COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը
6 րոպեի ընթերցում
COP17-ի Կանաչ գոտում տեղի ունեցավ Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացված «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» ստեղծագործական նախաձեռնության մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ներկայացվեցին Սևանա լճի հարակից համայնքների պատանիների գեղարվեստական աշխատանքները։
Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Սևանա լճի հարակից համայնքների 13-16 տարեկան 142 դպրոցականներ մասնակցել են Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության․ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման բարելավում» ծրագրի շրջանակում կազմակերպված նախաձեռնությանը։
Երիտասարդներին ուսումնասիրել են Սևանա լճի կենսաբազմազանության և պահպանության կարևորությանը և արվեստի միջոցով արտահայտել իրենց պատկերացումները, թե ինչպիսին կցանկանային տեսնել Սևանա լիճը 2050 թվականին։
COP17-ի շրջանակում ցուցադրության համար ընտրվել է 50 նկար՝ յուրաքանչյուր համայնքից 10 աշխատանք, որոնք միջոցառման այցելուներին հնարավորություն տվեցին տեսնելու, թե ինչպես են Սևանա լճի հարակից համայնքներում ապրող դպրոցականներն ընկալում լիճն այսօր և պատկերացնում դրա ապագան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր ելույթում կարևորեց Սևանա լճի պահպանության անհրաժեշտությունը՝ ընդգծելով լճի կենսաբազմազանության, ջրային պաշարների և տեղի բնակչության կենսապահովման միջոցների պաշտպանության կարևորությունը։
Դիմելով մրցույթին մասնակցող պատանիներին՝ նա նշեց. «Ձեր նկարների և գեղարվեստական գաղափարների միջոցով դուք հիշեցնում եք մեզ, որ կենսաբազմազանության պահպանությունը միայն գիտական կամ քաղաքական խնդիր չէ։ Այն նաև մարդկային խնդիր է և ցույց է տալիս, թե ինչպիսի ապագա ենք ցանկանում կառուցել և ինչպիսի աշխարհ ենք ցանկանում թողնել մեզանից հետո։ Արվեստն առանձնահատուկ ուժ ունի։ Այն օգնում է մեզ բնությունը տեսնել ոչ միայն աչքերով, այլև զգալ սրտով։ Այն կարող է մարդկանց մղել մտածելու, զգալու և գործելու, իսկ ձեր արվեստի ձայնը բարձրաձայնում է Սևանա լճի ասելիքը՝ նրա գեղեցկության, խոցելիության և ապագայի մասին»։
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր ելույթում նույնպես արժևորեց պատանիների ձեռքբերումները և ընդգծեց բնապահպանական նախաձեռնություններում նրանց ներգրավելու և առավել կայուն ապագայի կերտման գործում մասնակցությունն ապահովելու կարևորությունը։
«Դուք ցույց տվեցիք, որ երիտասարդները ոչ միայն բնապահպանական ծրագրերի ապագա շահառուներն են, այլ նաև արդեն այսօր կարևոր դերակատարում ունեն այդ նախաձեռնությունների իրականացման գործում։ Հուսով եմ՝ դուք կշարունակեք հարցեր տալ, գաղափարներ առաջարկել և ձեր մասնակցությունն ունենալ Սևանա լճի պահպանության գործում։ Սևանա լճի ապագան կախված կլինի ոչ միայն այն պարտավորություններից, որոնք մենք հանձն ենք առնում այսօր, այլև ձեզ նման երիտասարդների նվիրումից, ստեղծագործական մտքից և առաջնորդությունից, որոնք կշարունակեն կյանքի կոչել Սևանի ապագայի տեսլականը»,- ասաց Նացվլիշվիլին։
Միջոցառումը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Սևանա լճի պահպանությունը բոլոր սերունդների համատեղ պատասխանատվությունն է։ Երիտասարդների ձայնը COP17-ում ներկայացնելով՝ նախաձեռնությունն ընդգծեց Հայաստանի բնական ժառանգության ապագային վերաբերող քննարկումներում և որոշումների կայացման գործընթացներում երիտասարդ սերնդին ներգրավելու կարևորությունը։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց կարճ տեսանյութ, որն ամփոփեց նախաձեռնության ընթացքը և ներկայացրեց ծրագրին մասնակցող դպրոցականների պատկերացումները Սևանա լճի վերաբերյալ։
Այնուհետև առավել բարձր գնահատականի արժանացած երեք աշխատանքների հեղինակները բարձրացան բեմ։ Նրանց մրցանակներ հանձնեցին Վասիլիս Մարագոսն ու Նաթիա Նացվլիշվիլին։ Առաջին մրցանակակիր դարձավ Գավառի թիվ 3 դպրոցի 13-ամյա սան Նարե Մաթոսյանը, երկրորդ մրցանակակիր դարձավ Գավառի թիվ 3 դպրոցի 13-ամյա սան Սոնա Միքայելյանը, իսկ երրորդ մրցանակակիր դարձավ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի թիվ 1 դպրոցի 13-ամյա սան Սուսաննա Խաչատրյանը։
Ծրագրի նպատակն է նպաստել Սևանա լճի էկոհամակարգի երկարաժամկետ վերականգնմանն ու կայուն կառավարմանը՝ կենսաբազմազանության պահպանության բարելավման, ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և կայուն ֆինանսավորման մոտեցումների ներդրման միջոցով։ Էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ՝ ծրագիրը նպաստում է բնապահպանական իրազեկության բարձրացմանն ու համայնքների ներգրավմանը՝ խրախուսելով տեղի բնակիչներին և երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ Սևանա լճի բնական ժառանգության պահպանության գործում։