Մեր երեխաները կդառնան առաջին մարդիկ, որոնք կապրեն առանց կորալային խութերի մոլորակի վրա. հարցազրույց կենսաբան Քեթրին Ռիչարդսոնի հետ
18 րոպեի ընթերցում
Օվկիանոսի թթվայնության մակարդակն օրեցօր ավելի է բարձրանում։ Մթնոլորտի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ՝ վտանգելով մոլորակի կենսաբազմազանությունը։ Մարդկությունը սկսել է մեկը մյուսի հետևից հատել Երկրի վրա կյանքի կայունության պահպանման կարևոր սահմանագծերը։
Ծովային կենսաբան, Կոպենհագենի համալսարանի կենսաբանական օվկիանոսագիտության պրոֆեսոր Քեթրին Ռիչարդսոնի համար անհանգստանալու ազդանշաններն ակնհայտ են։ Նա երկար տարիներ հետազոտություններ է իրականացրել ծովային էկոհամակարգերի, կենսաբազմազանության և ածխածնի համաշխարհային շրջապտույտում օվկիանոսի դերի վերաբերյալ։ Ռիչարդսոնը նաև այն գիտնականների խմբում է, ովքեր մշակել են մոլորակային սահմանագծերի հայեցակարգը։ Մասնավորապես, հայեցակարգն առանձնացնում է ինը կարևոր գործընթաց, որոնցից կախված է Երկրի վրա կյանքի կայունությունը։
Այդ ինը սահմանագծերն են կլիմայի փոփոխությունը, կենսոլորտի ամբողջականությունը՝ ներառյալ կենսաբազմազանությունն ու էկոհամակարգերի առողջությունը, հողօգտագործման փոփոխությունը, քաղցրահամ ջրերի փոփոխությունները, կենսաերկրաքիմիական հոսքերը՝ ներառյալ ազոտի և ֆոսֆորի շրջապտույտները, օվկիանոսի թթվայնացումը, մթնոլորտային աերոզոլների կուտակումը, ստրատոսֆերային օզոնային շերտի քայքայումը և նոր նյութերի տարածմամբ Երկրի աղտոտումը՝ ներառյալ մարդու ստեղծած քիմիական նյութերը, պլաստիկն ու այլ աղտոտիչները։
«Ինձ վախեցնում է ոչ թե այն, որ մենք արդեն անցել ենք այդ սահմանագծերը, այլ այն, որ շարունակում ենք ավելի ու ավելի հեռանալ դրանցից»,- STARMUS VIII փառատոնի շրջանակում «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նշում է Քեթրին Ռիչարդսոնը։
Վերջին հետազոտությունների համաձայն՝ մարդկությունն արդեն հատել է վերոնշյալ ինը սահմանագծերից յոթը։
Ռիչարդսոնը նկատում է, որ սա, իհարկե, չի նշանակում, որ մոլորակն անխուսափելիորեն աղետալի վիճակում է հայտնվելու։ Սակայն սահմանագծերն այդքան հատելը մեծացնում է վտանգը, որ ապակայունանալու են այն համակարգերը, որոնցից կախված է կյանքը Երկրի վրա։ Ավելի պատկերավոր հասկանալու համար կենսաբանը ստեղծված իրավիճակը համեմատում է արյան բարձր ճնշման հետ․ 120/80 ցուցանիշը գերազանցելը դեռ չի նշանակում, որ մարդը սրտի կաթված կամ ինսուլտ կունենա, բայց դա ահազանգ է, որ ռիսկը մեծանում է։
«Մենք հիմա իսկապես շատ վտանգավոր կետի ենք հասել»,- նշում է նա՝ նկատելով, որ որոշակի ցուցանիշներ կայունանալու փոխարեն վատթարանում են՝ հասնելով վտանգավոր մակարդակների։
Գիտնականները մոլորակային սահմանագծերի գնահատումներ են իրականացրել 2009, 2015 և 2023 թվականներին։ Ռիչարդսոնի խոսքով՝ 2015 և 2023 թվականների գնահատականների համեմատությունը ցույց է տվել, որ արդեն իսկ հատված սահմանները հետագայում էլ ավելի են խախտվել։
Այդուհանդերձ, բնապահպանական վնասը հնարավոր է վերականգնել։ Օրինակ, մարդկությունն անցել էր օզոնային շերտի քայքայման հետ կապված սահմանագիծը, սակայն միջազգային համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ օզոնային շերտը վերադարձնել ավելի անվտանգ վիճակի։ Ի դեպ, սա օդի աղտոտվածության ցուցանիշի հետ միասին այն երկու սահմանագծերն են, որոնք այսօրվա դրությամբ դեռ հատված չեն։
Երկրի վրա կլիմայական գլխավոր կարգավորիչը՝ օվկիանոսը, վտանգի տակ է
Օվկիանոսը թերևս ամենաակնառու վայրերից մեկն է, որտեղ կարելի է լավագույնս տեսնել, թե ինչ է կատարվում մեր մոլորակի հետ։
Մարդիկ սովորաբար կլիմայի փոփոխությունը գնահատում են իրենց միջավայրում օդի ջերմաստիճանի փոփոխությամբ։ Սակայն գլոբալ տաքացման հետևանքով Երկրի մակերևույթի մերձակայքում կուտակվող ավելորդ ջերմության ավելի քան 90 տոկոսը կլանվում է օվկիանոսի կողմից։
«Մենք բոլորս անհանգստանում ենք օդի ջերմաստիճանի համար, որովհետև ապրում ենք օդը շնչելով։ Բայց այդ ջերմության ավելի քան 90 տոկոսը օվկիանոսում է։ Հետևաբար, եթե իսկապես ուզում եք տեսնել կլիմայի փոփոխությունը, նայեք օվկիանոսին»,- ասում է Ռիչարդսոնը։
Օվկիանոսը պարզապես ջրի հսկայական ավազան չէ, որը կլանում է այն ամենն, ինչ մարդկությունն արտանետում է։ Այն մոլորակի կլիմայի կարգավորման առանցքային օղակներից է, որտեղ բարդ փոխազդեցության մեջ են մտնում կենսաբանական, ֆիզիկական և քիմիական գործընթացները։
Ռիչարդսոնը բացատրում է, որ ածխաթթու գազի տեղաշարժը օվկիանոսի և մթնոլորտի միջև կարևոր դեր է ունեցել Երկրի կլիմայի պատմության մեջ, այդ թվում՝ սառցե դարաշրջանների և ավելի տաք ժամանակաշրջանների հերթագայության գործում։
Սակայն այսօր օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը փոխում է ջրային հոսանքները և լրջագույն հարցեր առաջացնում ինչպես սառույցների հալման, այնպես էլ ջրի այն շրջանառության վերաբերյալ, որի միջոցով Գոլֆստրիմի տաք հոսանքները հասնում են հյուսիսարևմտյան Եվրոպա։ Ռիչարդսոնը նկատում է, որ օրինակ Իսլանդիան այդ հոսանքի հնարավոր փոփոխությունը ազգային անվտանգության սպառնալիք է հայտարարել։
Սակայն օվկիանոսի տաքացումը խնդրի միայն մի կողմն է։ Երբ օվկիանոսը մթնոլորտից կլանում է ածխաթթու գազը, փոխվում է դրա քիմիական կազմը. ջուրն ավելի թթվային է դառնում։ Այս գործընթացը, որը հայտնի է որպես օվկիանոսի թթվայնացում, վտանգում է այն ծովային օրգանիզմների կյանքը, որոնք իրենց խեցիներն ու այլ կառուցվածքները ձևավորելու համար օգտագործում են կալցիումի կարբոնատ։
Ռիչարդսոնը նշում է, որ այդ օրգանիզմների թվում են փափկամարմինները, լոբստերները, կորալները և միկրոսկոպիկ պլանկտոնային օրգանիզմները, օրինակ՝ կոկոլիթոֆորները։ Այս մանր օրգանիզմներից մի քանիսն օգնում են ածխածինը օվկիանոսի մակերևույթից տեղափոխել դեպի խորքերը։ Երկրաբանական երկար ժամանակահատվածների ընթացքում ծովային օրգանիզմների արտադրած կալցիումի կարբոնատի կուտակումները նպաստել են այնպիսի գոյացությունների ձևավորմանը, ինչպիսիք են Անգլիայի Դովերի հայտնի սպիտակ ժայռերը։
Այլ կերպ ասած՝ օվկիանոսի քիմիական կազմի փոփոխությունները կարող են ազդել ոչ միայն առանձին տեսակների, այլև ամբողջ էկոհամակարգերի ու մոլորակի ձևավորման գործում կարևոր դեր ունեցող գործընթացների վրա։
Հետևանքներից, բնականաբար, անմասն չեն մնա նաև մարդիկ. Ռիչարդսոնի խոսքով՝ օվկիանոսի թթվայնացումը կարող է փոխել ծովային օրգանիզմների սննդային բաղադրությունը, այդ թվում՝ ճարպաթթուների պարունակությունը, ինչը կարող է լրացուցիչ ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա։
Առանձնահատուկ մտահոգության առարկա է արևադարձային կորալային խութերի ապագան։
«Կորալային խութերը ծովային ամենաբազմազան, կարևոր և արդյունավետ էկոհամակարգերից են, շատ մարդիկ են սնուցման հարցում կախված կորալային խութերի հետ անմիջականորեն կապված կենդանիներից։ Հետևաբար կորալների կորուստն այն հարցն է, որը պետք է մտահոգի բոլորիս։ Գիտնականների մեծ մասը կարծում է, որ մենք արդեն հատել ենք անդառնալիության կետը, որից հետո հնարավոր չէ փրկել արևադարձային կորալային խութերը։ Ես և դուք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդկության պատմության մեջ առաջին անգամ օվկիանոսն այսքան թթվային է։ Իսկ դա նշանակում է, որ մեր երեխաները կդանան առաջին մարդիկ, որոնք կապրեն առանց կորալային խութերի մոլորակի վրա»,- ասում է Ռիչարդսոնը։
Նրա նախազգուշացումը չի ենթադրում, որ օվկիանոսի թթվայնացումն այնքան է բարձրացել, որ մարդիկ այլևս չեն կարող լողալ այնտեղ։ Ռիչարդսոնը կատակում է, որ օվկիանոսի ջրի pH-ը` ջրածնային ցուցանիշը դեռևս ավելի բարձր է, քան, օրինակ, մեր կողմից օգտագործվող հասարակ շամպունինը։ Այստեղ խնդիրն օվկիանոսի քիմիական կազմի փոփոխության արագությունն է։
«Մենք չենք գիտակցում, թե ինչ փորձության ենք այն ենթարկում։ Կյանքն է, որ այս մոլորակը բացառիկ է դարձնում։ Երկրի վրա կյանքը գոյություն ունի արդեն շուրջ 3,5 միլիարդ տարի։ Այն զարգացել է մոլորակի ֆիզիկական և քիմիական պայմաններին զուգահեռ։ Եվ երբ մենք ամեն բան փոխում ենք նման արագությամբ, կյանքի տարբեր ձևեր չեն կարողանում հասցնել դրա հետևից, ադապտացվել այդ փոփոխություններին»,- ասում է կենսաբանը։
Լինելով բնության մի մասը, այլ ոչ թե դրանից առավել
Եթե բնապահպանական ճգնաժամը զարգանում է տասնամյակների ընթացքում, կարո՞ղ են արդյոք կառավարությունները, որոնց առաջնահերթությունները հաճախ փոխվում են հերթական ընտրություններից հետո, բավարար կերպով արձագանքել դրանց։ Անդրադառնալով այս հարցին՝ Ռիչարդսոնը կարծիք է հայտնում, որ դա հնարավոր է, սակայն նախ անհրաժեշտ է արմատապես փոխել պատկերացումն այն մասին, թե որն է մարդու տեղը բնության մեջ։
«Մենք երկար տարիներ գործել ենք այն համոզմամբ, թե ինչ-որ առումով բնությունից առավել ենք, թե կարող ենք ամեն բան ավելի լավ անել, քան հենց ինքը՝ բնությունը»,- ասում է նա։
Ռիչարդսոնը թերհավատորեն է մոտենում այն կարծիքին, որ մարդիկ կարող են պարզապես տեխնոլոգիական լուծումներով հաղթահարել բնապահպանական խնդիրները՝ առանց լիարժեք հասկանալու այն համակարգերը, որոնք փորձում են փոխել։ Օրինակ՝ օվկիանոսի քիմիական կազմը ձևավորվել է շատ երկար ժամանակի ընթացքում, ու ծովային կյանքը վաղուց արդեն հարմարվել է այդ պայմաններին։ Նման համակարգերը փոխելու մարդու փորձերն իրենք էլ կարող են ռիսկեր առաջացնել։
«Կարծում եմ՝ մենք պետք է ավելի համեստ լինենք և գիտակցենք, որ բնության մի մասն ենք ու պետք է սովորենք ապրել այդ համակարգի ներսում... Ամբողջ մոլորակը պետք է դիտարկենք որպես մեկ էկոհամակարգ։ Մենք դրսից միայն էներգիա ենք ստանում, իսկ մնացած ամեն բան, ինչ մեզ անհրաժեշտ է, արդեն կա այս մոլորակի վրա»,- նշում է Ռիչարդսոնը։
Նա բնության հետ փոխհարաբերությունները դրականորեն փոխելու հարցում կարևորում է բիզնեսի դերը, քանի որ կարծում է, որ մասնավոր ընկերությունները քաղաքական գործիչներից ավելի շատ կարող են շահագրգռված լինել, քանի որ հաճախ պլանավորումն անում են առաջիկա տասնամյակների համար։ Ռիչարդսոնը նկատում է, որ բիզնեսի որոշ ներկայացուցիչներ ավելի ու ավելի են գիտակցում, որ կլիմայի փոփոխությունը, էկոհամակարգերի խաթարումը, կենսաբազմազանության կորուստը և ռեսուրսների հասանելիությունը երկարաժամկետ ռիսկեր են տնտեսական զարգացման համար։
«Փոխվում է ընկալումը, որ իրական արժեքը ոչ թե փողն է, այլ ռեսուրսները։ Փողը միշտ էլ եղել է Երկրի ռեսուրսներին ածանցյալ միջոց»,- ասում է Ռիչարդսոնը՝ ընդգծելով, որ այսուհետ չպետք է սահմանափակվել միայն համոզելով խոշոր ընկերություններին ստանձնել ավելի մեծ բնապահպանական պատասխանատվություն։ Անհրաժեշտ է հասնել գիտակցման, որ տնտեսությունն ինքնին կախված է բնական համակարգերի բնականոն գործունեությունից։
COP17-ը Հայաստանում կամ ինչու են կարևոր կենսաբազմազանության համաժողովները
Հայաստանն այս օրերին հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որը մի հարկի տակ է հավաքել տարբեր երկրների կառավարություններին և այլ շահագրգիռ կողմերի՝ բնության պահպանության հարցերը քննարկելու համար։ Սակայն նման հանդիպումները հաճախ քննադատության են արժանանում այն պատճառով, որ մարդիկ պիտակավորում են դրանք իբրև ձևական հավաքներ, որոնք չեն հանգեցնում անմիջական ու վճռական փոփոխությունների։ Ռիչարդսոնը, սակայն, այլ կարծիքի է։
«Ես առավել քան կարծում եմ, որ դրանք օգնում են։ Անկասկած օգնում են։ Մենք դրանց կարիքը վստահաբար ունենք»,- ասում է նա՝ նշելով, որ միջազգային համաձայնագրերը, բնականաբար, չեն կարող մեկ գիշերում կարգավորել կլիմայի կամ կենսաբազմազանության ճգնաժամերը։ Սակայն դրանք թույլ են տալիս բնապահպանական խնդիրները պահել համաշխարհային օրակարգում, սահմանել ընդհանուր պարտավորություններ և ճնշում գործադրել երկրների վրա՝ գործողություններ ձեռնարկելու համար։
«Պատկերացրեք՝ ինչ վիճակում կլինեինք կլիմայի հարցում, եթե Փարիզի համաձայնագիրը չլիներ։ Այս հանդիպումները չեն լուծելու խնդիրը, բայց եթե չունենայինք դրանք, իրավիճակը շատ ավելի վատ կլիներ։ Դրանց շնորհիվ աշխարհը ուշադրություն է դարձնում նման հարցերին, և մենք ունենք համաշխարհային հարթակ, որտեղ կարող ենք միասին քննարկել դրանք»,- ասում է Ռիչարդսոնը։
Նրա համոզմամբ՝ ստորագրվող համաձայնագրերը հաճախ արտացոլում են այն աստիճանական փոփոխությունները, որոնք ցույց են տալիս մարդու կողմից բնության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։ Օրինակ, Ռիչարդսոնը կարևոր քայլ է համարում ցամաքային և ծովային տարածքների 30 տոկոսը պահպանելու վերաբերյալ ՄԱԿ-ի համաձայնագիրը, թեև նշում է նաև, որ այդ պարտավորությունները գործնականում արդյունավետ իրականացնելու ճանապարհին դեռ բազմաթիվ դժվարություններ կան։
Նա չի պնդում, թե արձանագրված առաջընթացը բավարար է կամ խնդիրներն արդեն մոտ են լուծմանը։ Փոխարենը՝ միջազգային համագործակցությունը դիտարկում է որպես երկարատև գործընթացի մաս, որի ընթացքում կառավարություններն ու հասարակություններն աստիճանաբար փոխում են իրենց պատկերացումները պատասխանատվության մասին։
«Ոչ բոլորն են այդ ճանապարհին նույն տեղում, և դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Բայց ես առաջընթաց տեսնում եմ»,- ասում է կենսաբանը։
Մոլորակի ապագան կախված է յուրաքանչյուրիցս
Տարիներ շարունակ ուսումնասիրելով մոլորակի առջև ծառացած վտանգները՝ Ռիչարդսոնը շարունակում է մտահոգվել կատարվող փոփոխությունների արագությամբ։ Միաժամանակ նա նկատում է, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ուշադրություն դարձնում այս խնդիրներին։
Որպես դրա ապացույց՝ նա մատնանշում է մոլորակային սահմանագծերի վերաբերյալ գիտական հետազոտությունների նկատմամբ աճող հետաքրքրությունը. 2015 թվականին հրապարակված հոդվածը ութ տարվա ընթացքում ներբեռնվել էր 274 հազար անգամ, իսկ 2023 թվականի հոդվածը երեք տարում ներբեռնվել էր 840 հազար անգամ։
Ռիչարդսոնի համար այս թվերը վկայությունն են նրա, որ գիտական հայեցակարգը հասնում է շատ ավելի լայն լսարանի։ Հաջորդ խնդիրը մարդկանց շրջանում իրազեկվածությունը գործնական քայլերի վերածելն է։ «Մենք անընդհատ խոսում ենք լուծումներ գտնելու մասին։ Բայց Երկիրը բարդ, ադապտացվող համակարգ է՝ ճիշտ այնպես, ինչպես մարդու մարմինը, ընտանիքը կամ մեր ունեցած սոցիալ-տնտեսական համակարգը։ Եվ եթե ընտանիք դիսֆունկցիոնալ է, դու չես կարող ամեն բան միանգամից կարգավորել։ Փոխարենը քեզ համար գծում ես քայլերի հաջորդականությունը ու գնում դրա ուղղությամբ»,- ասում է նա։
Գիտնականի համոզմամբ՝ մարդիկ չպետք է սպասեն, մինչև որևէ մեկը գտնի բոլոր առկա հարցերի վերջնական պատասխանը։
«Եթե ուզում ենք՝ որպես տեսակ շարունակել ապրել այս մոլորակի վրա, ապա այս պահից սկսած և ընդմիշտ պետք է կառավարենք մոլորակի հետ մեր հարաբերությունները։ Ուստի ձեռքերս ծալած նստելու և մեկ ուրիշից խնդրի ցանկալի լուծումն ակնկալելու փոխարեն պետք է բոլորս հիմա փոքր քայլեր անենք այդ ուղղությամբ»,- ասում է նա։
Ռիչարդսոնը 72 տարեկան է և այսօր էլ շարունակում է շաբաթական աշխատել շուրջ 60 ժամ։ Հարցին, թե ինչն է իրեն ուժ տալիս շարունակելու աշխատանքը՝ նա մատնացույց է անում իր ընտանիքը. «Ինձ պայքարելու ուժ է տալիս այն, որ ես երեխաներ և թոռներ ունեմ։ Ես պարտավոր եմ շարունակել»։
Մոլորակային սահմանագծերի հայեցակարգը հնարավորություն է տալիս հասկանալու, թե այսօր որքան լուրջ են մեր առջև ծառացած վտանգները։ Արդյոք այդ գիտելիքը կփոխի Երկրի հետ մարդկության հարաբերությունների ընթացքը, կախված կլինի նրանից, թե մարդիկ, բիզնեսն ու կառավարություններն ինչ քայլեր կձեռնարկեն դրանց ուղղությամբ։
***
«Արմենպրես»-ի կողմից STARMUS փառատոնի լուսաբանումն իրականացվում է Team Telecom Armenia-ի աջակցությամբ։