Մասնագիտական գիտելիքները պետք է լինեն բնության պահպանության ուղղությամբ իրականացվող քայլերի հիմքում. Ժաննա Անդրեասյան

8 րոպեի ընթերցում

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 24-ին «Մերիդյան» կենտրոնում մեկնարկեց Կենսաբազմազանության, գիտության և քաղաքականության 7-րդ ֆորումը։ Համաժողովին աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած բանախոսները մասնագիտական քննարկումներ կանցկացնեն կենսաբազմազանության գնահատման գործում հեռազննման տեխնոլոգիաների կիրառման, վտանգված բուսատեսակների, գիտական հաստատությունների հետազոտական աշխատանքների և այլ հարցերի շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆորումի բացմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, որի ելույթով էլ ազդարարվեց համաժողովի մեկնարկը։

Անդրեասյանի խոսքով՝ բնությունը պահպանելու համար նախևառաջ պետք է ճանաչել և ուսումնասիրել այն, իսկ մասնագիտական գիտելիքները պետք է լինեն բնության պահպանության ուղղությամբ իրականացվող քայլերի, ընդունվող որոշումների հիմքում։

«Մեր երկրում գիտության և հետազոտությունների ոլորտի բոլոր բարեփոխումները հիմնված են այս շատ կարևոր օրակարգի վրա։ Նախորդ տարի ընդունել ենք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենք, որը նոր հիմք է ապահովում բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման, ինչպես նաև այս երկու ոլորտների ինտեգրման համար։ Այս տարի ընդունել ենք գիտության զարգացման նոր ռազմավարություն,  ըստ որի՝ ունենք 12 առաջնահերթ ուղղություն։ Այդ ուղղություններից են շրջակա միջավայրի, գյուղատնտեսական, Երկրին վերաբերող ուսումնասիրությունները, որոնք կարող են շատ կարևոր հիմք դառնալ այդ ոլորտներում մեր ունեցած հարցերի՝ մարտահրավերների լուծման համար»,-ասաց նախարարը։

Նա հավաստիացրեց՝ դրանք միայն թղթի վրա գրված բառեր չեն․ Հայաստանի կառավարությունը հսկայական ջանքեր է գործադրում ոլորտում ներդրումներ ապահովելու և հետազոտողների համար այդ շատ կարևոր ուղղություններով աշխատելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։ 

Անդրեասյանը հիշեցրեց, որ նախորդ տարի իրենք գիտության և հետազոտությունների համար տրամադրել են ավելի քան 40 միլիարդ դրամ, ինչը մոտ երեք անգամ ավելի է, քան յոթ տարի առաջ։

«Այսպիսով, ունենք հետազոտողների աշխատավարձերի աստիճանական աճ՝ մինչև 300 տոկոսով։ Դա երիտասարդ հետազոտողներին հնարավորություն է տալիս միանալ ոլորտին և իրականացնել նոր նախագծեր, նոր հետազոտություններ, որոնք նոր հնարավորություններ կապահովեն նաև քաղաքականության մշակման և որոշումների ընդունման գործում»,-նշեց Անդրեասյանն ու ընդգծեց՝ գիտության զարգացումը խթանելու գործում շատ կարևոր է նաև հետազոտությունների համար ժամանակակից սարքավորումների տրամադրումը։

Նա շեշտեց՝ վերջին հինգ տարվա ընթացքում տրամադրել են 20 միլիարդ դրամ և ոլորտում իրականացրել են ավելի քան 20 դրամաշնորհային ծրագիր, որոնք հնարավորություններ են բացում ոչ միայն հայաստանյան, այլև օտար հետազոտողների համար։

«Մեզ համար իսկապես կարևոր է հայաստանյան հետազոտողներին կապել արտերկրում աշխատող նրանց գործընկերների հետ, և այս առումով ունենք հատուկ դրամաշնորհային նախագծեր։ Վերջին տարիներին ունենք տարբեր երկրներից ավելի քան 40 հետազոտողներ, որոնք գալիս են Հայաստան՝ մեր հետազոտողների հետ այս համատեղ հետազոտություններն իրականացնելու համար։ Եվ ևս 60 հետազոտող հեռավար աշխատում է մեր հետազոտողների հետ՝ համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելով»,-ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության իրականացրած մեկ այլ շատ կարևոր նախագիծ է Երևանի պետական համալսարանում արհեստական բանականության կենտրոնի ստեղծումը, որը նոր հնարավորություններ և նոր կարողություններ է ապահովում, որոնք կարող են ծառայել նաև շրջակա միջավայրի ուսումնասիրություններին և կլիմայի փոփոխությանն առնչվող գործընթացների մոդելավորմանը։

«Խոսելով հատկապես կենսաբազմազանության կարևոր օրակարգի մասին՝ կցանկանայի նշել, որ այս թեմատիկ ուսումնասիրություններն իրենց դերն ու տեղն ունեն մեր ոլորտի ընդհանուր դրամաշնորհային համակարգում։ Մենք ունենք տարբեր նախագծեր Եվրամիության, «Եվրոպական կանաչ կոնվենցիայի» շրջանակում, ինչպես նաև աջակցություն ենք տրամադրել համատեղ հետազոտություններին, օրինակ՝ Հայաստանի և Գերմանիայի համատեղ հետազոտություններին։ Շրջակա միջավայրի ուսումնասիրություններն այդ նախագծերի հատուկ բաղադրիչն են։ Մենք նաև մեծ կարևորություն ենք տալիս այս բոլոր սկզբունքները կրթության ոլորտում ներառելուն։ Օրինակ՝ T-Green Erasmus+ նախագծի շրջանակում մշակում ենք մագիստրոսական ծրագրեր, որոնք կարող են նպաստել կանաչ տնտեսության և տեխնոլոգիաների զարգացմանը։ Մեզ համար մեկ այլ կարևոր գործընկերություն է NASA-ի աջակցությամբ իրականացվող GLOBE միջազգային ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակներում դպրոցական երեխաները հնարավորություն ունեն ուսման վաղ տարիներից ներգրավվելու նման ուսումնասիրություններում»,-ասաց Անդրեասյանը։

Նախարարը կարծում է՝ իսկապես կարևոր է հասկանալ, թե ինչպես կարելի է այդ ձեռքբերումները կապել գործնական քաղաքականությունների հետ, և, օրինակ, այնպիսի միջոցները, որոնցից է էկոհամակարգերի գլոբալ ատլասը, կարող  իսկապես կարևոր ուղղություն լինել։ Նախարարությունը պատրաստակամ է աջակցել դրան, դրա մաս կազմել և երկրի գիտական ներուժն ու տվյալներն օգտագործել այդ ընդհանուր օրակարգին աջակցելու համար։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կառավարության ծրագրի շատ կարևոր մասն է «Ակադեմիական քաղաք» նախագիծը։ «Սա մեծ նախագիծ է, և այն պահանջում է նոր միջավայր ունենալ մեր համալսարանների և գիտական կազմակերպությունների համար։ Ակադեմիական քաղաքը կստեղծվի որպես նոր համալսարանական համալիր, որն ամբողջությամբ հիմնված կլինի կանաչ մոտեցման վրա՝ ջրային ռեսուրսներից մինչև կենսաբազմազանություն։ Եվ սա մեր կատարած աշխատանքի իսկապես կարևոր մասն է․ ոչ միայն խոսել, այլև իրականացնել ու մեր ընթացիկ նախագծերում և քաղաքականություններում ներառել այս բոլոր մոտեցումները։ Մեզ համար իսկապես կարևոր է կենսաբազմազանության, բնությունը պահպանելու մասին խոսելիս ունենալ կրթության և հետազոտությունների համակարգ, որը ծառայում է այս օրակարգին։ Կարևոր է ունենալ հետազոտություններ, որոնք կարող են օգնել մեզ ճանաչել և գնահատել բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, ունենալ հետազոտության արդյունքներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ մեր ընդունած որոշումների համար, և ձևավորել այնպիսի վարքագիծ, որը մեր քաղաքացիներին կմղի բնության և հասարակության հանդեպ ավելի պատասխանատու լինելու»,-շեշտեց նախարարը։

 

 

 

 

 

 

Հայերեն English Русский