Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

9 րոպեի ընթերցում

Բնության վիճակի գնահատման միասնական, գիտահեն չափորոշիչների կիրառումը կարող է օգնել ընկերություններին բացահայտել բնության վրա իրենց ազդեցությունը, գնահատել բնական համակարգերից կախվածությունը, ինչպես նաև հասկանալ դրա հետ կապված ֆինանսական ռիսկերն ու բիզնես հնարավորությունները։ Այս հարցերը քննարկվել են COP-17-ի շրջանակում անցկացված ասուլիսի ընթացքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկմանը մասնակցել են Բնության դրական ապագայի նախաձեռնության (Nature Positive Initiative) համակարգող Մարկո Լամբերտինին, Բնության հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի (TNFD) գործադիր տնօրեն Թոնի Գոլդները, Բնության դրական ապագայի նախաձեռնության (Nature Positive Initiative) հաղորդակցության բաժնի ղեկավար Ջեմմա Փարքսը  և EY-ի Կլիմայի փոփոխության և կայունության ծառայությունների ավագ մենեջեր Ռոս Բարթոնը։

Բանախոսների խոսքով՝ բնության վիճակի վերաբերյալ հստակ և համադրելի տվյալների անհրաժեշտությունն աճում է՝ հաշվի առնելով կենսաբազմազանության կորուստը, անտառահատումները, աղտոտումը և ջրային ռեսուրսների վրա ճնշումները։ Այդ տվյալները կարևոր են ոչ միայն բնապահպանական հաշվետվողականության, այլև ընկերությունների ռազմավարական որոշումների, ռիսկերի կառավարման և երկարաժամկետ կայունության համար։Մարկո Լամբերտինին ներկայացրել է Բնության դրական ապագայի նախաձեռնության աշխատանքը, որի նպատակն է ձևավորել բնության վիճակի գնահատման միասնական, գիտական հիմքեր ունեցող ցուցիչներ։

Նրա խոսքով՝ բիզնեսի և ֆինանսական կառույցների համար ավելի ու ավելի կարևոր է դառնում հասկանալ ոչ միայն բնության կորստի մասշտաբները, այլև այն, թե ինչպես է այդ կորուստն ազդում տնտեսության, հասարակության և մարդու բարեկեցության վրա։ Այդ համատեքստում անհրաժեշտ է ունենալ չափման ընդհանուր մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա գնահատել փոփոխությունները, համադրել արդյունքները և պատասխանատվություն ստանձնել բնության վիճակի բարելավման համար։

Նախաձեռնության առաջարկած համակարգը ներառում է չորս հիմնական ցուցիչ՝ էկոհամակարգերի տարածվածություն, էկոհամակարգերի վիճակ, տեսակների անհետացման վտանգ և տեսակների պոպուլյացիաների վիճակ։Այս ցուցիչները հնարավորություն են տալիս գնահատել՝ արդյոք էկոհամակարգերը պահպանվում և ընդլայնվում են, թե դեգրադացվում։ Ինչպես նաև հնարավորություն են տալիս պարզել առանձին տարածքների նշանակությունը տեսակների անհետացումը կանխելու և բնական համակարգերի կարևոր գործառույթները պահպանելու համար։

Լամբերտինիի խոսքով՝ միասնական չափորոշիչների մշակման նպատակներից մեկը տարբեր շրջանակներում կիրառվող մոտեցումների համադրումն է, որպեսզի ընկերությունները կարողանան օգտվել ընդհանուր ցուցիչներից՝ տարբեր գնահատման և հաշվետվողականության նպատակներով։Նրա ներկայացմամբ՝ այդ չափորոշիչներն արդեն ընդունվել են TNFD-ի և Գիտության վրա հիմնված նպատակների ցանցի (Science Based Targets Network, SBTN) շրջանակներում, իսկ այլ կազմակերպություններ նույնպես դիտարկում են դրանց հետ համապատասխանեցման հնարավորությունը։

TNFD-ի գործադիր տնօրեն Թոնի Գոլդների խոսքով՝ բնության վիճակի գնահատման նոր ցուցիչները լրացնում են կազմակերպության կողմից մշակված գնահատման մոտեցումը՝ հնարավորություն տալով ընկերություններին ավելի հստակ հասկանալ իրենց գործունեության կապը բնության հետ։ Նա ընդգծել է, որ ընկերությունների համար կարևոր է նախ պարզել, թե որտեղ են իրենց գործունեությունն ու մատակարարման շղթաները առնչվում բնությանը, ապա գնահատել այդ տարածքների բնապահպանական վիճակը։ Այդ տվյալների հիման վրա հնարավոր է համատեքստավորել ընկերությունների ազդեցությունն ու կախվածությունը բնական համակարգերից և հասկանալ դրանցից բխող ռիսկերն ու հնարավորությունները։

Գոլդների խոսքով՝ բնության վրա ազդեցությունն ու բնական համակարգերից կախվածությունը կարելի է չափել բնության միավորներով, օրինակ, տարածքով կամ ջրի ծավալով, մինչդեռ բիզնեսի համար առաջացող ռիսկերն ու հնարավորությունները հաճախ արտահայտվում են դրամական միավորներով։ Հետևաբար՝ բնապահպանական տվյալների և ֆինանսական հետևանքների միջև կապի բացահայտումը կարևոր քայլ է ընկերությունների գործունեությունը գնահատելու համար։

«TNFD-ի մշակած LEAP մոտեցումն օգնում է կազմակերպություններին համակարգված կերպով գնահատել բնության հետ իրենց առնչությունները։ Այն ներառում է բնության հետ կապերի տեղորոշում, ազդեցությունների ու կախվածությունների գնահատում, ռիսկերի և հնարավորությունների վերլուծություն, ինչպես նաև դրանց արձագանքելու նախապատրաստում», - ընդգծել է Գոլդները։

Նրա ներկայացմամբ՝ ավելի քան 1,100 կազմակերպություն արդեն կամավոր կերպով բացահայտում է բնության հետ կապված տեղեկություններ։ Նրա գնահատմամբ՝ ներդրողների ակնկալիքները կարող են աճել հատկապես այն ոլորտներում, որտեղ էական են անտառահատումների, աղտոտման և ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրները։

EY-ի Կլիմայի փոփոխության և կայունության ծառայությունների ավագ մենեջեր Ռոս Բարթոնը ներկայացրել է ընկերության մասնակցությունը նոր չափորոշիչների մշակման և փորձարկման աշխատանքներին։

Նրա խոսքով՝ EY-ն երկու տարի աջակցել է Բնության դրական ապագայի նախաձեռնությանը՝ սկզբնական շեմային ցուցիչների սահմանումից մինչև միջազգային փորձնական ուսումնասիրություն, որին մասնակցել է 29 ընկերություն։ Աշխատանքի կարևոր մաս է եղել գիտական և տեխնիկական մոտեցումները գործնական ուղեցույցների վերածելը, որպեսզի բիզնեսը կարողանա կիրառել չափորոշիչները։

Բարթոնի խոսքով՝ այս գործիքները չպետք է դիտարկել միայն որպես հաշվետվություն ներկայացնելու միջոց։ Դրանք կարող են օգնել ընկերություններին հասկանալ՝ արդյոք այն բնական համակարգերը, որոնցից կախված է իրենց գործունեությունը, գտնվում են վատթարացման վտանգի տակ, և այդ տեղեկատվությունն օգտագործել ռազմավարական որոշումներ կայացնելիս։

Նրա գնահատմամբ՝ բնության վիճակի գնահատումը կարող է նպաստել ռիսկերի կառավարմանը, բիզնեսի դիմակայունության բարձրացմանը և երկարաժամկետ արժեքի պահպանմանը։ Ընկերությունները կարող են ավելի հիմնավորված որոշումներ ընդունել իրենց գործունեության տեղակայման, բնական համակարգերի պահպանության և վերականգնման վերաբերյալ։

Բարթոնը նաև կարևորել է մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպությունների դերը։ Դրանք կարող են խորհրդատվություն տրամադրել՝ օգնելով ընկերություններին գիտական չափորոշիչները վերածել գործնական որոշումների, ինչպես նաև ապահովել հրապարակվող տեղեկատվության հավաստիության անկախ գնահատում։

Ըստ Բարթոնի՝  ներդրողների և ֆինանսական կառույցների համար էական է վստահ լինել, որ ընկերությունների ներկայացրած տվյալներն արժանահավատ են և արտացոլում են բնության պահպանության ու վերականգնման իրական արդյունքները։

Քննարկման ընթացքում բանախոսները շեշտել են, որ բնության վիճակի վերաբերյալ համադրելի տվյալների առկայությունը կարող է նպաստել ընկերությունների, ներդրողների և ֆինանսական կառույցների որոշումների որակի բարձրացմանը։

Միասնական չափորոշիչների կիրառումը հնարավորություն է տալիս բնապահպանական փոփոխությունները կապել տնտեսական հետևանքների հետ, բացահայտել կախվածություններն ու ռիսկերը և գնահատել այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են բնական համակարգերի պահպանության ու վերականգնման միջոցով։

Այս մոտեցումը բնության վիճակի գնահատումը դիտարկում է ոչ միայն որպես հաշվետվողականության պահանջ, այլև որպես բիզնեսի երկարաժամկետ կայունության և բնության պահպանության նպատակները համադրելու գործիք։

Սարգիս Ասատրյան

Հայերեն English

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին