյան

Նախկին «Օպերա ակումբի» տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը

Նախկին «Օպերա ակումբի» տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը

Նախկին «Օպերա ակումբի» տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը

Նախկին «Օպերա ակումբի» տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը

Հայերեն English

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս