3 րոպեի ընթերցում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը hոկտեմբերի 15-ին Ռումինիայի Բրաշով քաղաքի Sala Patria համերգասրահում ղեկավարել է Բրաշովի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգի ծրագրում ընդգրկված են եղել Բոհուսլավ Մարտինուի «Ռապսոդիա-կոնցերտը» ալտի և նվագախմբի համար՝ ճապոնացի անվանի ալտահարուհի Տոմոկո Ակասակայի մենակատարմամբ և Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը՝ «Զանգով սիմֆոնիան»։
Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան Բրաշովի ֆիլհարմոնիկի բեմ է վերադարձել 54 տարվա ընդմիջումից հետո․ վերջին անգամ ստեղծագործությունն այստեղ հնչել է 1972 թվականի հոկտեմբերին։
«Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան առանձնահատուկ կարևոր ստեղծագործություն է իմ կյանքում։ Այն հայկական սիմֆոնիկ երաժշտության ուղենշային գործերից է և հայկական կոմպոզիտորական դպրոցի նոր դարաշրջանի սկիզբը։ Այս երաժշտության յուրաքանչյուր հատվածում լսելի է հայկական ինքնությունը։ Խաչատրյանն ինձ տալիս է հսկայական ստեղծագործական տարածք՝ արտահայտելու զգացմունքներն ու մեր մշակույթի ասելիքը»,- նշում է Սերգեյ Սմբատյանը։
1943 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծված և 1944-ին վերամշակված սիմֆոնիան Խաչատրյանի ամենադրամատիկ ու արտահայտիչ ստեղծագործություններից է։ Այն ընկալվում է որպես պատերազմի ողբերգության մասին խորհրդածություն և հիշատակի յուրօրինակ ռեքվիեմ։ Հայկական մոտիվներն ընդգծվում են նաև ստեղծագործության մեջ օգտագործված «Որսկան ախպեր» հայկական ժողովրդական երգով։
Սերգեյ Սմբատյանը տարիներ շարունակ միջազգային հարթակներում ներկայացնում և հանրահռչակում է Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը։ Նրա, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի ջանքերով 2013 թվականին հիմնադրվել է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որն ամեն տարի Երևանում համախմբում է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների և նպաստում մեծանուն կոմպոզիտորի երաժշտության միջազգային տարածմանը։
Սերգեյ Սմբատյանը նաև Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավարն է, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ մրցույթի պաշտոնական նվագախումբը։ Այս հարթակները կարևոր դեր ունեն ոչ միայն Խաչատրյանի ժառանգության պահպանման ու ներկայացման, այլև երիտասարդ երաժիշտների բացահայտման և նրանց միջազգային առաջընթացին աջակցելու գործում։