ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվող Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) ղեկավարների հանդիպմանը և էներգետիկ կարգավորման աշխատաժողովին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրությունից, միջոցառումների ընթացքում քննարկվում են էլեկտրաէներգետիկ համակարգերի զարգացմանը, ինչպես նաև արհեստական բանականության տվյալների կենտրոնների թվի աճով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելացմանը վերաբերող հարցեր։
Օրակարգում են նաև էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման գործում միջուկային էներգիայի դերին և էներգետիկ կարգավորման ոլորտի արդի մարտահրավերներին առնչվող թեմաները։
Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկեր երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային համագործակցության զարգացման և կարգավորման լավագույն փորձի փոխանակման հարցերը քննարկելու նպատակով։