ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը
2 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարները, ինչպես նաև հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախարարության գործունեության ընթացիկ հարցերը, իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները։
Անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերին։ Նախարարը կարևորել է անհրաժեշտ աշխատանքների ժամանակին իրականացումը՝ ընդգծելով ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի անխափան կազմակերպման համար պատշաճ պայմանների ապահովման անհրաժեշտությունը։
Քննարկվել են նաև կապիտալ ծախսերի կատարողականին առնչվող հարցեր։ Ժաննա Անդրեասյանը հանձնարարել է հետևողական լինել իրականացվող աշխատանքների ընթացքի և սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով մշտադիտարկման այցեր։
Նախարարն անդրադարձել է նաև շրջանառության մեջ գտնվող իրավական ակտերի նախագծերի ընթացքին, կարևորվել է մինչև տարեվերջ նախատեսվող բյուջետային վերաբաշխումների և համապատասխան որոշումների նախագծերի սեղմ ժամկետներում շրջանառության ապահովումը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել բուհերի ընդունելության քննությունների ցանկի հաստատման որոշման նախագծին:
Անդրադարձ է կատարվել նաև կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպչական հարցերին. նախարարը կարևորել է գործընթացի պատշաճ կազմակերպումը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը, դրանց վերաբերյալ պատշաճ իրազեկման ապահովմանը և առաջիկա աշխատանքների համակարգմանը։